
Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հարց – Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:
Պատասխան – Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց: