«ՓԵԹԱԿ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնը մի քանի օր փակ մնալուց հետո բացվեց, սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնում այսօրվանից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնելու: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Երեւանի տարածքային բաժնի տեխնիկական եւ հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանի հետ:

 

-Պարո՛ն Կարապետյան, այս պահին ի՞նչ անելիքներ ունեք՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնի հետ կապված: 

-«Փեթակ» առեւտրի կենտրոնում 2021 թվականի թվականին իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ դիտարկումներ, որի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է կարգադրագիր՝ համապատասխան ժամկետներով: Ներկա պահին, հաշվի առնելով նաեւ իրավիճակը, առաջնահերթության կարգով դիտարկում, հետազոտություն ենք նախատեսել կրկնակի ստուգման նպատակներով «Փեթակ» առեւտրի կենտրոնում՝ օգոստոսի 22-ից 25-ը ներառյալ: Տեղում կատարվելու է ուսումնասիրություն, պարզաբանումներ են տրվելու՝ նախկինում տրված կարգադրագրերի կետերի հետ կապված:

-Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել: Կնշե՞ք մեկ-երկու օրինակ:

-Խախտումները հիմնականում նույնաբովանդակ են՝ առեւտրի կենտրոններին բնորոշ, հիմնականում հրդեհային ահազանգման, ծխահեռացման, ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի, արտաքին հրդեհաշիջման համակարգերի հետ կապված:

-Դուք նշեցիք՝ օգոստոսի 22-ից 25-ը ստուգումններ եք անցկացնելու. այդ օրերին առեւտրի կենտրոնը բա՞ց է լինելու: 

-Առեւտրի կենտրոնն արդեն բացվել է, արդեն այսօր այցը նախատեսված է, որ իրականացվելու է:

-Պարո՛ն Կարապետյան, Դուք նման պայթուցիկների պահեստներ հայտնաբերե՞լ եք «Փեթակ» առեւտրի կենտրոնում, ինչպես, օրինակ, «Սուրմալու»-ում: 

-Ոչ, պայթուցիկների պահեստներ հայտնաբերված չեն, բոլորը առեւտրի կենտրոններ են, որտեղ եւ բնականաբար իրականացվում է առեւտուր եւ վաճառք:

Հ.Գ. «Փեթակ»-ի կողմից ճանապարհը կբացվի: Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի կողմից ճանապարհը դեռ փակ է մնալու, քանի որ այնտեղ որոնողական աշխատանքներ եւ քննչական գործողություններ են իրականացվում: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Քննչական կոմիտեն, Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը քննարկում են ունեցել եւ որոշել են «Փեթակ»-ի կողմից ճանապարհը բացել եւ երթեւեկությունն այդ հատվածում վերականգնել: Ավելին՝ ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննիչներն առարկել են «Սուրմալու»-ի հատվածով ճանապարհի բացումը: «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները ArmLur.am-ին հայտնեցին, որ արդեն բացել են իրենց տաղավարները եւ սկսել են աշխատել:

 Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի եւ էթնիկ զտումների, ինչպես նաեւ ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։

 

Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից՝ նշելով, որ, հղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարության մտադրությանը», Համբարյանն ընդգծել է՝ «ամերիկյան վարչակազմը Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնություն գրեթե չի ուղարկել»։ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը նաեւ նկատել է. «Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գրությամբ ամերիկյան օրենսդիրներից պահանջվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի միջոցով Բայդենի վարչակազմից ստանալ հետեւյալ չորս հարցերի պատասխանները.

l ի՞նչ կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Բայդենի վարչակազմը Լեռնային Ղարաբաղում ապրող եւ վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար (ծրագրերի տրամադրում, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ եւ համապատասխան այլ  տեղեկատվություն),

l ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի Բայդենի վարչակազմը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում ապրող եւ վտանգի տակ գտնվող հայերին (ծրագրեր, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ եւ համապատասխան այլ տեղեկատվություն),

l արդյոք Բայդենի վարչակազմն իրականացրե՞լ է հումանիտար ճգնաժամում գտնվող Արցախի հայ բնակչության կարիքների գնահատում,

l Բայդենի վարչակազմը բյուջեի ի՞նչ ծավալ է համարում բավարար եւ նպատակահարմար Արցախի հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար ճգնաժամը լուծելու համար:

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի համակիրները, օգտագործելով հանձնախմբի ինտերնետային կայքի հնարավորությունները, տասնյակ հազարավոր նամակներ են ուղարկել իրենց շրջանների օրենսդիրներին՝ պահանջելով ամերիկյան օժանդակություն տրամադրել Արցախին։

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ 3 ՈՒԺԵՐՈՎ

2022թ. սեպտեմբերի 25-ին նշանակված են Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Հարություն Մանուչարյանը  Բերդ քաղաքային համայնքը ղեկավարում է  2012 թվականից, Բերդ խոշորացված համայնքը՝ 2017-ից։  ՔՊ-ական իշխանությունը ծրագիր է մշակել սեպտեմբերի 25-ին Հ. Մանուչարյանին հաղթելու համար, որի էությունը ընտրողների ձայները կուսակցությունների միջեւ փոշիացնելը եւ ընտրություններից հետո կոալիցիայով ավագանու թեկնածուների ցանկի առաջին համար, Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանին խոշոր համայնքի ղեկավար ընտրելն է։  Օգոստոսի 21-ին ավարտվել է  Բերդ համայնքի  ավագանու ընտրությունների համար  թեկնածուների  առաջադրման ժամկետը։

Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացա, որ  Բերդ խոշորացված  համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը Բերդի  միասնական սոցալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանն է։ «Արդարություն» կուսակցության  եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքի՝ «Արժանապատիվ սերունդի» թեկնածուների ցանկը  կգլխավորի  Աշոտ Մելիքյանը, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերության  հերթափոխի պետն է, նախկինում Բերդում գործող ձեռնոցների գործարանի հերթափոխի պետ է եղել։  «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքի ցուցակը ներկայացել է «Զորավոր համայնք» անվանումով, որի նախընտրակյան ցուցակի առաջին համարը Հարություն  Մանուչարյանն է։

Բերդի խոշորացված համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։ Հ. Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հ. Մանուչարյանն անազատության մեջ է  2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Սեպտեմբերի  2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի   նստավայրում  նշանակված էր Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի  դատավարության հերթական նիստը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս