ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Դավիթ Բեկ փողոցում հնդիկ երիտասարդի սպանության դեպքով: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինիս սպանել է իր ընկերը, որն այս պահին ձերբակալված է եւ իրավապահներին պատմել է, թե ինչու է գնացել այդ քայլին:
Մասնավորապես, սպանության կասկածանքով ձերբակալվածը պատմել է, որ երկու ընկեր են եղել ու Հայաստանում սովորել եւ աշխատել են քարի արտադրամասում: Այդ օրը աշխատանքի վայրում մեկը մյուսի նկատմամբ կատակներ է արել, ձեռք են առել միմյանց եւ ինքը չդիմանալով երկաթով հարվածել է ընկերոջ գլխին, որի հետեւանքով նա մահացել է:
Նշենք,որ Shamshyan .com-ը գրել էր,որ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր բժշկական համալսարանում:
Քնար Մանուկյան