ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 77

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում եւ խոստանում էր՝ բոլոր հարցերը կլուծվեն հենց հրապարակում։

«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա»:

Սակայն նրա հայտարարությունից չորս տարի հետո բազմաթիվ հարցեր են լուծվել միանձնյա՝ առանց քաղաքացիների իմացության, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը։ Եւ նույն Փաշինյանն ասում էր՝ ինչ պետք է, էն էլ բանակցում ենք:

Ստացվում է` նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

 

 

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից հերթական հրահանգն է իջեցվել ուժային կառույցներին: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ուժայիններից պահանջվել է կոմպրոմատներ գտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի դեմ: Ինչպես հայտնի է, վերջինս նոր պայքար է սկսել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, եւ պահանջում է նրա հրաժարականը: Եվ, ահա, տեւական ժամանակ է՝ ուժային կառույցները փորփրում են Ղազարյանի՝ մարզպետ, դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակահատվածը, սակայն որեւէ բան չեն գտել նրա դեմ: Իհարկե, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ ուժայինները որոշել են չհանձնվել, ամեն դեպքում ինչ որ բան գտնել Էդգար Ղազարյանի դեմ՝ կատարելով վերադասի հրահանգները: Իսկ մինչ այդ արդեն սկսվել է կեղտոտ արշավը Ղազարյանի դեմ. սոցիալական տիրույթում փորձում են սեւացնել նրան: Անգամ այդ խաղերի մեջ է մտել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Վերջինս լրատվականներից մեկի հետ զրույցում նշել է. «Էդգար Ղազարյանը ո՞վ է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, ի՞նչ է իրենից ներկայացնում, կներեք, այդ ոչնչությունը, նա հասարակ սրիկա է, թալանչի, մարզպետ եղած ժամանակ թալանածն էլ Կոմիտասում վեր է ածել անշարժ գույքի»: Թե ինչ փաստեր ունի Աղազարյանը նման մեղադրանքներ ներկայացնելու համար, անհասկանալի է, բայց փաստ է նաեւ, որ կեղտոտ արշավ է սկսվել նաեւ Ղազարյանի ընտանիքի դեմ: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում:

 

 

 

ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից խուսափելու համար 24 մլն դրամ գլխագին վճարելու հնարավորության մասին օրենքի նախագիծը փոթորկել է հայ հասարակությանը: Ստացվում է՝ փող ունեցողները, հարուստները կփրկեն իրենց երեխաներին, աղքատների զավակները՝ մսաղացի բերան կգնան: Այս ֆոնին հետաքրքիր է Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, 2016-ից ՀՀ քաղաքացի չեն կամ միայն ՀՀ քաղաքացի չեն: Նրանք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հրաշագեղ Մալթայում եւ դարձել Մալթայի քաղաքացի։ Ավելին, գործարար եղբայրների հետ քաղաքացիություն է ստացել նաեւ նրանց ընտանիքի 10-ը անդամ: Իհարկե, Բադալյանները մի առիթով «Հետք»-ին ասել են, որ Մալթայի քաղաքացի են դարձել, որպեսզի վիզայի խնդիր չունենան եւ 168 երկիր կարողանան ազատ մուտք գործել, բայց հասկանալի է, որ հիմնական խնդիրը մեծ ընտանիքի տղաներին բանակից ազատելն է: Ամբողջ հանրապետությանը սադրանքներով խաղամոլություն թելադրող, մեր աղքատիկ երկրում վիթխարի գումարներ աշխատող «Վիվառոյի» սեփականատերերը, փաստորեն, նաեւ օտարերկրացի են: Տեղեկանալու համար, թե վորոնշյալ ընտանիքի քանի անդամ է ժամկետային զինվորական ծառայություն անցել, ու քանիսն են նախազորակոչային տարիքում, հետեւաբար՝ նաեւ հաշվառված ՊՆ-ի կողմից, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարություն հարցում է ուղարկել, ինչի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Մուրադյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին։ Իր դիմումի մեջ նա, մասնավորապես, նշել է. «Տեսչական մարմնի իրավասու պաշտոնյաները, հասկանալով, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում եւ բացահայտված խախտումներով պայմանավորված՝ մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին բարձր ռիսկայնության վնաս հասցնելու վտանգ է ներկայացնում, հանդուրժել եւ որեւէ միջոց չեն ձեռնարկել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Փոխարենը, խախտումները վերացնելու ժամկետ տրամադրելով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակել է իր գործունեությունը, որով, ըստ էության, ստացվում է, որ հնարավորություն է տրվել շրջանցել այդ խախտումները եւ շարունակել գործունեությունը: Ուստի, այս եւ այլ հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտ է նախաձեռնել քրեական վարույթ եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի Տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձանց վարքագծին, եւ վերջիններիս նկատմամբ իրականացվի օբյեկտիվ ծառայողական քննություն»: Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհ ու պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին, որի հետեւանքով ունեցանք 1 անհետ կորած, 60 վիրավոր եւ 16 զոհ։

 




Լրահոս