Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադիր, կասկադյոր, հնարքների միակ բեմադրողը Հայաստանում եւ դերասան Արմեն Պետրոսյանը հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ հիմնել է կասկադյորական արվեստը եւ Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիան։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր զրուցակիցը պատմել է արտասովոր մասնագիտության գաղտնիքների եւ առաջիկա նորությունների մասին:
-Պարո՛ն Պետրոսյան, Դուք դեռ առաջին դասարանում, հիացած Էդմոն Քյոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմում գործող կասկադյորներով, երազեցիք, որ պետք է դառնաք նրանց նման եւ դարձաք: Հետաքրքիր է՝ ովքեր են կազմակերպության անդամները:
-Առաջինը նրանք իմ թեւերն են, սովորական մարդիկ՝ օժտված բոլոր մարդկային հատկություններով եւ մասնագիտություններով՝ բժիշկ, քանդակագործ, մարզիկ, զինվորական: Մարդիկ, որոնք իրենց խառնվածքով նման չեն շատերին:
-Ինչպիսի՞ն է հայ կինոյի ներկայիս վիճակը, եւ ինչքանո՞վ է Ձեր մասնագիտությունը առնչվում ներկայիս հայկական կինոմատոգրաֆիայի հետ:
-Նախ ասեմ, որ մեր մասնագիտությունը չի սկսվում եւ չի ավարտվում կինոյով : Մենք մասնակցում ենք թե՛ կինոյի, թե՛ գովազդային, երաժշտական տեսարաններում, կենդանի ցուցադրական եւ տարբեր հեռուստանախագծերին: Կարելի է ասել, որ այսօր կինոն Հայաստանում դրված է ոչ ճիշտ ռելսերի վրա. դրա ապացույցը քիչ նկարահանվող ֆիլմերն են: Իհարկե, կան նվիրյալներ, որոնք, անկախ ամեն ինչից, նկարահանում են, եւ ասեմ, որ լավ ֆիլմեր են: Եթե որեւէ ֆիլմում կան հնարքների տեսարաններ, իհարկե, մենք մասնակցում ենք: Մենք աշխատում ենք նաեւ Հայաստանում նկարահանվող արտերկրյա նախագծերում:
-Ձեր արվեստն ու քաղաքականությո՞ւնը…
-Մենք աշխատում ենք չկապել մեկը մյուսի հետ՝ չնայած նրան, որ ցանկացած ոլորտ ինչ-ինչ հանգամանքներով կապված է տվյալ ժամանակաշրջանի քաղաքական կյանքի հետ: Չեմ սիրում խոսել քաղաքականության մասին, բայց, ամեն դեպքում, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի:
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել կասկադյորական կյանքն ու ընտանիքը:
-Կասկադյորական աշխարհն ինքնին արդեն ընտանիք է, մեծ ընտանիք: Իմ ընտանիքում բոլորն ըմբռնումով են մոտենում իմ մասնագիտությանն ու ներաշխարհին: Չի կարող ամեն բան լինել հարթ, երբ հանուն ընտրած կյանքի կամ ընտանիքի համար ինչ-որ բաներ զոհաբերում ես՝ գողանալով մեկից տալով մյուսին. պետք է հավասար տանել այդ զուգահեռները: Որդիներս դեռ փոքր էին, որոշել էին դառնալ կասկադյոր, խոստացել էի օգնել, բայց վերջերս մտափոխվեցին, որոշեցին դառնալ դատավոր եւ դատապաշտպան. ընդունում եմ եւ չեմ հակաճառում: Հույս ունեմ, որ, ամեն դեպքում, պտուղը ծառից հեռու չի ընկնի:
-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ տվեց Ձեր ընտրած մասնագիտությունը Ձեր կայացմանը:
-Այս մասնագիտությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունը, որն առանց վնասվածքների չի լինում: Դա պրոֆեսիոնալիզմի պակասի խնդիր չէ, դրա մասին կարելի է օրերով խոսել, պետք է ապրել այդ կյանքով, եւ ամեն ինչ պարզ կլինի: Խոսքերով պարզապես հնարավոր չէ ներկայացնել, ցանկացած վնասվածք եւ կազդուրում յուրովի վերանայումն է կատարված, չկատարված աշխատանքների, ճշտի եւ սխալների, չնայած որ 28 տարվա գործունեության ընթացքում մենք չենք ունեցել լուրջ վնասվածքներ: Կարծում եմ՝ դա է պրոֆեսիոնալիզմը: Իսկ ինչ վերաբերում է իմ կայացմանը, ապա ամենակարեւոր հատկանիշներն են ազնվությունը, կարգապահությունը, պատասխանատվությունն ու գիտելիքը: Մեր մասնագիտության մեջ թափթփվածությունը, անպատասխանատվությունը, սուտն ու տգիտությունը կբերի լավագույն դեպքում հաշմանդամության:
-Մենք գիտենք, որ Դուք աշխատել եք ավելի քան 75 տարբեր նախագծերում: Որո՞նք են վերջին շրջանում կատարած Ձեր աշխատանքները:
-Եզրափակող մեկ տարվա ընթացքում աշխատել ենք հնդկական «Օմ», հայկական «Կոռուպցիա 2» եւ «Օ Թ.Թ.Կ» գեղարվեստական ֆիլմերում եւ մեկ գովազդային տեսահոլովակում: Շուտով կսկսենք աշխատանքները արտերկրյա պատմական, դոկումենտալ-խաղարկային եւ, արտերկրյա գործընկերների աջակցությամբ, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի ֆիլմում:
-Իսկ Հայաստանում կա՞ արդյոք կասկադյորական դպրոց:
-Կասկադյորական պրոֆեսիոնալ դպրոցը Հայաստանում մոտական 50 տարում անհնար է պատկերացնել, քանզի կապված է շատ մեծ ֆինանսների հետ, սակայն մեր կազմակերպությունում անցկացնում ենք դասընթացներ՝ ընդգրկված տարբեր առարկաներով, կապված մեր մասնագիտության հետ: Ուսանողները հանձնում են քննություններ, որից հետո սկսում է ամենագլխավոր փուլը նկարահանման հրապարակում: Սուրը կռում են դարբնոցում, սակայն նա իրեն դրսեւորում է մարտում: Ես նաեւ դասավանդել եմ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ բեմական շարժման ամբիոնում ուսանողներիս տալով նախնական կասկադյորական գիտելիքներ եւ հմտություններ:
-Մենք գիտենք, որ Դուք Հայաստանում միակ պրոֆեսիոնալ հնարքների բեմադրողն եք եւ չունեք դերասանական կրթություն, սակայն բազմաթիվ ֆիլմերում հանդես եք եկել դերասանական խաղով, անգամ՝ գլխավոր դերում: Ի՞նչ է կինոն Ձեզ համար:
-Այո՛, ես միշտ ասել եմ՝ դերասան չեմ, չնայած բոլոր իմ ռեժիսոր ընկերները հակադարձում են ինձ: Երեւի թե ստացվում է: Իսկ թե ինչ է կինոն, ես չեմ կարող այդ մասին այսպես խոսել: Մեկ օր երեւի հիշողություններիս գրքում կգրեմ դրա մասին, բայց դա շուտ չի լինի:
-Եվ վերջում՝ ո՞վ է Արմեն Պետրոսյանը:
-Ես էլ մեկ օր այդ հարցրեցի նրան, ասաց, որ ինքն էլ իրենից գլուխ չի հանում:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՖԻԼՄԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր՝
առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ֆիլմն արժանացել է նաեւ «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի:
Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման փիքչերս փրոդաքշեն» ընկերությունը:
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկեցին քրիստոնյա ժողովուրդների զավակներին:
«Վավերագրական ֆիլմեր՝ առանց սահմանների» փառատոնը բացառապես վավերագրական կինոյի եւ վավերագրական դրամայի փառատոն է:
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչ այս լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը, որը երեք տուրում էլ հաղթել է: Նման արդյունք են գրանցել եւս 4 երկրի ներկայացուցիչներ: Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավոր ունի եւ միայն կես միավորով է զիջում առաջատարներին: Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաեւ Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
ՏԱՌԱՊՈՒՄ Է ԴԻՍՄՈՐՖՈՖՈԲԻԱՅՈՎ
Ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովան խոստովանել է, որ արդեն մի քանի տարի տառապում է դիսմորֆոֆոբիայով, որն ուղեկցվում է արտաքին տեսքի համառ մերժմամբ։ Պոլոզկովան պատմել է, որ ինքը մի քանի տարի ապրում է այդ խանգարմամբ։ Նա պարզաբանել է, որ ողջ հասակով երբեք չի նկարվում։ Կինն իրեն կտրում է երեխաների հետ բոլոր լուսանկարներից եւ հինգ վայրկյանից ավել իր մասնակցությամբ տեսանյութեր չի դիտում։ «Վերջին հինգ տարիների ընթացքում այնքան բան է տեղի ունեցել, որ ես դադարել եմ ինքս ինձ նայել: Ես սա չեմ անում հանուն՝ «այո, քեզ մոտ ամեն ինչ լավ է, հանգստացի՛ր»-ի։ Ես դա անում եմ, որպեսզի գոնե փորձեմ դադարել ջնջել ինձ ամեն տեղից», – գրել է նա։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 94 միլիոն եվրո կառաջարկի Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա բրազիլացի հարձակվող Անտոնիի համար: Մանչեսթերյան ակումբը տրանսֆերի համար բանակցությունները սկսել էր 60 միլիոն եվրոյի առաջարկից, սակայն «Այաքսը» պահանջել էր 100 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն համաձայնության է հասել Անտոնիի հետ։ Անտոնիի պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ Անցած մրցաշրջանում Անտոնին «Այաքսի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
120 ԳՈԼ
Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» խփած գոլի շնորհիվ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հավասարվեց ֆուտբոլիստի կարիերան ավարտած անգլիացի Սթիվեն Ջերարդին «Լիվերպուլում» խփած գոլերի քանակով Պրեմիեր լիգայում։ Երկուսն էլ խփել են 120 գոլ Անգլիայի առաջնությունում։ «Լիվերպուլը» «Օլդ Տրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվել էր 1:2 հաշվով։ Ջերարդը «Լիվերպուլում» հանդես է եկել 1998-2015 թվականներին։ Սալահը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի խաղացող է 2017-ից։