Հանրային քննարկման են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Այս օրենսդրական փոփոխությունների միջոցով օրենքների մակարդակում հիմքեր կդրվեն հետեւյալ նպատակներն իրականացնելու համար՝
-սոցիալական աջակցության ոլորտում հիմնական սոցիալական ծառայությունների տեսակների ընդայնում,
-հրատապ արձագանքին պատրաստ եւ առավել ճկուն սոցիալական աջակցության մեխանիզմների հնարավորություն,
-սոցիալական աջակցության հասցեականության եւ արդյունավետության բարձրացում,
-սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների եւ տրամադրող անձնակազմի մասնագիտական կարողությունների նշաձողերի սահմանում,
-սոցիալական աջակցության ոլորտում մինչ օրս արձանագրված այլ խնդիրների լուծում։
Այս նպատակներով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակում՝
-հստակեցվել է օրենքի առարկան. մի շարք հիմնարար հասկացություններ վերասահմանվել են՝ միջազգային ընդունված տերմինաբանությանը համահունչ,
-վերանայվել են սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները,
-սահմանվել են սոցիալական ծառայությունների նոր հիմնական տեսակներ (ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում կամ փոխհատուցում, սոցիալական պատրոնաժ եւ այլն), ինչպես նաեւ գործող տեսակներն ընդլայնվել են (բնաիրային եւ կենցաղային օգնություն, կացարանով ապահովում, սոցիալ-վերականգնողական օգնություն եւ այլն),
-սոցիալական աջակցության ծառայությունների համար որպես նոր մեխանիզմ սահմանվել է աջակցության քարտի տրամադրման հնարավորությունը,
-սահմանվել են սոցիալական աջակցության ոլորտի առանձին ծառայությունների որակի չափորոշիչներ սահմանելու, դրանց մոնիթորինգի, գնահատման եւ վերահսկման լիազորությունները,
-բարելավվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացման կառավարման համակարգը,
-սահմանվել են սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, վերանայվել են նրանց իրավունքները եւ պարտականությունները, սահմանվել է մասնագիտական կանոնագրքի մշակման պահանջ, ինչպես նաեւ մասնագիտական նշաձողի պահանջ հավաստագրման միջոցով։
Նախագծերը մշակվել են քաղաքացիների կենսամակարդակի եւ սոցիալական վիճակի բարելավման եւ մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով եւ ի կատարումն ՀՀ կառավարության 2021թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.1-ին կետի, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր։
Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքը «Սոցիալական աջակցության մասին» օրենքն է, որն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աջակցության ոլորտում տեղի են ունեցել պետական մակարդակում մի շարք կառուցվածքային, գործառութային փոփոխություններ («Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97 օրենքի, Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման, Վարչապետի 2021 թվականի փետրվարի 26-ի N 172-Լ որոշման հիման վրա՝ սոցիալական պաշտպանության հիմնական 4 ոլորտների գործառույթները 2021 թվականի ապրիլի 1-ից իրականացնում է մեկ մարմին՝ Միասնական սոցիալական ծառայությունը՝ իր ստորաբաժանումների միջոցով), բացի այդ, առկա են ոլորտներ, որոնք ենթակա են օրենսդրական կարգավորման (օրինակ, հրատապ արձագանք պահանջող իրավիճակների հետ կապված իրավահարաբերություններ եւ այլն) կամ վերանայման կամ զարգացման (օրինակ, սոցիալական աշխատանքի ոլորտը եւ այլն), անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ հիմք ընդունելով սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրները, բացերը, նախատեսվող բարեփոխումները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության առջեւ դրված խնդիրներն ու նպատակները՝ ներառյալ միջազգային ստանդարտներն ու պարտավորությունները։
Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների ծավալը՝ առավել նպատակահարմար է համարվել ոչ թե լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, այլ գործողը ճանաչել ուժը կորցրած եւ ընդունել նոր օրենք։ Օրենսդրության ներդաշնակությունն ու համահունչությունն ապահովելու նպատակով զուգահեռաբար համապատասխանեցման փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում նաեւ այլ՝ հարակից օրենքներում։