ՀԱՅԿՈՅԻ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը՝ Երեւանում, եւ սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ում տեղի կունենան Հայկոյին նվիրված համերգներ: Ռոմանսների արքա Հայկոն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական հետք թողեց ոչ միայն հայկական ռոմանսի ձեւավորման, այլ նաեւ հայկական ժամանակակից կինոմատոգրաֆիայում: Նրա ստեղծագործությունները ֆիլմը դարձնում են լիարժեք, հուզում ու ոգեշնչում են:

 

Հայկոյին նվիրված համերգի առաջին  մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է համերգի պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ:

«Իրականում շատ դժվար է, պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետեւ Հայկը, լինելով ուրախ, զվարթ, թեթեւ մարդ,  յուրաքանչյուր համերգին մոտենում էր շատ պատասխանատու ձեւով, նույնն էլ հիմա է մեզ մոտ: Կատարում ենք ահռելի մեծ աշխատանք, որպեսզի համերգը, ոճը չտարբերվեն Հայկոյի  նախորդ համերգներից: Կարեւոր խնդիր ենք դրել մեր առջեւ՝ չկորցնել կապը հանդիսատեսի հետ: Համերգը լինելու է Հայկոյի մասին Հայկոյի հետ: Բացի Հայկոյի մշտական թիմից, այս անգամ միացել են մեզ Կարեն Սեւակը, երիտասարդ կատարողներ: Համերգի մեջ ներառված են նաեւ արտասահմանյան արտիստներ. մի խոսքով, ամեն ինչ փորձում ենք անել Հայկոյի շուրջ, Հայկոյի համար: Ամեն ինչ անում ենք, որպեսզի համերգը հանկարծ չվերածվի կոմերցիոն համերգի կամ ինչ-որ մեկի համար լինի փիառի միջոց»,-նշեց նա:

Մեծ երաժշտի համերգից անմասն չեն մնում նաեւ նրա ընտանիքի անդամները, հատկապես՝ որդին՝ Արմանը, որը համերգի առաջին իսկ օրվանից մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում համերգին. «Գաղտնիք չէ՝ Հայկոյի եւ որդու՝ Արմանի կապը շատ մեծ է եղել:  Արմանը ներկա է եղել Հայկոյի բոլոր համերգների փորձերին. եթե նախկինում նա ուրիշ ձեւ էր ընկալում այդ ամենը, ապա հիմա շատ պատասխանատու կերպով է մոտենում յուրաքանչյուր դետալի: Նրա մասնակցությամբ շատ հետաքրքիր մտահղացումներ կան: Ուզում եմ ընդգծել, որ մեզ հետ են Հայկոյի բոլոր ընկերները, ընտանիքի անդամները, մեծ դեր ունի  եղբայրը՝ Վահեն: Հայկի հետ կապված բոլորն այնքան ասելիք ու հիշողություններ ունեն, որ փորձել ենք հնարավորինս ընդգրկել բոլորին: Ուզում եմ հատուկ ընդգծել նաեւ մեր  արտիստների մեծ պատասխանատվության եւ պատրաստակամության մասին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ հոգով եւ սրտով ենք պատրաստվում համերգին, կարծես ամեն մեկս, մի բան անելով, ավելի մոտ ենք մեզ զգում դեպի նա: Գիտեք,  Հայկոն առհասարակ շատ մեծ ոգեւորվածությամբ էր սպասում իր համերգներին, եւ հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մոտ լինենք նրան»,- ընդգծում է Իրինա Վարդանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոյի մայրը՝ տիկին Սուսաննան եւս մեծ մասնակցություն ունեն համերգի կայացման գործում, եւ ամեն բան նախապես քննարկվել է նրանց հետ:

«Շատ են այն մարդիկ, որոնք ճանաչել են Հայկոյին ու ասում են՝ ցավը շատ մեծ է, եւ երեւի թե չկարողանան ներկա գտնվել, բայց մենք ամեն ինչ արել ենք, որ շատ դժվար չլինի: Մենք ամեն ինչ արել ենք, որ ողբ չլինի: Համերգը լինելու է Հայկի նման պայծառ, ժպիտով: Մենք ամեն տեղ թողել ենք Հայկո, նա ամեն տեղ կա, հանդիսատեսն ամեն վայրկյան զգալու է նրա ներկայությունը, ուղղակի տպավորություն ենք ստեղծելու, որ նա պարզապես հեռվում ինչ-որ մի տեղ հետեւում է մեզ եւ ժպտում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Իրինայի խոսքով՝ համերգի ողջ հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակով եւ նրա կիսատ թողած երգերի պատրաստմանն է ուղղվելու: «Առջեւում դեռ շատ լավ մտքեր կան, եւ նախատեսում ենք ավելի մեծ համերգ կազմակերպել»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 




Լրահոս