Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարեւանությամբ, բախվել են Mercedes ML320, Honda Conceptor, Nisan March, Opel Astra, UAZ մակնիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր չունենք. վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞վ իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Լիլիթ Գեւորգյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների եւ կարճատեւ ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են՝
1) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ,
2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ,
3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:
ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՐՑ. Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:
Ժենյա Մինասյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման եւ փորձաքննության ենթակա իրի կամ իրերի եւ դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։ Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաեւ իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: