Այս տարվա սեպտեմբերի մեկից ծերության թոշակը ավելանում է 1900 դրամով՝ 28600 դրամի փոխարեն դառնալով 30500 դրամ: Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության երեկվա նիստում: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակներինը՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով: Իհարկե, առաջին հայացքից կառավարությունը դրական քայլ է անում ու մտածում հանրության մասին, սակայն իրականում այս փաստը ապացուցում է, որ Փաշինյանի խոստումները հերթական անգամ չեն կատարվել: Մասնավորապես, 2021 թվականի օգոստոսի 24-ին Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք պարտավոր ենք արձանագրել մեր հանձնառությունը՝ նվազագույն եւ միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղներին: Այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձի մեր հանձառությունը ստանձնել ենք 85 000 դրամ: Եվ ստանձնել ենք հանձնառություն՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը»: Նախ արձանագրենք՝ այս պահի դրությամբ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ծայրահեղ աղքատությունն էլ չի վերացել, եւ ավելին՝ միջին կենսաթոշակի չափերը չեն հավասարեցվել պարենային եւ սպառողական զամբյուղներին, ինչպես խոստացել էր Փաշինյանը, եւ երեկվա փոփոխությամբ եւս մոտարկում չի լինի: Բանն այն է, որ Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 82 հազար 198 դրամ ամսական կտրվածքով, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 76 հազար 299 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 44 հազար 431 դրամ՝ ամսական կտրվածքով։ Սրան զուգահեռ՝ ընդգծենք, որ, այս փոփոխություններով, սեպտեմբերի մեկից հանրապետությունում կենսաթոշակի չափը դառնալու է 30500 դրամ, նվազագույն աշխատավարձն էլ շարունակոմ է մնալ 68 հազար դրամ: Նույն Նիկոլ Փաշինյանը, դեռ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին խոսելով այդ ժամանակվա իշխանությունների կողմից թոշակի ավելացման մասին, նշել էր. «Սերժ Սարգսյանն ու իր եկամուտներն ավելի կարեւոր են, թոշակն էլ կարող է բարձրանալ միայն 300, 500, 1000 դրամով»: Եվ, ահա, այսօր թոշակը բարձրանում է 1900 դրամով: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկին մանիպուլացնող են եղել, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ քաղաքացիներին:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր շարունակ շրջել է Արագածոտնի մարզում ու նոր ֆոտոշարքով «զմայլել» ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին: Վարդերի մեջ, վարդերը գրկում, «քոթուկների» վրա նստած են այս անգամվա լուսանկարները: Տիկին Աննան չի մոռացել նաեւ մոմ վառելու մասին՝ իհարկե Աստծո տուն առանց գլխաշորի մտնելով: Այս ողջ ընթացքում նրան ուղեկցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչո՞ւ, ի՞նչ կարգավիճակով: «Որպես վարչապետի տիկին ու «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ենք ուղեկցել Աննա Հակոբյանին, ու դրա մեջ արտառոց ոչինչ չկա»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որ երկու օր շարունակ իր գործընկերների հետ ուղեկցել է Փաշինյանի տիկնոջը: Տպավորություն է, թե Արագածոտնի այն համայնքի ղեկավարները, որտեղ այցելել է տիկին Աննան, շունչները պահած ու գործերը թողած, հոգ են տարել, ուղեկցել Հակոբյանին: Աշտարակի քաղաքապետ Թովմա Շահվերդյանն է ամենից շատ երեւում Աննա Հակոբյանի գրասենյակի կողմից հրապարակված լուսանկարներում: Գրեթե բոլոր այցերի ընթացքում տիկնոջը թիկունքից ուղեկցում է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ քաղաքապետի աթոռը զբաղեցրած ու մինչեւ այժմ դրա վրա հարմարավետ բազմած Շահվերդյանը: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Արագածոտնի մարզպետարանի կայքում վերջին 2 օրերին երեք նյութ է տեղադրված՝ իբրեւ մարզպետարանի գործունեություն՝ թե ինչպես է մարզպետը ուղեկցել վարչապետի տիկնոջը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 2-ին հայաստանյան մի շարք դատախազներ հավաքվել են ռեստորանում՝ նշելու Դատախազի օրը, որը հուլիսի 1-ին էր: Մասնավորապես, խնջույքին հրավիրված են եղել համայնքային դատախազները եւ Գլխավոր դատախազության դատախազները, այն մարդիկ, որոնք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներն են: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խնջույքի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Համայնքային դատախազներից մեկը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ համատեղ բարձր խոսել է: Նրան նկատողություն են արել, թե՝ չե՞ս տեսնում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է խոսում, լռի՛ր. գինովցած դատախազը պատասխանել է՝ ի՞նչ անենք, որ գլխավոր դատախազն է խոսում. ես էլ եմ խոսում: Այս խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ համայնքային դատախազին դուրս են հրավիրել եւ փորձել նրա հետ հաշիվ մաքրել: Արդեն դրսում հնչել են փոխադարձ վիրավորանքներ, քաշքշուկ է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից, թե համայնքային որ դատախազի հետ են փորձել հաշիվներ մաքրել՝ նրան դուրս հրավիրելով եւ քաշքշելով: Ի պատասխան՝ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, թե տեղեկությունը բացարձակ սուտ է:
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից եւս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ Եվ հենց այստեղ է ամենաուշագրավ հանգամանքը. «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը եւ Գուրգեն Ամբարյանը։ Այսինքն՝ ստացվում է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը բաժնետոմսեր է նվիրաբերել կառավարությանը, թե ինչի դիմաց՝ կպարզենք: Ստացվում է, որ, մի կողմից, Սյունիքի նախկին մարզպետն ամիսներ շարունակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից՝ նրա եղբայրը փաստացի նվիրաբերություններ է կատարում ՀՀ կառավարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորած ֆոնդին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Վահե Հակոբյանից պարզաբանումներ ստանալ՝ հասկանալու, թե ինչու է նրա եղբայրը նման քայլի գնացել, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Հավելենք, որ, ընդհանուր առմամբ, «ԱՄՓ հոլդինգ»-ին էր պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12.5 տոկոսը։ Անցած տարվա սեպտեմբերի 30-ին էլ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էր ձեռք բերել Պղնձամոլիբդենայինի 60 տոկոսը, որից հետո դրա 15 տոկոսը նվիրեց կառավարությանը։ Նվիրատվության գործարքը, ինչպես նաեւ Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատում բաժնետոմսեր ձեռք բերելու գործարքը վիճարկվում է ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի բաժնետեր Միխայիլ Զուրաբովի կողմից,այդ թվում՝ միջազգային ատյաններում: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները շարունակվում են: