ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։

 

Ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված եւ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված եւ վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։ Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված եւ պետական բյուջե վճարված ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված եւ վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։ Պարզվել է, որ նշված կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 560 միլիոն ՀՀ դրամի հափշտակությունը նախապես պլանավորված մեխանիզմով կազմակերպել են ՀՀ քաղաքացիներ Հ.Ք.-ն եւ Գ.Ն.-ն։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ք.-ն եւ Գ.Ն.-ն իրենց հանցավոր մտադրություններն անխոչընդոտ իրագործելու եւ հանցագործությունը քողարկելու նպատակով մինչեւ պետական բյուջեից գումարներ հափշտակելը՝ 2022 թվականի հունիս ամսին, առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաեւ այդ ընկերությունների եւ իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առեւտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։

Այնուհետեւ, վերադարձվող գումարների մեծությամբ պայմանավորված, հարկային հսկողությունից խուսափելու եւ հարկային ծառայողների տեսադաշտում չհայտնվելու նպատակով նշված անձինք հարկային մարմին են ներկայացրել 167 դիմում՝ եկամտային հարկի գումարները մաս-մաս հարկերի միասնական հաշվից իրենց կողմից բացված հաշվեհամարների նվերադարձնելու մասին, որոնց հիման վրա՝ գումարները փոխանցվել են այդ հաշվեհամարներին։

Այնուհետեւ Հ.Ք.-ն եւ Գ.Ն.-ն հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրամական միջոցները բազմաթիվ գործարքներով շրջանառել են իրենց, այդ թվում՝ նոր հիմնադրված ընկերությունների բանկային հաշիվներով եւ էլեկտրոնային դրամապանակներով ու կանխիկացնելով տնօրինել: Պետական բյուջեից հափշտակված գումարի մյուս մասը հնարավորություն չեն ունեցել տնօրինել վարույթն իրականցնող մարմնի կողմից անհապաղ կիրառված արգելադրման պատճառով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Հ. Ք.-ի եւ Գ. Ն.-ի նկատմամբ որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ու Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների համատեղ եւ համակարգված գործողությունների արդյունքում Հ. Ք.-ն եւ Գ.Ն.-ն հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններիս, ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ներկայացվել են մեղադրանքներ, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումները եւ քննչական գործողությունները շարունակվում են, եւ միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված հանցակիցներին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

 

 

 

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՈՒՅՆՆ Է

ՀՀ պետական վերահսկողության ծառայության ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ինքնախոստովանություններով հանդես եկավ, թե ինչպես է հետհեղափոխական ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանը շարունակում մնալ թաթախված կոռուպցիայի մեջ, եւ ինչպես չի հաջողվել հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանին վերացնել կոռուպցիան այդ մարմնից:

 

Խոսքն այն քաղաքապետի մասին էր, որին իշխող թիմի բոլոր ներկայացուցիչները պաշտպանում էին բոլոր իրավիճակներում՝ աչք փակելով կոռուպցիոն բոլոր երեւույթների վրա:  Այդ մասին շատ ենք գրել: Այժմ անդրադառնանք Հայաստանի մեկ այլ կոռումպացված կառույցին՝ Պետական առողջապահության գործակալությանը՝ ՊԱԳ, որի գործունեությունը դարձյալ ՊՎԾ-ի թիրախում է:

Երեկ նաեւ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց. «Եթե պետական մարմիններում վերահսկողական մարմինները հավուր պատշաճի գործեն, ՊՎԾ-ն անելիք չի ունենա: ՊԱԳ-ով տրված պետպատվերների ձեւավորման հայտերի ներկայացման եւ ֆինանսավորման գործընթացի մասով կան բավականին լուրջ ընթացակարգային խնդիրներ, իսկ որտեղ ընթացակարգային եւ օրենսդրական բացեր կան, այնտեղ ակտիվանում են անբարեխիղճները, բույն է դնում կոռուպցիան, ցավոք»:

Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը բոլոր ժամանակներում է աչքի ընկել անբարեխիղճ եւ կոռումպացված գործունեությամբ, ինչպես նկարագրեց Պետրոսյանը: Դեռ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործով հունիսի 13-ին ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ եղավ այս գործը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

«ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ Հովհաննես Անդրանիկի Ալեքսանյանի հետ միասին, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, 2022 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Պորշե» մակնիշի, 35 QM 282 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամանել են Երեւան քաղաքի Բագրատունյաց 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրամաս, շրջանցելով «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ֊ի գույքի պահպանման համար նախատեսված տարածքի դարպասները՝ մուտք են գործել արտադրամասի տարածք, ապամոնտաժել են այնտեղ գտնվող պոլիկլինիկայի ալյումինե շրջանակներով պատրաստված պատուհանները եւ դռները, որից հետո արդեն ապամոնտաժված, ընդհանուրը 101.800 ՀՀ դրամ արժողությամբ ալյումինե կոնստրուկցիաները տեղավորել են գործարանի մուտքի դիմաց կայանված վերը նշված ավտոմեքենայի բեռնախցիկում եւ սրահում, ինչից հետո էլ փորձել են դրանք գաղտնի հափշտակել, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել, քանի որ ժամը 20:05-ի սահմաններում բռնվել են տարածքում ծառայություն իրականացնող պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից եւ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Անդրանիկ Փոիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ է հայտնել, թե ինչ է կատարվում արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 




Լրահոս