ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԳԾՈՂ ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արյունալի պատերազմից երկու տարի անց պետությունը բանակի վերաբերյալ մեկ առաջարկ է արել, ու այն ակնհայտորեն խտրական, սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը ընդգծող նախագիծ է. իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի տեսակետն է՝ բանակից գումարի դիմաց ազատվելու նախագծի մասին:

 

Փաշինյանի կաբինետը՝ ի դեմս մասնագիտությամբ պատմության ուսուցիչ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, նոր օրինագիծ է հրապարակ բերել, որ սահմանում է վճարել 24 մլն դրամ կամ 60 հազար ամերիկյան դոլար, ընդամենը 4.5 ամիս զինվորական ծառայություն անցնել ու ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ գումարով, ասում են, մերօրյա իշխանավորները, պետությունը պայմանագրային զինծառայողին է՛լ ավելի բարձր աշխատավարձ կտա:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ եթե օրենքն ընդունվի, ապա այն ոչ միայն խորացնելու է երկրում առկա բեւեռացումը, այլեւ մեծացնելու է անվստահությունը բանակի նկատմամբ:

Առանց այդ էլ, հավելում է մեր զրուցակիցը, «Բանակ» ինստիտուն այնքան է վարկաբեկվել, որ լրջագույն քայլեր պետք է իրականացվեին, բանակային ռեֆորմներ՝ բանակի հանրային ընկալումները փոխելու համար:

«Սակայն մենք տեսնում ենք, որ նման նախագծով էլ մարդիկ բանակն է՛լ ավելի են ընկալելու որպես անցանկալի մի տեղ, որտեղ հայտնվողները անվճարունակներ, անպահովներ ու անճարներ են»,- ասում է  Զարուհի Հովհաննիսյանը:

Բանակում ծառայելուց ազատվելու վրա, իհարկե, զարմանալ պետք չէ. նմանատիպ, պարզապես՝ չգրված օրենք գոյություն է ունեցել ՀՀ երրորդ Հանրապետության անկախության ստեղծումից ի վեր, երբ կլորիկ կաշառքի դիմաց մեծահարուստներին, հովանավորյալներին, արտոնյալներին, պաշտոնյաներին փոխկապակցված անձինք ազատվել են ծառայությունից: Փաշինյանի իշխանությունը, փաստորեն, քրեորեն պատժելի այդ «նորմին» իրավական ուժ տալ է ցանկանում:

Զարուհի Հովհաննիսյանը ցավով է նշում՝ այսօրվա կառավարությունը չի կարողացել նոր բան մտածել ու իրագործել, քան երեսուն տարի եղած վարքերի ու բարքերի լեգիտիմացումը:

«Դեռեւս 1990-ականներին մարդիկ վաճառում էին իրենց բնակարաններն ու Վազգեն Սարգսյանի մեթոդներով փողոցից բանակ բռնի կերպով տեղափոխված իրենց երեխաներին փորձում էին ազատել՝ փրկագին կաշառք վճարելով: Հիմա նույն սակագներն են. միջին կարգի բնակարանի գին վճարելով՝ մարդիկ պետությունից կգնեն իրենց կյանքի, առողջության, կրթության իրավունքը»,- հավելում է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում էր գրել, որ նախատեսում է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, Փաշինյանը, սակայն, չէր մանրամասնել, որ դրան նախատեսում են հասնել այս ճանապարհով. «Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ պետք է անցնի պրոֆեսիոնալ բանակի, բայց պրոֆեսիոնալ բանակը բավականին թանկ հաճույք է, ժողովո՛ւրդ։ Եվ մենք որպեսզի էդ հաճույքը կարողանանք կյանքի կոչել, պիտի փոխենք մեր ընկալումը մասնավորապես մի կարեւորագույն ինստիտուտի նկատմամբ. դա հարկեր վճարելու ինստիտուտն է»։

Խոստումները՝ խոստումներ, բայց դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել, ու ինչ վերաբերում է բանակի ռեֆորմներին, ապա, մեր զրուցակցի գնահատմամբ, մինչեւ այս պահը  որեւէ մեկն այդ մասին չի մտածել, թե, օրինակ, ինչպիսին պետք է լինեն ՀՀ զինված ուժերը: Հովհաննիսյանը վստահ է՝ այժմ արվում է հնարավորը, որ հասարակության մեջ է՛լ ավելի խորանա անջրպետը հարուստների ու աղքատների, ապահովվածների ու անապահովների միջեւ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

4 ՏԱՐԻ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

2018 թ.-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո, «քայլիստները» մտան Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի նախկին տնօրեն Սամվել Առաքելյանի սենյակ եւ նրան  հրաժարական պարտադրեցին: Դրանից հետո Իջեւանի մասնաճյուղի տնօրենի թեկնածուների մեջ էր վարչապետ Փաշինյանի քավորի` Իջեւանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընկերը` Հայկ Քամալյանը, որը շարքային դասախոս էր, մյուս թեկնածուները դոկտոր-պրոֆեսորներ էին։ Անցած 4 տարում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն չընտրվեց, որպես մասնաճյուղի  տնօրենի պաշտոնակատար պաշտոնավարում է Անուշավան Մակարյանը

 

 

 

ՁԵՎԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ

2018թ. հունվարի 15-ին կայացած Լուսաձոր համայնքի  ավագանու  նիստին ներկա ավագանու 4 անդամները  որոշել են համաձայնություն տալ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող  ջրովի 16.38138 հեկտար վարելահողը տարեկան 819 հազար 69 դրամ վարձավճարով եւ անջրդի 4. 30956 հեկտար վարելահողը՝  172 հազար 400 դրամ վարձավճարով,  5 տարի ժամկետով, մրցութային կարգով տրամադրելու մասին Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդար Սարդարյանի առաջարկությանը։ Նույն նիստի օրակարգի 2-րդ կետով որոշվել է հաստատել վարձակալության մեկնարկային գինը եւ հավելաճի քայլը, 3-րդ կետով ավագանին համայնքի ղեկավարին պատվիրել է ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախատեսել համապատասխան փաստաթղթերը այն կազմակերպելու եւ անցկացնելու համար։

Լուսաձոր համայնքի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  հայտնեցին, որ մինչ  ավագանու 2018թ. հունվարի 15-ի նիստը  ավելի քան 16 եւ 4 հեկտար  հիշյալ վարելահողերը համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը վարձակալությամբ տվել է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին, 2017թ.-ի աշնանը այդ  վարելահողերում ցանվել է աշնանացան ցորեն, առվույտ եւ կորնգան, ցանված ցորենի բերքը հիմնադրամի կողմից 2018թ. ամռանը բաժանվել է Լուսաձորի բնակիչներին։ Փաստորեն, տեղի է ունեցել  հողերի վարձակալության կեղծ մրցույթ։  Նշենք, որ համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը նախկինում ձեւական աճուրդներ է կազմակերպել։ Վերջերս տարածվեց ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, ուր նշված է, որ  ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձեւական աճուրդներ եւ տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձեւական աճուրդի 7 դրվագ։ Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, որտեղ քրեական գործը «քնեցրել  են»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին նշանակված են Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։  Ավարտվել է  Բերդ համայնքի  ավագանու ընտրությունների համար  թեկնածուների  առաջադրումը։  Բերդ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության   առաջին համարը Բերդի  միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանն է։ «Արդարություն» կուսակցության եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության  ստեղծած դաշինքի՝ «Արժանապատիվ սերունդի» թեկնածուների ցանկը գլխավորում է Աշոտ Մելիքյանը, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հերթափոխի պետն է, նախկինում Բերդում գործող ձեռնոցների գործարանի հերթափոխի պետ է եղել։  «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքը  ներկայացել է  «Զորավոր համայնք» անվանումով, որի նախընտրակյան ցուցակի առաջին համարը Հարություն  Մանուչարյանն է։

2012թ.-ից՝ Բերդի քաղաքապետ, 2017-ից Բերդի խոշորացված համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։ Նա  իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հ. Մանուչարյանն անազատության մեջ է  2021թ.-ի նոյեմբերի 9-ից։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հայտնեցին Բերդ համայնքից, որ Հ. Մանուչարյանի նախընտրական  շտաբը ղեկավարելու է  Բերդ համայնքի Նավուր  բնակավայրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը։ Վերջինս  1999 թվականից  մինչեւ 2017 թվականը Նավուր համայնքի ղեկավարն էր, 2017-ից մինչեւ այժմ՝ Նավուր բնակավայրի վարչական ղեկավարը: Նիգոյանը հայտնեց, որ  Բերդ խոշորացված համայնքի վարչական ղեկավարները, ժողով անելով, որոշել  իրեն առաջադրել «Զորավոր համայնք» դաշինքի  նախընտրական շտաբի պետի պաշտոնում։ Արամ Նիգոյանը   ներկայումս զբաղված է Նավուրում գյուղատնտեսական աշխատանքներ ղեկավարելով, սակայն դրանք ավարտելով՝ ամենայն հավականությամբ,  կգխավորի «Զորավոր համայնք»    դաշինքի  նախընտրական շտաբը։ Նա ասաց, որ ինքն այդ նախընտրական ցուցակի 5-րդ համարն է, ուստի ավագանու  ընտրություններից առաջ արձակուրդում  է գտնվելու։ Ա. Նիգոյանը երկար ժամանակ  ԱԻՄ կուսակցության  հավատարիմ, նվիրյալ  անդամ է։

 

 

 

ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբերյան խոշորացված համայնքի Այրում քաղաքի վարչական ղեկավար Արշակ Էվինյանի՝ որպես Այրում բնակավայրի  վարչական ղեկավարի լիազորությունները կասեցված են. այս մասին տեղեկացանք Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանից։ Քննչական կոմիտեն կասկածում է, որ ԵՊՀ «Իրավագիտություն» ֆակուլտետից Ա. Էվինյանին տրված   դիպլոմը կեղծ է։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս