Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել ադրբեջանցիների մոտ․ ԱԱԾ հայտարարության հիշեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Վիվա ՄՏՍ» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ փորձելով հերքել «Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022թ. համարում լույս տեսած «Ինչպե՞ս են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակումը։ Այս հրապարակումը «Վիվա ՄՏՍ» ընկերությունը համարել է իրականությանը չհամապատասխանող, մինչդեռ մեր ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է։

Նշենք, որ իրականում այս խնդիրը գոյություն ունի, եւ այդ բացահայտումն արել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի ամռանը, երբ պատերազմը դեռ չէր սկսվել։ ԱԱԾ 2020թ. հուլիսի 24-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբրեւ կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում) հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում»: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Ստացվում է՝ «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներից են թշնամիները ահաբեկել, ինֆորմացիաներ կորզել մեր հայրենակիցներից: Ինչպե՞ս են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի քարտապաններ.

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցն է ընդամենը բարձրաձայնել հրապարակման մեջ եւ այդ մասին հետաքրքրվել ԱԱԾ-ից։ «Վիվա ՄՏՍ»-ի ագրեսիվ վարքագիծն առնվազն կասկածահարույց է․ ընկերությունը հերքում է իրողությունը՝ այդ հեռախոսահամարներից ադրբեջանցիները ահաբեկել են։ Ի՞նչն է մանիպուլատիվ բնույթը այս հրապարակման. արդյոք ա՞յն, որ ԱԱԾ-ն այդպիսի բացահայտում է արել, թե՞ որ «Վիվա ՄՏՍ»-ի կոդով համարներից են Ադրբեջանի հատուկ ծառայությունները ահաբեկել ՀՀ քաղաքացիներին։ «Վիվա ՄՏՍ»-ին հորդորում ենք, ագրեսիվ հարձակման փոխարեն, պատասխանել մեր հարցերին, թե այդ հեռախոսահամարները ում են վաճառել, ինչպես, ինչ հանգամանքներում, տրամադրել այլ մանրամասներ։ Մեր հետաքննությունը շարունակվում է։




Լրահոս