ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավորները պատրաստվում են «վոյաժներին». ով ուր կմեկնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի պատգամավորները հերթական «վոյաժներին» են պատրաստվում: Այս անգամ խորհրդարանականներից մի քանիսը կլինեն Աթենքում, Ռաբաթում, Իզմիրում, Սրատսբուրգում եւ Բեռնում: Այսպես, օգոստոսի 5-ին այն ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին սեպտեմբերի 17-20-ն Աթենք գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Նա այնտեղ կմասնակցի ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Օգոստոսի 8-ին արձակուրդից վերադարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղումների միանգամից մի քանի որոշում է ստորագրել, ըստ այդմ՝ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 21-24-ը Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Վերջինս, ի դեպ, դարձյալ Ալեն Սիմոյանի որոշմամբ, Թուրքիայից անմիջապես Ստրասբուրգ կմեկնի՝ նորից գործուղման: Այստեղ սեպտեմբերի 25-28-ը նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի աշխատանքային խմբի «Խորհրդակցական մասնակցային ժողովրդավարություն» թեմայով քննարկման աշխատանքներին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ սեպտեմբերի 4-6-ը՝ Շվեյցարիայի Բեռն, 7-ին Նյոշատել քաղաքներում ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին կմասնակցի: Ի դեպ, վերոնշյալ բոլոր գործուղումների ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը վճարվելու է ԱԺ բյուջեի՝ հարկատուներիս հաշվին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս