ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով պետք է մաքրի քաղաքը փլատակներից. Պատասխանատուները միմյանց վրա են բարդում մեղքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է 16 օր, բայց դեռեւս աղետի գոտի համարվող «Սուրմալու»-ի տարածքից չեն մաքրվել փլատակների հետքերը, չի ապամոնտաժվել պայթունավտանգ վիճակում գտնվող շինությունը, ինչպես նաեւ միակողմանի փակ է «Սուրմալու»-ին հարակից Սեւանի փողոցը: Իսկ ո՞վ է այս ամենի պատասխանատուն:

ArmLur.am-ը կապ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից փորձեց պարզել, թե ե՞րբ է մաքրվելու տարածքը փլատակներից: Սակայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարածքի մաքրման աշխատանքներն իրենց տիրույթում չեն գտնվում:

«Մենք մեր մասով իրականացրել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, իսկ ինչ վերաբերվում է տարածքի մաքրման աշխատանքներին, պետք է որոշի շենքի սեփականատերը: Դա մեր գործառույթներից դուրս է: Իսկ քաղաքապետարանը գուցե որոշակի լծակներ ունի, որով կարող է սեփականատիրոջը հորդորի կամ օրենքով նախատեսված ժամկետ հստակեցնի մաքրման համար»,-նշեց նա:

Դիմեցինք նաե Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչություն՝ նույն հարցի պարզաբանմամբ. «Երբ է մայրաքաղաքը մաքրվելու փլատակներից»: Սակայն քաղաքապետարանից հակադարձեցին ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությանը՝ փոխանցելով, որ քաղաքապետարանը որեւէ լծակ չունի մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու:

«Քաղաքապետարանը մասնավոր տարածքում՝ այս պարագայում պահեստային, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, վթարային վերականգնողական աշխատանքերի հետ որեւէ առնչություն ունենալ չի կարող, քանի որ տարածքը նախկին տեսքի բերելու հետ կապված որեւէ լծակ, գործառույթ կամ պատասխանատվություն մենք չունենք: Դա քաղաքապետարանի գործառույթների մեջ չի մտնում, դա հանրային տարածք չէ: Կարծում եմ Ձեր հարցադրումների պատասխանը կարող եք ավելի ճիշտ ստանալ պատկան կառույցներից: Նույնը վերաբերվում է նաև ճանապարհատվածին, ոլորտը նույնպես մեր տիրույթում չէ»:

Դիմեցինք նաեւ ՀՀ ոստիկաննություն՝ պահանջելով Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը. «Ինչու է պայթյունից 16 օր անց փակ Սուրմալու գնացող Սեւանի բանուկ փողոցը»:

Ներկայացնում ենք նաեւ ճանապարհների մասով պատասխանատու ՀՀ Ոստիկանության անպատասխանատու պատասխանը. «Բնակչությանը նախապես կտեղեկացնենք ճանապարհի բացման մասին: Այս պահին տեղեկություններ չկան»: Ասել է թե՝ ճանապարհը մաքրելու աշխատանքներ չկան ու դեռ հայտնի չէ երբ կմեկնարկեն:

Այսպիսով, ստացվում է, որ պետական եւ հանրային մարմինները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, իսկ մայրաքաղաքը շարունակում է հիշեցնել անտեր գոտի: Իհարկե, փորձեցինք նաեւ սեփականատեր Զախարյաններին գտնել, բայց նրանցից որեւէ մեկը չի պատասխանում հեռախոսազանգերին: Ահա այսպիսի անպատասխանատվությունն էլ բերեց աղետի եւ Սուրմալուի պայթյունի հետեւանքով ունեցանք 16 զոհ,  60 վիրավոր եւ 1 անհետ կորած:

Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս