Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան. նման նախագիծ գործադիրը նախորդ շաբաթ է շրջանառել: Խոսքը, մասնավորապես, բազային կենսաթոշակի մասին է. այն նախատեսվում է բարձրացնել 3000, նվազագույն կենսաթոշակն ու նպաստները՝ 1900 դրամով: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
-Պարո՛ն Պարսյան, կառավարությունը մի քանի հազար դրամով ցանկանում է ավելացնել թոշակներն ու նպաստները: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սա որպես հերթական բարձրացում են ներկայացնում: Ձեր՝ որպես տնտեսագետի տեսակետը ո՞րն է:
-Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնությունը թոշակների, նպաստների բարձրացման, անշուշտ, ողջունելի է: Նման որոշումները պետք է կարեւորել, խթանել, սակայն այդ քաղաքականության առաջիկա գործարկումն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հասցեական ու որոշակի չէ, ավելին՝ հաճախ պոպուլիստական է: Իշխանությունը նման քայլի է գնում, ոչ թե որովհետեւ գնահատում է երկրի սոցիալական իրական վիճակը կամ որովհետեւ ցանկանում է աղքատության առաջացնող հետեւանքները վերացնել, այլ այն բանի համար, որ կառավարական կաբինետին ոչինչ չանելու մեջ չմեղադրեն: Այնպիսի տպավորություն է, որ կառավարության անդամները նման ծրագիր են անում սոսկ հասարակության գնահատականին արժանանալու համար, ու հոգ չէ, թե արդյունք չեն ունենա:
-Իշխանավորներն անընդհատ գլուխ են գովում, թե 2018-ից հետո մի քանի անգամ են թոշակ, նպաստ ու անգամ նվազագուն աշխատավարձ բարձրացրել:
-Նախ՝ հիշեցնեմ, որ կառավարությունը նախատեսում է բարձրացնել բազային թոշակը, որն 28.600 դրամ է: Վերջին անգամ այն հունվարին է ավելացվել 2100 դրամով, այժմ էլ կբարձրանա 1900 դրամով ու կկազմի 30.500 դրամ: Հիշեցնեմ, որ բազային թոշակի հաշվարկը կատարվում է՝ ծայրահեղ աղքատության շեմից ելնելով, այսինքն՝ այդ գումարը նախատեսվում է զուտ պարենային ապրանքներ գնելու համար: Ծայրահեղ աղքատության շեմը հաղթահարած են համարվում այն մարդիկ կամ թոշակառուները, որ բազային թոշակից ավելի թոշակ են ստանում: Ուշագրավ է, որ անցած տարի սննդամթերքը թանկացել է 12-13 տոկոս, բայց բազային թոշակը բարձրացել է ընդամենը 7-8 տոկոսով, այսինքն՝ 5-ից 6 տոկոսով մարդիկ ավելի քիչ ապրանքներ են կարողացել ձեռք բերել: Ստացվում է՝ անցած տարվա բազային թոշակով՝ 26.500-ով, մարդիկ ավելի շատ ապրանքներ կարող էին գնել, քան այս տարվա հունվարի 1-ից բարձրացված թոշակով: Հիմա կառավարությունը, անցած տարվա խնդիրը չլուծելով, հասկանում է, որ այս տարվա խնդիրներն է՛լ ավելի են մեծացել: Հաշվի առնելով, որ, այս տարվա հուլիս ամսվա կտրվածքով, սննդամթերքը թանկացել է 13.9, հացաբուլկեղենը՝ 15, բրինձը՝ 14, ալյուրը՝ 16.8, հացը՝ 14.4, միսը՝ 10 տոկոսով, կառավարությունը որոշել է, այսպես ասած, մեղմել այս տարվա գնաճի հետեւանքները: ՀՀ քաղաքացիները, անցած տարվա հետ համեմատած, բարձրացված 1900 դրամով չեն կարողանալու գնել նույն քանակությամբ ապրանքներ:
-Մի քանի հազար դրամն ինչպե՞ս կարող է զսպել օր օրի ահագնացող գնաճը:
-Կառավարությունը սոցիալական այս հետեւանքները մեղմելու կամ նվազագույնի հասցնելու համար պետք է գոնե 14 տոկոսով՝ 4000 դրամով բարձրացներ բազային թոշակը: Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այս տարի արդեն 2 անգամ ինդեքսավորել է թոշակը ապրիլ-հունիս ամիսների գնաճը վերացնելու նպատակով: Հիմա մեր կառավարությունը ուղղակի, առանց որեւէ հաշվարկի, ուսումնասիրությունների, որոշել է սեպտեմբերին բարձրացնել թոշակը, ինչն ապացուցում է, որ գործադիրը հերթական անգամ բավական լուրջ գումարներ է փոշիացնում: Միանշանակ է, որ մենք չենք կարող չընդունել կամ մերժել այսպիսի ծրագրերը, քանի որ, բացի այն, որ յուրաքանչյուր թոշակառուի համար մի քանի հազար դրամի ավելացումը կարող է լուրջ խնդիր լուծել, այն նաեւ խիստ անհրաժեշտ է: Բայցեւ, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ պետական կառավարման տեսանկյունից նման կերպով թոշակների բարձրացումն անարդյունավետ մոտեցում ու քաղաքականություն է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՄԱՐՎՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԸ
Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանը մի ուշագրավ փաստ է հրապարակել՝ «Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ (զարթնե՜ք Լաո եւ Պողոս եղբայրներ) շուրջ» խորագրով: Նա ներկայացրել է ԶՊՄԿ եւ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ միջեւ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրից քաղվածք եւ հայտնել. «Այս առքուվաճառքի մասին, չգիտես՝ ինչու, հանրությանը ավետեցին 2021թ հոկտեմբերի 1֊ին այն դեպքում, երբ կնքվել էր 2021թ հունիսի 16֊ին։ Փատաթղթում, մասնավորապես, ուշագրավ է հետեւյալ 2 փաստը.
- 2021թ հունիսի 16-ը ԱԺ ընտրություններից 4 օր առաջ էր, եւ Վահե Հակոբյանը դեռեւս ԶՊՄԿ խորհրդի անդամ էր։ Ինչո՞ւ ընտրողին չներկայացվեց այս վաճառքի տեղեկատվությունը (հարցը ճշտելու նպատակով, ցավոք, Վահե Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց)։
- Համաձայն փաստաթղթի 2-րդ կետի` գնորդը ԶՊՄԿ բաժնետոմսերի 15%-ը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, բայց ոչ երբեք վարչապետի աշխատակազմին, ինչպես ներկայացվեց հանրությանը։
Հ.Գ. «Նվերը», փաստորեն, տրվել է բոլորիս` 3 միլիոն քաղաքացիներիս, բայց, չգիտես՝ ինչու, այն տեղ չհասավ. կարող էր, օրինակ, ուղղվել վարկերի տակ կքող բնակչության ինչ-ինչ պարտավորությունների մարմանը։ Հիշեցնեմ, որ 2003 թվականին նույն Քաջարանի պղնձամոլիբդենայինի մասնավորեցումից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին մեծահոգաբար 27 միլիոն դոլարը ուղղեց 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին՝ ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը։ Ահա այսպես վարվեցին նվերի հետ «թալանչիները»… Օտակար է իմանալ այս փաստը»։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը կապ հաստատեց Տիգրան Մուրադյանի հետ՝ խնդրելով պարզաբանել՝ երբ եւ ինչ պայմաններում է նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, կոմբինատի վաճառքից գոյացած գումարը բաժանվել ՀՀ քաղաքացիների սպառած էլէներգիայի վարձավճարի փոխհատուցման համար: Նա ներկայացրեց նաեւ այդ որոշումը, որտեղ կարդում ենք.
«Կառավարության որոշմամբ՝ ԶՊՄԿ վաճառքից գոյացած 132 մլն դոլարից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին 27 միլիոն դոլարը ուղղել է 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը»: Այսինքն՝ իսկապես քաղաքացիներին բաժին է հասել ԶՊՄԿ մասնավորեցման գումարից: Իսկ հիմա, երբ Կառավարությունը նույն ԶՊՄԿ-ից նվեր է ստացել, ի՞նչ է ստացել ՀՀ շարքային, հպարտ քաղաքացին. ոչինչ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Քաղաքական դաշտի ընդդիմադիր խաղացողները, որ մի քանի թեւի են բաժանվում, դեռ խաղաքարտերը չեն բացում, թե ինչ են պատրաստվում անել, այսպես ասած, «թեժ աշնանն» ընդառաջ։ Այժմ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Անկախություն» շարժումն է ակտուալ։ Նախկին մարզպետը, սակայն, Հանրապետության հրապարակում մեկ հանրահավաք կազմակերպելուց հետո է՛լ ոչինչ չի նախաձեռնել։ Նրա կողմից կազմակերպվելիք հաջորդ հավաքը, ըստ նախապես հայտարարվածի, մեկ էլ սեպտեմբերի 21-ին կլինի։
«Դիմադրություն» շարժումն է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը հանրահավաքի պատրաստվում։ Բայց թե ինչ են ասելու կամ ինչպես են գործելու, դեռեւս հայտնի չէ։
ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե «թեժ աշնանն» ընդառաջ ինչ է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը. կվերադառնա՞ն արդյոք խորհրդարանական աշխատանքին։ «Այս պահին խորհրդարան գնալու օրակարգ չունենք, նման հարց չի քննարկվում»,- մեզ ասացին թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները։ ԱԺ հերթական՝ աշնանային նստաշրջանը, նշենք, սեպտեմբերի 12-ին կմեկնարկի։
ՆՈՐՄ ԿՍԱՀՄԱՆԵՆ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Կառավարության կողմից որոշում կայացնելու համար նորմ կսահմանվի։ Բանն այն է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ կառավարության համար նախատեսված չէ: Տվյալ դեպքում նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է կառավարության համար նման կարգ սահմանելու համապատասխան լիազորող նորմ սահմանել։ Իսկ, ահա, լրավճարը, ըստ օրենքի, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում եւ չափերով, հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից եւ պարգեւատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձեւի վարձատրությունն է:
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին եւ վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին եւ վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, որոնք հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: