ՄԱՐԶԻՆ ԷԻՆ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի երկօրյա այցն Արագածոտնի մարզ ավարտվել է:

 

Տիկին Հակոբյանն արագածոտնյան օրերի ընթացքում մարզի մշակութային, կրթական օջախներ, ինչպես նաեւ հյուրատներ ու բիզնես-գործունեութուն իրականացնող կազմակերպութուններ է այցելել: Չի մոռացել նաեւ ՀՀ շարքային (ըստ իր գրասենյակի ներկայացրածի՝ սոցիալապես ոչ ապահով) ընտանիքների ու քաղաքացիների հետ շփվել, նրանց երեխաներին գրկել, լուսանկարվել, այցն այդպես ամփոփել: Եկեղեցի էլ է մտել, մոմ վառել, գուցե նաեւ զրուցել հոգեւոր թեմաներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աննա Հակոբյանն Արագածոտն այցելած օրերին մարզի հյուրանոցներից կամ հյուրատներից որեւէ մեկում չի գիշերել, հետ՝ Երեւան է գնացել: Աննա Հակոբյանի գրասենյակի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզպետարանի տարածած լուսանկարներից ու տեսանյութերից երեւում է, որ Փաշինյանի տիկնոջն ուղեկցում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի՝ դեռեւս «նախկինների» ժամանակից պաշտոնավարող քաղաքապետ Թովմա Շահվերդյանը, զոռով-շառով Թալինի համայնքապետ ընտրված, բայց այդպես էլ չպաշտոնավարած Տավրոս Սափեյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցի ներկայացուցչներից շատերը եւ այլք: «Ժողովուրդ» օրաթերթն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ զրուցել է վարչապետի տիկնոջ՝ մարզ կատարած այցի մանրամասների մասին:

-Պարո՛ն Մովսիսյան, Աննա Հակոբյանը պետական պաշտոնյա չէ, Դուք եւ մարզի այլ պաշտոնյաներ ինչո՞ւ էիք ուղեկցում նրան:

-Որպես վարչապետի տիկին, որպես «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ ենք ուղեկցել. ինչի՞ մասին է խոսքը: Ծանոթացնում էինք մեր մարզին, տեսարժան վայրերին: Մշակութային հարցեր ենք հիմնականում քննարկել:

-Մեզ հետաքրքիր է, թե ինչ առանձնահատուկ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ նրան ուղեկցել եք: Մարզ տարբեր այլ պաշտոնյաների կանայք  կարող են այցելել, հո բոլորին չե՞ք ուղեկցելու:

-Վարչապետի կինն ու մնացած պաշտոնյաների կանայք նույնը հո չե՞ն: Բացի այդ, կրկնեմ՝ նա «Իմ քայլը» հիմնադրամն է ներկայացնում, ու մի շարք գործեր կան, որ «Իմ քայլը» հիմնադրամով կարող ենք անել:

-Որտե՞ղ եք եղել, քանի՞ շրջայց եք միասին կատարել:

-Բոլոր այցերը լուսաբանված են, ու այժմ, հնարավոր է, ոչ բոլորը հիշեմ: Եկեղեցի ենք գնացել, մշակութային, կրթական հաստատություններ ենք գնացել, մանկական զարգացման կենտրոն ենք գնացել եւ այլն:

-Վարչապետի տիկնոջ այցն ի՞նչ է տվել մարզին: Նոր խոստումներ, հեռանկարներ, իրականացվելիք ծրագրերի կամ ներդրումների տեսլականներ եղե՞լ են:

-Բայց ինքը ներդրումների հետ առանչություն չունի: Կարող եմ ասել, որ այցը ստացված էր, ու դրական ազդակներ կլինեն ապագայում: Այսպես, թե այնպես, մարզում շատ ծրագրեր ունենք իրականացնելու, մոտ ժամանականերս բավական շատ աշխատատեղեր կբացվեն, ներդրումային մեծ ծրագրեր կունենանք: Երեւի լսած կլինեք՝ մարզի տարբեր համայնքներում լեռնադահուկային համալիր կառուցելու աշխատանքներն արդեն սկսել են, որոնք մեծ թվով աշխատանքներ կստեղծեն: Այդ համալիրները շահագործելու հետ կապված՝ այժմ էլ շինհրապարակներում մեծ թվով մարդիկ են աշխատում, բայց երբ դրանք շահագործման հանձնվեն, պարզ է՝ նոր աշխատատեղեր կբացվեն:

-Տպավորություն է, թե մարզպետը, մի ամբողջ մարզի գործերը թողած, վարչապետի տիկնոջն է ուղեկցում:

-Իսկ ո՞վ է ասում, թե մարզպետը մարզի գործերով չի զբաղվում: Այդ այցին զուգահեռ՝ նաեւ մարզի գործերով էի զբաղվում, իսկ այս կամ այն հաստատություններ, այսպես, թե այնպես, պետք է այցելեի: Վստահեցնում եմ՝ մարզի գործն ընդհանրապես չէի տուժել, ընդհակառակը, ավելի է առաջ ընկել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Ադրբեջանի հանցավոր վարչակազմը հերթական անօրինական որոշմամբ 2022թ. հունվարից արգելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները՝ փորձելով հոգեկան տառապանքներ պատճառել համայն հայությանը։

 

2020թ. նոյեմբերի 10-ի եւ 2021թ. հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ամրագրված է առաջնային կարեւորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ «ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը», սակայն Ադրբեջանը հերթական անգամ միակողմանիորեն ոտնահարում է միջպետական պայմանավորվածությունները՝ միաժամանակ հարվածելով նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերին, որոնք ամրագրված են «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ժնեւի 1949թ. չորս կոնվենցիաներում եւ «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից՝ Ժնեւի՝ 1977 թվականի լրացուցիչ արձանագրությամբ, երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնք զինված հակամարտության ժամանակ մարդու պաշտպանությանն ուղղված կանոնների համակարգ են։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան անդամ պետությունների միջեւ ստեղծում է փոխադարձ նախաձեռնությունների եւ օբյեկտիվ պարտավորությունների համակցություն, եւ գործում է փոխադարձության սկզբունքը: Ակնհայտ է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների կատարման հրամայականը, ուստի հերթական դիմումներս եմ ուղղում միջազգային գործընկերներիս՝ դատապարտելու Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը եւ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ ի պաշտպանություն անհայտ կորած հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքների հիմնարար իրավունքների։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը օբյեկտիվ հարց է առաջացնում. եթե Ադրբեջանը չի կատարում նույնիսկ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչում Ի. Ալիեւի պահանջները։ Ադրբեջանի կողմից այս հումանիտար պահանջների չկատարումն իրականում ընդդիմանալու եւ պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու հնարավորություն է ընձեռում՝ ի պաշտպանություն հումանիտար իրավունքի, սակայն Նիկոլ Փաշինյանը անհասկանալի դրդապատճառներով չի անում»։

 

 

 

ՔԱՐՏԵՐԸ՝ ԹՇՆԱՄՈՒ ՁԵՌՔԻՆ

2020թ-ի հուլիսի 24-ին ԱԱԾ-ն մի աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, իբրեւ կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Այսինքն՝ «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներից են թշնամիները ահաբեկել, ինֆորմացիաներ կորզել մեր հայրենակիցներից: Ինչպե՞ս են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի քարտի տերեր: Ինչպե՞ս է բարեգործություններով հայտնի «Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր բաժանել, ընդ որում՝ Վիվայի քարտերը ոչ թե շարքային ադրբեջանցիների ձեռքին են հայտնվել, այլ հատուկ ծառայությունների աշխատակիցների: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն է իրականացրել այս թեմայով, եւ ՀՀ ԱԱԾ-ին ուղղված մեր այս հարցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից պատասխանել են. ««ՄՏՍ Հայստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»: Այդ դեպքում ինչպե՞ս են հայտնվել նրանց ձեռքին «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը: Շարունակելի….

 

 

 

ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ

Հայտարարվել է՝ պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ երեք ամիս ժամկետով, 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

 

 

 




Լրահոս