ՀՀԿ գործադիր մարմնի նիստը չի կայանա նաեւ այսօր: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ մեկ անգամ արդեն ՀՀԿ-ն հետաձգել էր գործադիր մարմնի նիստը` հինգշաբթի օրվանից այն տեղափոխելով ուրբաթ: Հիմա, փաստորեն, նրանք կրկին հետաձգում են, հավանաբար մինչեւ երկուշաբթի կամ ավելի ուշ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դեռ նախօրեին ՀՀԿ-ից զանգահարել են կուսակցության գործադիր մարմնի անդամներին` տեղեկացնելով, որ ուրբաթ օրը` 20:30-ին, նիստ են անցկացնելու: Սակայն հետո ՀՀԿ-ում փոշմանել են: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն, ստեղծված իրավիճակում ելք չգտնելով, սկսել է կամաց-կամաց նահանջել` մեղմացնելով իր դիրքորոշումը: Թեեւ չի բացառվում, որ ՀՀԿ-ն այսպես ժամանակ է տվել ԲՀԿ-ին` կողմնորոշվելու համար:
Ինչո՞ւ, որովհետեւ ԲՀԿ-ն այս անգամ բավականին ճիշտ մարտավարություն ընտրեց` լռություն պահպանելով: Նա միայն «մեսիջների» մակարդակով հասկացնել տվեց, որ չի պատրաստվում ո՛չ թուղթ ստորագրել, ո՛չ դուրս գալ կոալիցիայից: Արդյունքում ՀՀԿ-ականները հասկացան, որ այս անգամ արդեն Գագիկ Ծառուկյանը չի ստորագրի ներկայացվելիք հայտարարությունը: Իսկ եթե ներկայացվեր տեքստ, ու Ծառուկյանը չստորագրեր, այն կարող էր դիտվել որպես ՀՀԿ դիրքերի թուլացում, իսկ դրան հաջորդող պատերազմը ԲՀԿ վարկանիշն, ըստ էության, միայն կավելացներ: Ուստի չկարողանալով մի կողմից համոզել ԲՀԿ-ական գործընկերոջը, իսկ մյուս կողմից չգտնելով ելքեր` Սերժ Սարգսյանը որոշել է ժամանակավորապես նահանջել:
ԲՀԿ-ի դեմ քողարկված դեմարշն ու անհնազանդությունը, սակայն, անհետեւանք չեն մնա. Սերժ Սարգսյանը` որպես հմուտ շախմատիստ, ԲՀԿ-ի դեմ պայքարելու է աննկատ, մինչեւ հասնի իր ուզածին:
Բայց այս ամենի մեջ հետաքրքիրը ՀՀԿ-ականների հրապարակային պահվածքն էր: ՀՀԿ խոսնակը հինգշաբթի օրվա գործկոմի նիստից հետո հայտարարեց, որ քննարկվել են ներքաղաքական հարցեր: Իսկ երկուշաբթի օրվա ասուլիսում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը հրապարակավ տեղեկացրել էր, թե «առաջիկա հինգշաբթի կշարունակվի քննարկումը, եւ մենք հանդես կգանք հայտարարությամբ»: Ասուլիսից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սահակյանը զանգահարել էր ԲՀԿ եւ արդարացել, թե ինքը կոալիցիոն գործընկերոջ դեմ որեւէ վատ բան չի ասել, այլ լրագրողներն են իր միտքն աղավաղել: Բայց այս դեպքում նույնիսկ դա չէ կարեւորը:
Խնդիրն այն է, որ մի ամբողջ կուսակցության մեջ չկա մի լուրջ մարդ, որը կարողանա անփոփոխ տեսակետ հայտնել քաղաքական այս կամ այն իրադարձության վերաբերյալ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասում է, թե իրենք ԲՀԿ-ի հետ խնդիր չունեն: Հաջորդ օրը երիտասարդ ՀՀԿ-ականներն ասում են, թե կոալիցիայի ներսում ԲՀԿ-ի հարցն է քննարկվում: Իսկ երեկ արդեն ՀՀԿ խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ չեն նախատեսել ո՛չ երեկ, ո՛չ էլ նախօրեին, եւ ընդհանրապես` գործադիր մարմնի հերթական նիստ անցկացնելու օրը հստակ պարզ չէ: «Գործադիր մարմնի նիստ հրավիրում է կուսակցության նախագահը` գործադիր մարմնի 1/3-ի առաջարկով, այս պահին որեւէ առաջարկ չի եղել նիստ գումարելու հարցով: Ըստ կարգի` նիստ գումարվում է ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ: Մենք անցած շաբաթ նիստ արել ենք: Չեմ կարող ասել, թե հաջորդ նիստը երբ կլինի»,-ասաց Շարմազանովը:
Ի դեպ, նույն Շարմազանովը մշտապես, իրեն տրված հարցերին ի պատասխան, ասում էր, թե ամեն հինգշաբթի իրենք կուսակցությունում գործկոմի նիստ են անցկացնում, եւ այդտեղ արտառոց որեւէ բան չկա: Ավելին, պետք չէ Սերժ Սարգսյանի` ամեն շաբաթ կուսակցություն կատարած այցը համարել արտառոց իրադարձություն: Փաստորեն, այս շաբաթ անգամ ՀՀԿ հերթական նիստ տեղի չի ունենա: Տեսնես ինչո՞ւ, պարո՛ն Շարմազանով:
ՆԱՀԱՆՋ` ԵՐԳՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ