Օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը՝ Երեւանում, եւ սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ում տեղի կունենան Հայկոյին նվիրված համերգներ: Ռոմանսների արքա Հայկոն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական հետք թողեց ոչ միայն հայկական ռոմանսի ձեւավորման, այլ նաեւ հայկական ժամանակակից կինոմատոգրաֆիայում: Նրա ստեղծագործությունները ֆիլմը դարձնում են լիարժեք, հուզում ու ոգեշնչում են:
ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար առանձնացրել է, թե հայ հայտնիներից ով ինչպես է շնորհավորել եւ ինչ հիշողություններով է կիսվել:
Հրաչ Քեշիշյան. «Սերը սիրուց հետո… Երբ երգը նոր էր գրվել, ասում էի՝ էս ֆիլմի վերնագիր է… Հիմա մեր համերգի վերնագիրն է: Սերը սիրուց հետո ցավոտ է ու ավելի ուժեղ: Մեզ համբերություն»:
Լիլիթ Կարապետյան. «Հայկո՛ ջան, քո գնալու ժամանակը չէր, համակերպվել անհնար է, շատ մեծ ցավ է բոլորիս համար»։
Քիստինե Պեպելյան. «Այնտեղ` վերեւում, բայց հավերժ այստեղ… Ծնունդդ շնորհավոր, Հայկո՛»:
Նանա Տոնոյան. «Կարոտել եմ անսահման բարի տեսակդ, որ ամենաբարդ իրավիճակներում կողքիս էիր ու խաղաղ… Ծնունդդ շնորհավոր, իմ ամենա՛, ի՛մ Հայկո»:
Սոֆի Մխեյան. «Ոչինչ չի մնա… 2007 թ.-ին Հայկոն տանը՝ դաշնամուրի մոտ, ցույց էր տալիս տարբեր մեղեդիներ, հնչեց այս մեղեդին: Միանգամից արձագանքեցի, ասացի, որ հենց սա շատ է դուրս գալիս, ասաց. «Դու խնդիր չունես, ցավդ տանեմ, էս երգը քեզ…»: Մի քանի օր անց Հայկոն զանգեց. «Սո՛ֆս, Քեշիշյանը ֆիլմ է նկարում, ու քիչ ժամանակ է մնացել, #soundtrack -ն եմ գրում, շատ է սազում էն մեղեդին, որ քեզ ցույց տվեցի, կարո՞ղ է դա տամ ֆիլմին, քո համար նոր մի բան մտածեմ…»:
Իրեն երբեք մերժել չէր լինում. առանց բարդացնելու ասացի` Հայկո՛ս, խնդիր չէ…
Ֆիլմն իմ ամենասիրելիներից է, իսկ այս մեղեդին` ի սկզբանե սրտումս…
Մի օր ոչ մեկս չենք լինի՝ ո՛չ հեղինակները եւ ո՛չ կատարողները, բայց կմնան մեղեդիներն ու կպատմեն Մարդու մասին, նրա հույզերի ու ապրումների, սիրո, երջանկության ու ցավի մասին, նրա ջերմության ու նվիրումի մասին…
Երկնային ծնունդդ շնորհավոր, ընկե՛ր…»:
Կամո Սեյրանյան. «Հայկո՛ ջան, իմ հի՛ն ընկեր, ծնունդդ շնորհավո՛ր: Քեզ շատ եմ կարոտել»:
Հիշեցնենք, որ արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին 48 տարեկանում կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով:
Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է
«Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի 12-րդ համերգի ընթացքում հնչել են Էդվարդ Էլգարի, Սեմյուել Բարբերի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսեյ Շորի, Ջոն Բրաննինգի ստեղծագործությունները։
Համերգը ղեկավարում էր դիրիժոր Դանիել Ռայսկինը, որը Ուինիփեգի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաեւ Բելգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։
Դանիել Ռայսկինը «Սիմֆոնիկ Երեւան» փառատոնի ընթացքում ղեկավարել է 5 համերգ։ Ըստ նրա՝ հնարավոր չէ կապ հաստատել ունկնդրի հետ, եթե կոնտակտ չկա նվագախմբի, երաժիշտների հետ։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դիրիժորը նկատել է, որ մարդկային եւ պրոֆեսիոնալ կոնտակտը կոլեկտիվի հետ շատ հեշտ է ստացվել։
«Մշակութային ընդհանրությունները համախմբում են մեզ։ Դպրոցը, հատկապես՝ լարայինների, շատ հոգեհարազատ է ինձ, ես ինքս նույն դպրոցն եմ անցել։ Ինձ Հայաստանի եւ հայկական երաժշտության հետ երկար տարիներ են կապում, սովորել եմ հայկական ծագում ունեցող նշանավոր ալտահար Քիմ Քաշքաշյանի մոտ, ունեմ բազմաթիվ հայ ընկերներ, ներկայացրել եմ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ, ձայնագրել եմ Խաչատրյանի կոնցերտներն ու ռապսոդիաները։ Այնպես որ, ինձ համար սա մի մշակույթ է, որտեղ ես ինձ շատ հարմար եմ զգում»,- ասում է նա:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ ելույթ է ունեցել Չինաստանը ներկայացնող կիթառահար Շվովֆեյ Յանը։ Վերջինս իր միջազգային հաջողության շնորհիվ ելույթ է ունեցել ավելի քան 50 երկրների հեղինակավոր համերգասրահներում աշխարհի առաջատար նվագախմբերի հետ:
Օգոստոսի 12-25-ը Երեւանում անցկացվել է Symphonic Yerevan միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։
Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Աշնանը արտասահմանում հանգստանալու ամենաէժան տարբերակը Աբխազիան է, իսկ ամենամատչելի ուղղությունները ներառում են Թուրքիան, Հայաստանը, Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Գրեթե բոլոր այս ուղղություններով սեպտեմբեր ամսվա շրջագայությունների արժեքը, օգոստոսի համեմատ, նվազել է «բարձր» սեզոնի ավարտի եւ արձակուրդների ու արձակուրդների շրջանի պատճառով։ Միայն դեպի ԱՄԷ էքսկուրսիաների արժեքը փոքր-ինչ ավելացել է ավելի հարմարավետ եղանակային պայմանների սկսվելու պատճառով. պարզաբանել են ընկերությունում: Ըստ Intourist-ի՝ աշնանային ամենամատչելի արտասահմանյան տուրերը վաճառվում են դեպի Աբխազիա, Եգիպտոս, Հայաստան, Իրան եւ Բահրեյն։ Դեպի Աբխազիա շաբաթական ուղեւորությունների միջին արժեքը մեկ անձի համար կազմում է 25,1 հազար ռուբլի, Եգիպտոս՝ մոտ 53,7 հազար ռուբլի, Հայաստան՝ մոտ 56,5 հազար ռուբլի, Իրան՝ մոտ 93,2 հազար ռուբլի, Բահրեյն՝ մոտ 100,5 հազար ռուբլի։ Տուրօպերատորը հոկտեմբերի 15-ից արձանագրում է դեպի Թուրքիա եւ Աբխազիա տուրերի գների աստիճանական նվազում, մինչդեռ դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Վենեսուելա եւ Մալդիվներ տուրերի արժեքը սեզոնային գործոնով աճում է։
50 ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ղեկավարած թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հնարավոր տեղափոխությունը Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա»։ «Մենք ցանկանում ենք, որ Բերնարդու Սիլվան մնա, բայց ես չեմ ցանկանում, որ թիմում որեւէ մեկը դժգոհ լինի։ Երկու ակումբները պետք է փորձեն հասնել համաձայնության։ Իհարկե, ես ցանկանում եմ, որ նրա նման ֆուտբոլիստը լինի մեր կազմում, բայց Սիլվան շատ է սիրում «Բարսելոնան»»,- Գվարդիոլան նշեց իր խոսքում։ Անցած մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԵՐ
Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը: Աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականներն ունեն հետեւյալ կազմերը` ազատ ոճ՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ): Հունա-հռոմեական ոճ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):