Կառավարությունը հավանություն է տվել «««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Նախագծի հիմնական նպատակներն են՝ զարգացնել Միության շրջանակներում մաքսային տարանցման միասնական համակարգը՝ վերջինի փոխգործակցությունը Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային տարանցման համակարգերի հետ հետագայում իրականացնելու նպատակով, կատարելագործել եւ զարգացնել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման համակարգը, պարզեցնել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսային եւ այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու կարգը: Նախագծով սահմանվում են նաեւ մաքսային եւ այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման դեպքում պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքերն ու պայմանները, տրամադրման հաստատման առանձնահատկությունները, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորության կիրառման առանձնահատկությունները:
Հավանության է արժանացել նաեւ 2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրումների ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը եւ օրինական շրջանառության ապահովմանը: Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է Միության երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերի եւ այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմների սահմանումը: Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները եւ կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների եւ հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները: Նավիգացիոն կապարակնիքների գործածմամբ հետագծումը կիրառվելու է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների, ինչպես նաեւ փոխադարձ առեւտրի շրջանակներում փոխադրվող սանկցիոն ապրանքների, ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի նկատմամբ: Ըստ համաձայնագրի՝ Միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում են ազգային օպերատորները: Նախագծով կարգավորվում են նաեւ այն դեպքերը, երբ փոխադրումների հետագծման գործառույթները վերապահված են անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Նախատեսվում է նաեւ ազգային օպերատորների միջեւ առանձին համաձայնագրի կնքում, որը կկարգավորի նրանց միջեւ իրավահարաբերությունները:
Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. մայիսի 24-ին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջեւ դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի կնքմամբ հնարավորություն կընձեռվի ծավալելու առավել սերտ համագործակցություն բարձրացնելու հանցավորության դեմ պայքարը` դատական փորձաքննության եւ քրեագիտության ժամանակակից մեթոդների եւ միջոցների ակտիվ կիրառման հիման վրա, ինչպես նաեւ իրականացնել դատափորձագիտական գործունեության եւ քրեագիտության ոլորտում փորձի եւ տեղեկատվության փոխանակում:
ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի: Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի, միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ: Գուցե հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո, այսինքն՝ կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել»,- ասաց Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ համարեց բանկերի հետ աշխատանքը ծրագրին մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնելու համար: Փաշինյանը հավելեց, որ 173 հազար շահառուներից ծրագրին մասնակցում է 17 հազարը:
ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Կառավարությունը երեկ՝ օգոստոսի 24-ին, որոշում ընդունեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։ Կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցն ընդգրկված էր Կառավարության երեկվա նիստում, որն արժանացավ գործադիրի դրական եզրակացությանը։
Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է սահմանել`
l աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),
l զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),
l նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն),
l պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն),
բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն),
գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),
գ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)։
Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:
Առաջարկվում է բարձրացնել նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։
ԴԱՆԱԿԻ 10 ՀԱՐՎԱԾ
Օգոստոսի 22-ին Իջեւան խոշորացված համայնքի՝ Ադրբեջանին սահմանամերձ Վազաշեն գյուղի «Վիշկի յալ» տարածքում սպանվել է Վազաշենի 23-ամյա բնակիչ Սեւադա Ղազարյանը։ Վազաշենի բնակիչները հայտնեցին, որ նրան սպանել են դանակի 10 հարվածներով, որից 7-ը եղել է թիկունքից, 3-ը դիմացից՝ կրծքավանդակից։ Նրան սպանողը այնուհետեւ, դիակի վրա վառելանյութ լցնելով, այրել է դիակը։ Սպանվածը նախկինում եղել է ոստիկանության պահակային բաժնի աշխատող, այնուհետեւ՝ պայմանագրային զինծառայող, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Ոստիկանենրը գործել են շատ օպերատիվ եւ բացահայտել են սպանության դեպքը։
Այդ սպանության գործով ձերբակալվել է Վազաշենի հարեւան՝ սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ։ Նախնական տվյալներով՝ սպանության պատճառը գումարի հետ կապված չլուծված հարցն է։
ՀԱՆՎԵԼ Է ՊԱՀԱԿԱԿԵՏԸ
Դիլիջան քաղաքում՝ Դիլիջանի առաջին ոլորանում տեղակայված ոստիկանական 3 ավտոմեքենաներից եւ ոստիկաննների եւ բնապահպանների խմբից բաղկացած պահակակետը հանվել է:
Այն տեղակայվել էր Տավուշի մարզից ապօրինի փայտանյութի արտահանումը կանխելու նպատակով, սակայն Տավուշի մարզում ապօրինի անտառհատումները շարունակվում են։ Իջեւան քաղաքում պատմեցին, որ վերջերս հայրենի գյուղի՝ Ենոքավանի անտառում հանգստացող, քեֆ անող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանկարծ բենզասղոցի ձայն է լսել եւ քեֆը կիսատ թողնելով՝ գնացել է ձայնի ուղղությամբ եւ հանդիմանել ապօրինի ծառ հատող գյուղացուն։
ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
Նիկոլ Փաշինյանի «Քայլող մարդու» արձանը միջպետական ավտոճանապարհի եզրին 2 անգամ վնասվելուց, ապա արձանի հեղինակի՝ Արմեն Դավթյանի կողմից վերանորոգվելուց հետո տեղադրվել է Իջեւան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ քաղաքի Ասլանյան փողոցում՝ Նիկոլ Փաշինյանի հայրական տնից ոչ հեռու։ Իսկ Նիկոլ Փաշինյանին բուհի ավարտական դիպլոմից զրկած, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, ծագումով Իջեւան քաղաքից Գառնիկ Անանյանի կիսանդրին տարիներ շարունակ հառնում է Իջեւանի ավագ դպրոցի բակում, եւ ոչ ոք արձանը չի վնասում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ