Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկում  գրանցված է  212 ատրակցիոն, որոնցից 134-ը գտնվում են Երեւան քաղաքում, 78-ը՝ մարզերում: 2022 թվականի օգոստոսի տվյալներով՝ ընդհանուր փորձաքննության են ենթարկվել եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն են ստացել դրանցից 139-ը, որոնցից 50-ը գտնվում են մարզերում, 89-ը՝ Երեւանում:

 

«Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի՝ յուրաքանչյուր արտադրական օբյեկտ, այս դեպքում՝ ատրակցիոնը, տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության, եւ իրավունք ունի շահագործվելու միայն փորձաքննության տեխնիկական ավտանգության դրական եզրակացություն ունենալուց հետո»,- ասել է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը:

Փորձաքննության ընթացքում լինում են թերություններ, որոնք չեն հանդիսանում անմիջապես դեպքի սպառնալիք, այս դեպքում կազմվում է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, սահմանվում է ժամանակացույց տվյալ շահագործողի հետ դրանց վերացման վերաբերյալ: Երբ վերացվում են այդ թերությունները,  փորձագիտական խումբը կրկնակի ուսումնասիրություն է իրականացնում, եւ երբ տեսնում են, որ խնդիրները վերացված են,  նոր տալիս են փորձաքննության դրական եզրակացություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից բացասական եզրակացություն ստանալուց հետո իրականացվում է ստուգում. եթե պարզվում է, որ ատրակցիոնը չունի դրական եզրակացություն, բայց շահագործվում է, իրականացվում է համապատասխան վարույթ: Տնտեսավարողը  տուգանվում է 1 միլիոն դրամ, եւ կասեցվում է գործունեությունը, ինչպես նաեւ հետեւում են, որ ատրակցիոնը ապօրինի չշահագործվի, մինչեւ չվերացվեն բոլոր թերությունները, եւ կրկնակի փորձաքննություն չանցնեն:

ՀՀ ԱԻՆ-ում առկա է 41 ատրակցիոնի տվյալներ, որոնք 2022 թվականի մայիսի դրությամբ չեն ենթարկվել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության:

Ըստ այդ ցանկի՝ 2022 թվականի մայիսին  իրականացրել  են ստուգումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանց մի մասը եղել են  չգործող, կամ ընդհանրապես ատրակցիոններ չեն հայտնաբերվել, ենթադրաբար քանդվել են ու այլեւս գոյություն չունեն: Եղել է նաեւ հասցե, որտեղ համայնքի ղեկավարի որոշումով տվյալ ատրակցիոնը ապամոնտաժված է եղել: Ինչպես նաեւ ստուգման պահին եղել են հասցեներ, որոնք արդեն փորձաքննության կամ վերանորոգման փուլում են, եւ իրենք գրություն են ստացել տնտեսավարողից, որ վերանորոգումից հետո համապատասխան փաստաթղթով տեղյակ կպահեն փորձաքննության արդյունքների վերաբերյալ:

Ոչ մի ատրակցիոն շահագործման չի ենթարկվի, առանց համապատասխան փորձաքննության դրական եզրակացության: Փորձաքննության ընթացքում ստուգվում են  ատրակցիոնի անվտանգության բոլոր հանգույցները: Եթե տրվում է  բացասական եզրակացություն, ապա  դա ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղ արգելում են ատրակցիոնի շահագործումը, մինչեւ չունենան դրական եզրակացություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս