ՖՈՏՈ․ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ բավականին տպավորիչ դաս անցկացրինք․ Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Խորհրդարանում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ բավականին տպավորիչ դաս անցկացրինք։ Զրույցն այնքան բովանդակային էր, աշակերտների գիտելիքներն ու վերլուծական հմտությունները՝ այնքան զարգացած, որ դասախոսությունը վերածվեց բավականին խորքային քննարկումների՝ մեր պետության առջև ծառացած խնդիրների, մեր քաղաքացիների և, առհասարակ, մարդու իրավունքների վերաբերյալ։

Անդրադարձանք հետպատերազմական շրջանում ի հայտ եկած անվտանգային մարտահրավերներին, միջազգային հարթակում մեր իրավունքների պաշտպանության հարցերին, միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքին։ Մեր երիտասարդներին հասցրի միջազգային օղակների կողմից բարձրացվող հարցերն առ այն, որ մենք՝ որպես պետություն, ժամանակակից միջազգային հարաբերություններում ընկալելի լինելու խնդիր ունենք, որպեսզի միջազգային հանրությունն էլ հասկանա, թե ինչ ենք ուզում և ինչպես կարող են աջակցել մեզ՝ ի պաշտպանություն մարդու հիմնարար իրավունքների։

Քննարկեցինք զինծառայողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնախնդիրները, շեշտեցինք զինվորական համազգեստ կրող՝ զինծառայող մեր հայրենակիցների նկատմամբ ընդգծված վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը։
Մտքեր փոխանակեցինք 44-օրյա պատերազմի, պատերազմում պարտությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Մեր երիտասարդների համար հատուկ ընդգծեցի, որ պարտվողական վիճակը մեզ խանգարում է նոր նշաձողեր դնել, ուստի պիտի մեր մեջքը ուղղենք, դասեր քաղենք և գնանք դեպի հաղթանակներ»։




Լրահոս