ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը վերջին շրջանում պարբերաբար ահազանգող հրապարակումներով է հանդես գալիս եւ իր մտահոգությունները ներկայացնում հայկական բալետի կործանման մասին:
ArmLur.am-ի հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանը, որն այս պահին գտնվում է Վաշինգտոնում, խոսել է իրեն անհանգստացնող խնդիրների մասին:
«Բալետն այն արվեստի ճյուղն է, որը լեզու չունի, բայց կարողանում է խոսել վաղվա օրվա մասին, այն մասին, թե ուր ենք գնում, եւ ինչ պետք է կատարվի: Մեզ մոտ սովետական հին ձեւն է մնացել: Եթե մեր բալետի խաղացանկը նայեք, կտեսնեք «Չիպոլինո», որը մեզ հետ, մեր մշակույթի հետ որեւէ առնչություն չունի, եւ այն բեմադրվել է 1960-ական թվականներին Ռուսաստանում: Այսօր բեմադրել են «Ռոմեո եւ Ջուլիետ», որը 50 տարի առաջ իմ վրա են բեմադրել, ես եմ խաղացել: Պետք է բեմադրություններ անել եւ նորովի մատուցել հանդիսատեսին. չէ՞ որ այսօրը տարբեր է վաղվա օրից: Մենք այսօր չենք կարողանում հին ֆիլմերը նայել, քանի որ ձգտում ենք՝ ռիթմն ու տեմպը տարբեր լինի, համահունչ լինի մեր այսօրվա կյանքին, իսկ մեզ մոտ միայն ու միայն հինն է: Ես չգիտեմ՝ դա սովետական ձեւն է, թե հատուկ մտածված է այս թշնամությունը արվում հայ ազգի նկատմամբ: Մենք ունենք մեր ազգային խնդիրները, որոնք աշխարհին, ժողովրդին պետք է ցույց տանք մեր օպերային ներկայացումներով, մեր արվեստի միջոցով պետք է այդ խնդիրները բացենք, ցույց տանք, ինչը, ցավոք, չի արվում»,-ընդգծեց նա:
Ինչպես հիշում է Ռուդոլֆ Խառատյանը, Սովետական Միությունը «Կարապի լիճը» ներկայացման միջոցով կարողանում էր քաղաքական հարցեր լուծել. «Իսկ այսօր մենք լրիվ խնդիրները թողել ենք, մեր հանդիսատեսին պետք է կրթենք, դաստիարակենք խիզախություն սերմանենք: Կարծում եմ՝ այս հարցերը երկարատեւ լուծում են պահանջում, եւ բալետը շատ բանի մասին է խոսում: Մենք ամեն օր հող ենք կորցնում, տարածք ենք կորցնում՝ առանց հասկանալու, որ սրանք են պատճառները: Մեր անփութության պատճառով է, որ այսօր պետականություն ենք կորցնում»:
Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ այսօր մեր բալետն ունի նախանձելի երիտասարդներ, որոնց պետք է բերել եւ թույլ տալ, որպեսզի զարգացնեն, նոր գաղափարներ ներդնեն, ընդգրկվեն թատրոնի ներկայացումների մեջ, ոչ թե հիասթափեցնել:
«Իմ ներկայացումները բալետային խաղացանկից հեռացնելը, կարծում եմ, թշնամություն է ոչ թե իմ, այլ մեր երկրի հանդեպ, որովհետեւ իմ բեմադրություններն այսօր ցուցադրվում են MEZZO TV-ով, որը 60 մլն լսարան ունի։ Ավստրիայի թատրոնն էր հետաքրքրված, որ ներկայացնի Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիմքի վրա բեմադրված «Զույգ Արեգակներ» բեմադրությունը, հետո ճապոնական հեռուստատեսությունն անդրադարձավ դրան, իսկ թատրոնի ներկայիս ղեկավարությունն ասում է՝ չենք կարող խաղացանկ բերել, որովհետեւ, կներեք արտահայտությանս համար, ասացին՝ էշություն է: Բեմադրել եմ Շառլ Ազնավուրի մասին «Լա բոհեմ» ներկայացումը, որը պատրաստել եմ՝ անձամբ իր հետ համագործակցելով, եւ նա այսպես զամացած նայում էր բեմադրությունը, բայց այսօր դրանք չեն ցուցադրվում: Կարծես հայկականությունը մեր մեջից փորձեն հատուկ հանել. ես չեմ հասկանում, դա հատո՞ւկ է արվում մեր ղեկավարության կողմից»,- մեզ հետ զրույցում եզրափակեց մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՅԱՑԱՎ «ՁՅՈՒՆԵ ԹԱԳՈՒՀԻՆ» ՍԱՌՑԵ ՇՈՈՒՆ
Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-ին եւ 27-ին կայացավ «Ձյունե թագուհին» սառցե շոուն: Դերերում համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ են տարբեր երկրներից, նաեւ մարզիկներ՝ Հայաստանից:
Գեղասահքի դպրոցի մարզիչ Էլեն Համբարձումյանը, որը ներկայացման մեջ հանդես եկավ երեք կերպարներում, նշեց, որ հատուկ բեմադրության համար երաժշտություն է գրվել, որը օգնեց դերասաններին ներխուժել հեքիաթ։ «Ամենը ստեղծված է, որ մեր հանդիսատեսը իրեն զգա հեքիաթում։ Նմանատիպ միջոցառումները գեղասահքն ավելի մասսայական են դարձնում»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայացումը կհետաքրքրի ե՛ւ մեծերին, ե՛ւ փոքրերին։
Սպորտի միջազգային վարպետ Սլավիկ Հայրապետյանն ընդգծեց, որ նման շոուներին մասնակցելը փորձի ձեռքբերում, նոր հմտություններ է տալիս։ «Գեղասահքը ոչ միայն սպորտ է, այլեւ արվեստ։ Այս բեմադրության մեջ բոլորս իրար օգնում ենք, մեր տարիների փորձը փոխանցում պատանի գեղասահորդներին»,-հավելեց նա:
ԲԱՑՎԵՑ «ՊԱՐՄԱՅԻ ՍԻՐՏԸ» ՖԻԼՄՈՎ
Մոսկվայի միջազգային կինոփառատոնը (ՄՄԿՓ) Ռուսաստանի մայրաքաղաքում բացվեց օգոստոսի 26-ին. այս տարի ստուգատեսը տարվա երկրորդ կեսին Է տեղափոխվել արտասահմանյան երկրների կինեմատոգրաֆիստների խնդրանքով:
44-րդ ՄՄԿՓ-ն, որը 2018 թվականից անցկացվում Է ապրիլի վերջին, այս տարի տեղափոխվել Է արտասահմանյան երկրների կինեմատոգրաֆիստների այն դիմումից հետո, որ իրենք չեն կարողանա ժամանել եւ իրենց ֆիլմերը ներկայացնել ցուցադրությանը:
Փառատոնի բացման ֆիլմն այս տարի կդառնա ռեժիսոր Անտոն Մեգերդիչեւh «Պարմայի սիրտը» կինոնկարը: Փառատոնը կփակի հարավկորեացի ռեժիսոր Պակ Չհան Ուկայի «Հեռանալու որոշումը» աշխատանքը, որը Կաննի կինոփառատոնում նշվել Է լավագույն ռեժիսուրայի համար. հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ
Երեկ կայացավ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի ԼջչվՈվվՈÿ երգի տեսահոլովակի երկրորդ մասի պրեմիերան: Այն կոչվում է ԼջչվՈվվՈÿ, որը հայրենն թարգմանաբար նշանակում է «աքսորված»: Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ երգչուհին նշում է՝ այսօր ամբողջ աշխարհում շատ կանայք ու աղջիկներ սեռական ոտնձգությունների են ենթարկվում տարբեր իրավիճակներում. «Նման դեպքերում շատերը լռում են ինչ-ինչ պատճառներով… Ճիշտ այդպես եղավ այս պատմության հերոսուհու հետ…»: Նշենք, որ երգչուհին տեւական աշխատանքային դադարից հետո վերադարձավ ԼջչվՈվվՈÿ երգի տեսհոլովակով: Լիլիթն այս նախագծի վրա աշխատել է ավելի քան մեկ տարի:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ