Սեպտեմբերի 16-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մի մեծահարուստի հոգեհանգստի ժամանակ:
«Խառնաշփոթը սկսվում է այն ժամանակ, երբ հոգեհանգստին ներկայանում են հանգուցյալի սիրուհիները: Այնպես չէ, որ մտադրված էի կրկին մահվան եւ հոգեհանգստի թեմայով ֆիլմ նկարահանել, պարզապես այս պատմությունը, որի հեղինակը Դավիթ Բաբախյանն է, ինձ շատ դուր եկավ, որոշեցի, որ նմանատիպ երկրորդ ֆիլմ ունենամ: Պետք է շեշտեմ, որ այս ֆիլմը եւ «Մեծ պատմություն փոքր քաղաքումը» շատ տարբեր են»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Կիրակոսյանը:
Ռեժիսորի խոսքով՝ Դավիթ Բաբախյանը, դեռ 2018-ին, երբ ինքը նկարահանում էր «Ազնիվ գողերը», ներկայացրել էր այս պատմությունը՝ ասելով, որ նմանատիպ ֆիլմ նկարահանելու փորձ ավելի շատ Գոռն ունի:
«Ըստ Դավթի՝ այս պատմությունն ավելի հարմար էր ինձ: Արդյունքում՝ ես եւ Աշոտ Աբրահամյանն աշխատեցինք ֆիլմի սցենարի վրա: Սցենարը գրելիս կային դերասաններ, որոնց հստակ պատկերացնում էինք, բայց ամեն դեպքում բոլորի հետ նախնական աշխատանք ենք իրականացրել, որպեսզի հասկանանք համապատասխանում են դերին, թե ոչ: Հանգուցյալի դերում հանդես է եկել դերասան Արտյոմ Մարկոսյանը: Ի դեպ, սա իմ առաջին ֆիլմն է, որում գլխավոր հերոսները կանայք են, եւ ինձ համար, նույնպես, սա մեծ փորձ էր»:
Ըստ ռեժիսորի՝ Արտյոմը դժվարությամբ է ընդունել դագաղում պառկելու առաջարկը:
«Հիշում եմ՝ նկարահանման առաջին օրը հենց ուժ գտավ ու պառկեց դագաղում, բոլորս նրան երկար ծափահարում էինք»,- ասաց ռեժիսորը:
Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։
Լիդա Եղիազարյան