Ստեփանակերտը երեկ հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետներն այցելել են Արցախի Մարտակերտի շրջան՝ հայկական վերահսկողության տակ գտնվող Սարսանգի ջրամբար։ Այդ մասին երեկ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հաղորդել՝ նշելով՝ «Ադրբեջանի Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության մասնագետները հայ մասնագետների հետ միասին դիտարկել են ջրամբարի տարածքը, ստացվել է տեղեկություն ջրի ներհոսքի ու բացթողման ժամանակացույցի վերաբերյալ։
Արցախի տեղեկատվական շտաբից երեկ հայտնել են, որ հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռեւս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ եւ պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ։
«Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն, եւ որոշումները կկայացվեն՝ Արցախի Հանրապետության շահերից ելնելով, հիմք ընդունելով եւ՛ էլեկտրաէներգիայի արտադրության, եւ՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաեւ խմելու եւ ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում», – ասված է հաղորդագրությունում։
Սարսանգը Արցախի խոշորագույն ջրամբարն է, որը շահագործման է հանձնվել դեռ 1976 թվականից։ Գտնվում է Ստեփանակերտից մոտ 60 կմ դեպի հյուսիս եւ ամբողջությամբ հայկական վերհսկողության տակ է։ Ջրատարողությունը շուրջ 600 մլն խորանարդ մետր է, ապահովում է Արցախի էլեկտրաէներգիայի եւ ոռոգման պահանջարկի մեծ մասը։
Միեւնույն ժամանակ ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Բերձորի (Լաչին) միջանցքում գտնվող անցակետերը, շենքերը, որտեղ բնակվում էին ռուս զինվորականներն ու ծառայություն իրականացնում: Ռուս խաղաղապահների՝ Լաչինի միջանցքից անցակետերը հեռացնելու տեսանյութն ադրբեջանական գործակալություններցի մեկն է տարածել:
Նշենք, որ բացառապես երեկ Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները հանդիպել էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ներկայացուցիչների հետ: Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ռուսական զորախմբի ներկայացուիցչներից բանավոր հավաստիացում են ստացել՝ մինչեւ Լաչինի միջանցքին փոխարինող այլընտրանքային ճանապարհը վերջնական ու ամբողջապես պատրաստ չլինի եւ շահագործման չհանձնվի, իրենք այդտեղից չեն հեռանալու: Երեկ, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները ռուսական զորախմբի անցակետերն ապամոնտաժելու մասին տեսանյութ են տարածել:
Սրան զուգահեռ՝ ՀՀ կառավարության երեկվա՝ օգոստոսի 24-ի որոշմամբ՝ գործադիրը գումար կհատկացնի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային նոր ճանապարհի՝ Տեղ-Կոռնիձոր հատվածի մոտ 12 կմ-ի վերակառուցումն իրականացնելու համար: Ստացվում է՝ Լաչինի միջանցքին փոխարինող նոր ավտոճանապարհը նախանշվող ժամկետներից էլ շուտ կարող է շահագործման հանձնվել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՐԿԿՈՂՄ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը։ Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրագործման կարեւորությունը։ Միաժամանակ նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական հարցերի։
ՄԻԵԴ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես եւ անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին եւ կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի եւ շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը՝ ներառյալ տների այրումը, եւ տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ օգոստոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը եւ արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը:
ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները, որոնք Հայաստանի քաղաքացիություն են ստացել երկրի դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, զինվորական ծառայության տարկետման իրավունք կստանան։ Օգոստոսի 24-ին համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Ներկա պահին տարկետման իրավունքից կարող են օգտվել նաեւ օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի այլ մարզիկներ։
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Ազգային ժողովի աշխատակազմի դեմ: Ժորա Հակոբյան դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային ժողովի՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Ազգային ժողովի աշխատակազմին 22.06.2022թ. թիվ 458 հրամանն անվավեր ճանաչել, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնել, հայցվորի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել:
Դատելով իրավիճակից՝ Ազգային Ժողովի աշխատակիցները չեն կարողանում բանավոր ճանապարհով խնդիրը լուծել, ընկել են դատարանի դռները:
ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՖՈՆԴԻՆ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 6,875% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը: Նշենք, որ այս ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է:
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսին գրել էր, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության բազմաֆունկցիոնալ էսպրեսո-սրճեփ է գնել: Սրճեփի համար պետական միջոցներից ծախսվել է 245 հազար դրամ գումար: Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսին ընկերությունը եւս մեկ սրճեփ է գնել 80 հազար դրամով: Բացի այս, ArmLur.am-ը ԱՆԻՖ-ի ընթացիկ տարվա գնումների պլանից տեղեկացել էր, որ համացանցային ծառայության համար նախատեսվել է ծախսել 360 հազար դրամ, կորոնավիրուսի թեստավորման (այդ թվում՝ թեստավորման տնայցի եւ գրասենյակ այցի ծառայության) համար՝ 900 հազար դրամ, առողջության ապահովագրման ծառայությունների համար՝ 6 մլն 525 հազար դրամ:
Իսկ գրասենյակային տարածքների վարձակալության համար նախատեսվում է ծախսել 30 մլն դրամ: Գազավորված եւ չգազավորված ջրեր ձեռք բերելու համար ընկերությունը մտադիր է ծախսել 90 հազար դրամ, անձեռոցիկների համար՝ 60 հազար դրամ, թղթե սրբիչներ՝ 25000 դրամ, թեյնիկի համար՝ 8000 դրամ: Միայն գեղարվեստական գործունեության հետ կապված ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 900 հազար դրամ:
Մեզ հայտնի էր դարձել որ ընթացիկ տարվա ապրիլի 11-ի հրամանով հաստատված գնումների պլանով նախատեսված է ծախսել 95 մլն 509 հազար դրամ: Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը նախորդ տարեվերջին 900 հազար դրամով գնել է հեռուստացույց: