ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների տարհանումը Բերձոր, Աղանո եւ Ներքին Սուս համայնքներից:

 

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ, ընդհանուր առմամբ, երեք բնակավայրերից դուրս է բերվել մոտ 46 մոնումենտալ արվեստի  հուշարձան, ինչպես նաեւ Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, որոնք  տեղափոխվել են նախատեսված վայր:

«Տարհանվել են խաչքարեր, հուշարձաններ, հուշաքարեր, որոնք նվիրված են ազգային հերոսներին, Հայոց ցեղասպանությանը, հիշարժան տարբեր իրադարձությունների»,- մանրամասնեց փոխնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ իրենց տեղերում մնալու դեպքում այդ հուշարձաններն ադրբեջանցիների կողմից  կենթարկվեին վանդալիզմի:

«Տեղափոխված կոթողների տեղակայման ուղղությամբ այժմ մի քանի տարբերակներ ենք քննարկում: Համապատասխան առաջարկներ են ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը, Արցախի պետական համալսարանը, անհատներ: Մասնավորապես՝  ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի տարածքում համապատասխան պուրակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն  տարհանված խաչքարերն ու հուշակոթողները: Ներքին Սուսի Հերոսների պուրակի հովանավորն էլ ցանկություն է հայտնել, որպեսզի այն վերականգնվի Ստեփանակերտում կամ Մարտակերտում»,-հավելեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բոլոր տարբերակները կքննարկվեն սեղմ ժամկետներում, եւ խնդրին լուծում կտրվի:

Տարհանված կոթողների թվում առանձնակի արժեք է ներկայացնում նաեւ Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցուց տեղափոխված խաչքարը, որը թվագրվում է 11-12-րդ դարերին:

Փոխնախարարի խոսքով՝ խաչքարը կտրամադրվի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին:

Օգոստոսի սկզբին հայտարարվեց, որ Արցախի Բերձոր քաղաքի եւ Աղավնո գյուղի բնակիչներին իրենց բնակավայրերը լքելու համար ժամանակ է տրվում մինչեւ 2022 թ. օգոստոսի 25-ը, քանի որ Ադրբեջանն ավարտել էր Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի իր հատվածի շինարարությունը եւ միջանցքը նոր երթուղի տեղափոխելու պահանջ էր ներկայացրել:

Օգոստոսի 17-ին Երեւանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։

Արցախի Հանրապետության խորհրդարանական 5 խմբակցությունների ղեկավարներն օգոստոսի 23-ին հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես, հղում կատարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, եւ պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչեւ ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

 

 

 

ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ՉԿԱՌՈՒՑՎԵՑԻՆ

Տավուշի մարզի  Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում:

 

2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել էր, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին  Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել: Դրանք հնարավորություն կտային  մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնար 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում էր  8 միլիարդ 450 միլիոն դրամ: Մարզպետ Աբովյանը հայտարարել էր, որ սահմանագոտում  կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ:

2019-ից Նոյեմբերյանի քաղաքապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ նշվեց, որ  սահմանամերձ Բերդավան գյուղում ոռոգելի տարածքները կարելի է մեծացնել Կողբում կամ Բերդավանում  ոռոգման ջրամբար կառուցելու դեպքում: Խորհրդակցության ժամանակ նշեց, որ ծրագիր է  եղել Հայաստանում ոռոգման 10 ջրամբարներ կառուցելու, սակայն դրանց շինարարությունն այդպես էլ չի սկսվել: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019 թվականին հայտարարել էր, որ Տավուշի մարզում  գյուղատնտեսական ներուժի չնչին տոկոսն է օգտագործվում, մարզում ոռոգելի է ընդամենը 4500 հեկտար հող։ Մարզպետը հայտնել էր, որ առաջիկա մեկ տարում մարզում ոռոգելի հողերի քանակը կկրկնապատկվի։ Նա ասել էլ, որ առաջիկա 2 տարվա ընթացքում՝ 2019-2021 թվականներին, Տավուշում անմշակ հող չի լինելու՝ անկախ այդ հողերի սեփականության ձեւից. դա կարվի ոչ միայն օրենսդրական նախաձեռնությունների, այլ  նաեւ անհատական նախաձեռնությունների արդյունքում։ Մարզպետը մեծ խոստումներ տվեց, սակայն այդ խոստումներն իրականություն չդարձան, Հայկ Չոբանյանն էլ 2021 թվականի ապրիլից Տավուշի մարզպետ չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԳՏՆՎԵԼ Է 

Իջեւան խոշորացված համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակչուհի, 1973թ.-ին ծնված Ալվարդ Դիլբարյանը օգոստոսի 13-ին տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է  տարածել նրա անհետանալու մասին։ Բերքաբերը  գտնվում է ներկայումս հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող  Ջողազի ջրամբարի աջ ափին: Բերքաբերի վարչական ղեկավարը բացառել է, որ  Ալվարդ Դիլբարյանը կարող էր անցնել արհեստական լճի ձախ՝ ադրբեջանական ափը, որովհետեւ  նա չէր կարող հաղթահարել ջրամբարը կամ էլ անցնել ջրամբարի պատվարի վրայով, որի  տարբեր կողմերին հայկական եւ ադրբեջանական զինուժի հենակետեր են տեղակայված։ Բերքաբերի բնակիչները հայտնեցին, որ Ալվարդ Դիլբարյանը հոգեկան հիվանդ չէ, սակայն տարօրինակություն ունի. նա  նախկինում մի քանի օրով իրենց տնից անհետացել է, հետո ետ վերադարձել:  Օգոստոսի 12-ին տնից հեռանալիս Ա. Դիլբարյանի  մոտ բջջային հեռախոս չի եղել, ինչը դժվարեցնում էր նրան գտնելու գործը։ Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ օգոստոսի 22-ին Ալվարդ Դիլբարյանը ուրիշի հեռախոսահամարից զանգահարել, հայտնել է , որ ինքը գտնվում է Գավառում։ Վարչական ղեկավարը բացառեց, որ կինն այլեւս վերադառնալու է Բերքաբեր։ Ա. Դիլբարյանը տարօրինակություն ունի, որը նախկինում դրսեւորվել է  ընտանիքից  եւ  Բերքաբեր գյուղից հեռանալով։

 

 

 

ՀԻՆ ՎԱՆՔԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ

Մշկավանքը գտնվում է   Կողբ գյուղից 3 կմ հարավ՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա, Կողբից դեպի վանական համալիր առկա է անտառով ձգվող, գրունտային՝ դժվարանցանելի ավտոճանապարհ։ Մշկավանքը ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում։ Այն  հանդիսանում է չգործող վանական համալիր, որը  կազմված է եղել մի շարք շինություններից։ Դրանցից  պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրան կից գավիթը, հարակից գերեզմանոցը, կիսավեր մատուռը։ Հիմնական շինությունը կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով։ Վանքի մոտակայքում պահպանվել են վանքապատկան շինությունների ավերակներ։ Վանական համալիրում առկա են հարուստ խաչաքանդակներ  եւ  վիմական արձանագրություններ։ Այն  վերանորոգվել է 1955-1960-ական թթ.-ին ճարտարապետներ Հ. Հակոբյանի եւ Յ. Թամանյանի նախագծերով։  2016թ. պետական բյուջեից 10 միլիոն դրամ ֆինանսավորմամբ Մշակույթի նախարարությանը կից  «Էն-Սի-Սի»  ընկերությունը իրականացրել է Մշկավանքի գմբեթի   տանիքի 30 քառակուսի մետր հատվածի  ֆելզիտի մաշված սալիկների փոխարինում բազալտե սալիկներով։ Այդ վերանորոգման նախագծի  ճարատարապետը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի  շինարարական բաժնի  ծրագրի տնօրեն Մերի Դանիելյանն էր։ Ներկայումս Մշկավանքի  վիճակը մտահոգիչ է,  Սուրբ Աստվածածին եկեղեցու  խորանը, քիվերը, ճակատը վատթար վիճակում են, գավթի մի  պատը    փլուզվում է, սակայն այդ խնդիրը  չի մտահոգում ո՛չ ԿԳՄՍ նախարարությանը, ո՛չ Հայ առաքելական եկեղեցուն։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս