Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան. նման նախագիծ գործադիրը նախորդ շաբաթ է շրջանառել: Խոսքը, մասնավորապես, բազային կենսաթոշակի մասին է.այն նախատեսվում է բարձրացնել 3000, նվազագույն կենսաթոշակն ու նպաստները՝ 1900 դրամով: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
– Պարո՛ն Պարսյան, կառավարությունը մի քանի հազար դրամով ցանկանում է ավելացնել թոշակներն ու նպաստները: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սա որպես հերթական բարձրացում են ներկայացնում: Ձեր՝ որպես տնտեսագետի տեսակետը ո՞րն է:
– Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնությունը թոշակների, նպաստների բարձրացման, անշուշտ, ողջունելի է: Նման որոշումները պետք է կարեւորել, խթանել, սակայն այդ քաղաքականության առաջիկա գործարկումն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հասցեական ու որոշակի չէ, ավելին՝ հաճախ պոպուլիստական է: Իշխանությունը նման քայլի է գնում, ոչ թե որովհետեւ գնահատում է երկրի սոցիալական իրական վիճակը կամ որովհետեւ ցանկանում է աղքատության առաջացնող հետեւանքները վերացնել, այլ այն բանի համար, որ կառավարական կաբինետին ոչինչ չանելու մեջ չմեղադրեն: Այնպիսի տպավորություն է, որ կառավարության անդամները նման ծրագիր են անում սոսկ հասարակության գնահատականին արժանանալու համար, ու հոգ չէ, թե արդյունք չեն ունենա:
-Իշխանավորներն անընդհատ գլուխ են գովում, թե 2018-ից հետո մի քանի անգամ են թոշակ, նպաստ ու անգամ նվազագուն աշխատավարձ բարձրացրել:
– Նախ՝ հիշեցնեմ, որ կառավարությունը նախատեսում է բարձրացնել բազային թոշակը, որն 28.600 դրամ է: Վերջին անգամ այն հունվարին է ավելացվել 2100 դրամով, այժմ էլ կբարձրանա 1900 դրամով ու կկազմի 30.500 դրամ: Հիշեցնեմ, որ բազային թոշակի հաշվարկը կատարվում է՝ ծայրահեղ աղքատության շեմից ելնելով, այսինքն՝ այդ գումարը նախատեսվում է զուտ պարենային ապրանքներ գնելու համար: Ծայրահեղ աղքատության շեմը հաղթահարած են համարվում այն մարդիկ կամ թոշակառուները, որ բազային թոշակից ավելի թոշակ են ստանում:
Ուշագրավ է, որ անցած տարի սննդամթերքը թանկացել է 12-13 տոկոս, բայց բազային թոշակը բարձրացել է ընդամենը 7-8 տոկոսով,այսինքն՝ 5-ից 6 տոկոսով մարդիկ ավելի քիչ ապրանքներ են կարողացել ձեռք բերել: Ստացվում է՝ անցած տարվա բազային թոշակով՝26.500-ով, մարդիկ ավելի շատ ապրանքներ կարող էին գնել, քան այս տարվա հունվարի 1-ից բարձրացված թոշակով: Հիմա կառավարությունը, անցած տարվա խնդիրը չլուծելով, հասկանում է, որ այս տարվա խնդիրներն է՛լ ավելի են մեծացել: Հաշվի առնելով, որ, այս տարվա հուլիս ամսվա կտրվածքով, սննդամթերքը թանկացել է 13.9, հացաբուլկեղենը՝ 15, բրինձը՝ 14, ալյուրը՝ 16.8, հացը՝ 14.4, միսը՝ 10 տոկոսով, կառավարությունը որոշել է, այսպես ասած, մեղմել այս տարվա գնաճի հետեւանքները:
ՀՀ քաղաքացիները, անցած տարվա հետ համեմատած, բարձրացված 1900 դրամով չեն կարողանալու գնել նույն քանակությամբ ապրանքներ:
– Մի քանի հազար դրամն ինչպե՞ս կարող է զսպել օր օրի ահագնացող գնաճը:
– Կառավարությունը սոցիալական այս հետեւանքները մեղմելու կամ նվազագույնի հասցնելու համար պետք է գոնե 14 տոկոսով՝ 4000 դրամով բարձրացներ բազային թոշակը: Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այս տարի արդեն 2 անգամ ինդեքսավորել է թոշակը ապրիլ-հունիս ամիսների գնաճը վերացնելու նպատակով: Հիմա մեր կառավարությունը ուղղակի, առանց որեւէ հաշվարկի, ուսումնասիրությունների, որոշել է սեպտեմբերին բարձրացնել թոշակը, ինչն ապացուցում է, որ գործադիրը հերթական անգամ բավական լուրջ գումարներ է փոշիացնում:
Միանշանակ է, որ մենք չենք կարող չընդունել կամ մերժել այսպիսի ծրագրերը, քանի որ, բացի այն, որ յուրաքանչյուր թոշակառուի համար մի քանի հազար դրամի ավելացումը կարող է լուրջ խնդիր լուծել, այն նաեւ խիստ անհրաժեշտ է: Բայցեւ, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ պետական կառավարման տեսանկյունից նման կերպով թոշակների բարձրացումն անարդյունավետ մոտեցում ու քաղաքականություն է:
Սեւակ Վարդումյան