
«3+3» ձևաչափով (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարվա վերջ՝ Իրանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին:
«Այս նախաձեռնությունը շատ հաջող էր։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ՝ արդեն Իրանում»,- ասել է Մուսավին:
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ: Վրաստանը հրաժարվել էր ներկայանալ այդ հանդիպմանը: