Երեկ ՀՀ կառավարության նիստում ԱԻՆ Արմեն Երիցյանը զեկուցեց, որ սողանքի հետ կապված աշխատանքների համար հատկացվել է 65 մլն-ից ավելի դրամ, որից 5 մլն-ը` որպես աջակցություն հատկացվելու է 5 զոհվածների ընտանիքներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ Տավուշի եւ Լոռու մարզպետերին նույնպես հանձնարարվել է տուժածների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերել: «Ժողովուրդ»-ը փորձեց Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանից եւ Լոռու մարզպետ, դարձյալ ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանից հետաքրքրվել, թե նրանք որտեղից պետք է փոխհատուցեն տուժած ընտանիքներին, եթե ունեն հաստատված բյուջե: Արդյունքը եղավ բավականին սկանդալային մի բացահայտում: Ե՛ւ Ղուլարյանը, ե՛ւ Նալբանդյանն ասացին, որ նման հանձնարարական չեն ստացել: Այսինքն` ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ անպատասխանատու հայտարարություն է արել: Նա խոսել է մի հանձնարարության մասին, որից կատարողներն անտեղյակ են: Ավելին, մարզպետ Ղուլարյանն առարկություններ ունի. «Երբ ստանանք այն, մենք կանենք` ինչ որոշված է: Իսկ եթե դուք նկատի ունեք նրանց, որոնք տուժել են բնական աղետի հետեւանքով, կառավարությունը պարտավոր չէ բոլոր դեպքերը կանխատեսել եւ փոխհատուցումներ վճարել: Կան ապահովագրական ծառայություններ, որտեղ կան համապատասխան հոդվածներ նման դեպքերի համար»:
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻՑ ՄԱՐԶՊԵՏԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ