ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ՝ «ՏԵԼԵԳՐԱՄ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

 

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի 22-ամյա բնակչուհին 2020թ. ապրիլից մինչեւ 2022թ. հունվարը իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 24-ամյա երիտասարդի հետ կազմակերպել եւ ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում:

Վերջիններս «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են էջեր, որոնք կառավարել են ինչպես անձամբ, այնպես էլ խմբավորման մեջ ներգրավված մի շարք անձինք:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող «Ivery Organics» անվամբ էջ, դրա միջոցով իրականացրել թմրամիջոցների ապօրինի վաճառք՝ էջում տեղադրելով թմրամիջոցների տեսակների, որակական հատկանիշների եւ դրանց ձեռք բերման պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գովազդային լուսանկարներ:

Երիտասարդ զույգի կողմից ստեղծված եւ ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ ներառվել է նաեւ «Տելեգրամ» հավելվածում «Tiin» անվամբ գրանցված անձը, ով պարտավորվել է տրամադրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց «Ivery Organics» էջի միջոցով վաճառելու նպատակով, ինչից հետո վաճառվող թմրամիջոցների մի մասը ձեռք են բերել նշված անձից:

Հանցավոր խմբավորման աշխատանքները հստակ իրականացնելու նպատակով կազմակերպիչները «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են ՄՑՈո անվամբ խումբ, որտեղ խմբավորման ղեկավարները հանդես են եկել ըՏրր եւ Rich անուններով՝ խմբում ընդգրկելով նաեւ Kali, ՁՈվÿ, Drake Carleone, PON, Ivoryoperator անվամբ էջերն ու խմբի՝ ինչպես անձը չպարզված, այնպես էլ հայտնի անդամներին, տեքստային եւ ձայնային հաղորդագրությունների միջոցով տվել են հստակ ցուցումներ աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Խմբի երեք անդամների կողմից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում վարձակալած տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 14,5 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 7,68 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկա֊նաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, իսկ հանցավոր կազմակերպության օպերատորներից մեկի անձական խուզարկությամբ հայտնաբերվել է 0,56 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող  բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց։

Բացի այդ, խմբավորման ղեկավարները, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, իրական բնույթը, իրենց պատկանող եւ իրենց կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածի Ivery Organics խանութ-հարթակի միջոցով վաճառվող թմրամիջոցը գնելու ցանկություն հայտնած անձանց առաջարկել են վճարումը կատարել Dashqoin տեսակի կրիպտոարժույթով, ինչի նպատակով վերջիններիս տրամադրել են հիմնականում մեկանգամյա օգտագործման հաշվեհամարներ, ուղղորդել նշված հաշվեհամարին գումար փոխանցելու նպատակով նամակագրության միջոցով կապ հաստատել «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող Cryptoceller Armenia, Armbitcoinbot,  ինչպես նաեւ այլ նմանատիպ հարթակների հետ, վերջիններիս ուղարկել իրենց պատվիրած թմրամիջոցի արժեքին համապատասխան ՀՀ դրամ գումարը եւ իրենց կողմից հաճախորդին տրամադրված՝ հիմնականում մեկանգամյա օգտագործման Dashqoin տեսակի կրիպտոարժույթի դրամապանակի հասցեն թմրամիջոցի համար նախատեսված գումարին համարժեք կրիպտոարժույթը դրան փոխանցելու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հանցավոր խմբի երկու կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, խմբավորման յոթ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

 

 

 

ՄԻՊ-Ը ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին եւ կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։

 

Խոսքը վերաբերում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերին, որոնցով ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների եւ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է արհեստակցական միություններին անդամակցելու, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար՝ նաեւ կրոնական կազմակերպություններին անդամակցելու, իսկ զինծառայողների համար՝ կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելք։

Դիմումով, մասնավորապես, նշվում է, որ արհեստակցական միություններին անդամակցելու արգելքը չի բխում նշված ծառայության տեսակների բնույթից եւ զրկում է աշխատողներին իրենց իրավունքների կոլեկտիվ պաշտպանության կարեւորագույն միջոցից՝ հակադրվելով միավորումների ազատության բուն էությանը։

Նմանապես, Պաշտպանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը եւ զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։

Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը, դեռեւս 2020 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-1506 որոշմամբ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելք սահմանելու մասով, ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Հիմնելով վերոնշյալ որոշման, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերի դրույթների եւ միջազգային ատյանների արտահայտած դիրքորոշումների վերլուծության վրա՝ դիմումով արձանագրվել է, որ վկայակոչված նորմերի նախատեսումը հանգեցրել է վերոնշյալ անձանց կրոնի ազատության եւ միավորումների ազատության անհամաչափ սահմանափակման։ Դիմումով Պաշտպանը վիճարկում է վկայակոչված նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին։

 

 

 

ՎԵՐՋ Է ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգոստոսի 22-ին ուշագրավ դեպք է եղել Վարդենիս քաղաքում: Քաղաքացի Ա. Դավթյանը փորձել է վերջ տալ կյանքին: Նա տանը խոհանոցային դանակի գործադրմամբ ինքնասպանություն է գործել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Դավթյանը դանակով հարվածել է իր կրծքավանդակին: Մեզ հայտնի դարձավ, որ տղամարդն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ:

Հավելենք, որ ինքնասպանություն գործած քաղաքացին 72 տարեկան է, ծնվել է 1950 թվականին:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Տիտանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարը եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, ինչպես նաեւ նույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով կրելով պաշտոնեական պարտականությունները ստանձնելու դրությամբ գույքի, եկամուտների եւ շահերի, ինչպես նաեւ տարեկան հայտարարագիր լրացնելու եւ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու պարտականություն, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարելու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիրը, իսկ 2021թ. ապրիլի 12-ին եւ 2022թ. մայիսի 26-ին՝ համապատասխանաբար 2020 եւ 2021թ. տարեկան հայտարարագրերը, որոնցում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, այն է՝ չի հայտարարագրել դեռեւս 2004 թ. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն եւ կնոջը՝ Հայկուշ Պետրոսյանին պատկանող՝ Լոռու մարզի Օձուն 4-րդ փողոցի 59/1 հասցեում գտնվող, 0.142 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության առանձնապես խոշոր չափերով՝ 1.060.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման:

Հայկուշ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2008թ. Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Տիտանյանի կինը, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում գույքի եւ եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրերում՝ գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականությունը պատշաճ չի կատարել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս