Հանրային հեռուստաընկերությունն այս օրերին լսումներ է անցկացնում՝ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի մեր ներկայացուցչին ընտրելու նպատակով:
Ավելի վաղ հայտարարված մրցույթին 100-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը և մասնագիտական ժյուրին առանձնացրել են լավագույն 30-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել:
Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակի անունը:
Ժյուրիի կազմում են «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի Ներկայացուցիչ Ռոզա Լինը և երգահան Լիլիթ Նավասարդյանը: