Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ժամանակ պաշտոնեական անփութություն կատարելու մեջ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Այսպես.

Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռակա­նություն, օպերատիվ ու ճկուն չի արձա­գանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։

Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։

Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի-Քարինտակ խաչմերուկից մինչև «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարինտակ բնակավայրը, Շուշի-Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։

Բացի դրանից՝ Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռևս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշ­ման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին և դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների և աշխարհազորի միջև անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչև Շուշի-Քարինտակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։

Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի – Քարինտակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:

2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):

Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս