«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Մուրադյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին։ Իր դիմումի մեջ նա, մասնավորապես, նշել է. «Տեսչական մարմնի իրավասու պաշտոնյաները, հասկանալով, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում եւ բացահայտված խախտումներով պայմանավորված՝ մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին բարձր ռիսկայնության վնաս հասցնելու վտանգ է ներկայացնում, հանդուրժել եւ որեւէ միջոց չեն ձեռնարկել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Փոխարենը, խախտումները վերացնելու ժամկետ տրամադրելով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակել է իր գործունեությունը, որով, ըստ էության, ստացվում է, որ հնարավորություն է տրվել շրջանցել այդ խախտումները եւ շարունակել գործունեությունը:
Ուստի, այս եւ այլ հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտ է նախաձեռնել քրեական վարույթ եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի Տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձանց վարքագծին, եւ վերջիններիս նկատմամբ իրականացվի օբյեկտիվ ծառայողական քննություն»:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհ ու պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին, որի հետեւանքով ունեցանք 1 անհետ կորած, 60 վիրավոր եւ 16 զոհ։
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում