ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի, 2021թ.-ի 9 ամիսների ընթացքում մատուցել են շինարարական եւ ճանապարհաշինարարական ծառայություններ:

 

 

Ըստ «Սիվիլնեթ»-ի՝

  1. Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից ստացել է 1,88 մլրդ (կազմում է բոլոր պատվերների 48 տոկոսը) դրամի պատվերներ։ Ընկերությունը ճանապարհներ է վերանորոգել, ասֆալտապատել ու բարեկարգել։ «Քարավանը» պետական ռեգիստրում գրանցվել է 2002թ.-ին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերներով «Քարավանը» 3,53 մլրդ դրամի դիմաց վերակառուցել է Մ-2 ճանապարհից Կոճողոտ համայնք տանող, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15 կմ եւ Մ-2 ճանապարհից Վերին Հոռաթաղ համայնք տանող ճանապարհի 2 կմ հատվածները:

  1. Երկրորդը «Կապավոր» ընկերությունն է, որի 93,75 տոկոս բաժնեմասը պատկանում է շինարար Արման Հակոբջանյանին: Մնացած բաժնետոմսերը պատկանում են Հակոբջանյանների ընտանիքին՝ 2,5 տոկոսը նրա քրոջը՝ Հայաստանում բնակվող գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանին, որը եղել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առողջապահության հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, շինարար, 2006-2007 թթ. Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:

 

 

 

Ընկերությունը 2020-ի 9 ամիսների ընթացքում 366,5 մլն դրամի ավտոճանապարհներ է վերակառուցել, փոսային վերանորոգումներ իրականացրել եւ բարեկարգել Ստեփանակերտի փողոցները:

«Կապավորը» 2014-2020 թթ. (6,5 տարվա ընթացքում) Ստեփանակերտ քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ծավալներով 6-րդն էր (աշխատանքի ծավալը կազմում էր 173,3 մլն դրամ):

Լուսանկարում՝ Արման Հակոբջանյանը Արայիկ Հարությունյանի հետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում 2021-ի հունիսի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով «Կապավորը» 449 մլն դրամի դիմաց Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածն է վերակառուցել:

  1. «Ռոբ-շին» ՍՊԸ-ն եւս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը: Պետական ռեգիստրում գրանցվել է 2011թ.-ին։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է: Նա նույնպես Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ Ռոլանդ Այդինյանը ժամանակին եղել է Քարվաճառի քաղաքապետը։ Վերջերս նա Արցախի ԱԱԾ-ում պաշտոն է ստացել: Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում ու երբ է աշխատանքի ընդունվել, Արցախի ԱԱԾ-ից մանրամասներ չհաղորդեցին: Պաշտոնական գրության մեջ միայն ասվում է, որ Ռոլանդ Ռոբերտի Այդինյանը ծառայում է Արցախի Ազգային անվտանգության մարմիններում. «Ձեր կողմից հայցվող տվյալները գաղտնագրված են, ուստի հնարավոր չէ տրամադրել»: «Ռոբ-շինի» հետ Արցախի քաղաքաշինության նախարարության հետ կնքած պայմանագրերի գումարային ծավալը կազմում է 290 մլն դրամ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում:

Վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել եւ իրացրել են «աղբյուրի ջուր» եւ (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում եւ (կամ) արտադրության որեւէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։

Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե որոնք են այդ 9 ընկերությունները: «Սվ Ջուր» ՍՊԸ-ն՝ «Նոր Արզնի» անվանումով շշալցված ջրով, «Ակվայան» ՍՊԸ՝ ՊԷԹ աղբյուրի ջրով, «Սար-Համ» ՍՊԸ՝  «Աղբյուրի ջուր Սիփան» ապրանքանիշով, «Թամարա եւ Անի», որոնք արտադրում են «Վիվյան» անվանումով շշալցված ոչ գազավորված ջուր, «Աքվա Արմա Ութեր Քամփնի» ՍՊԸ՝ «Աքվա-Արմա» անվանումով:

Վարույթ է հարուցվել նաեւ «Սիլ Մաազա» ՍՊԸ-ի նկատմամբ, որը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Մյուս ընկերությունն էլ «Ջերմուկ-Ակվա»-ն է, որն էլ պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին:

Այսպիսով, իրականացված վարույթների արդյունքում հանձնաժողովը 6 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել են։

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԻՍՏԻ ԵՆ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գեւորգյանը Թուրքիայի Իզմիր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին:

ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-24-ը:

 

 

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի թույլատրելի շեմը մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200 հազար դրամ՝ նախկին 200 եվրոյի փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքերից գնումներ իրականացնել եւ այդ առաքանիները ներմուծել Հայաստան: Արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը շարունակվում է մի շատ կարեւոր անվտանգային հարցի շուրջ՝ ինչպես են Հայաստանի բջջային օպերատորներից «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների ձեռքին, որոնք հայկական հեռախոսահամարներով զանգել են մեր քաղաքացիներին եւ ահաբեկել շատերին: Հիշեցնենք, որ 2020թ.-ի հուլիսի 24-ին՝ պատերազմից ամիսներ առաջ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբր կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում), հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Վերոնշյալ բջջային համարները «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներ են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվել է, թե արդյոք հեռախոսների քարտի վաճառքը օրինական է եղել: «Փաստ է, որ հեռախոսահամարի գնման դեպքում անձը անձագիր է ներկայացնում, լրացվում են տվյալներ: «Վիվա-ՄՏՍ»-ի աշխատակիցները ստուգե՞լ են, թե ում են հեռախոսահամար վաճառում, ում անունով են գրանցված այդ հեռախոսահամարները». մեր այս պարզ հարցին, սակայն, ՀՀ ԱԱԾ-ն տվել է ակնհայտ ոչ ուղիղ պատասխան՝ միայն կրկնելով նախորդ հարցի պատասխանը. «Ինչպես «ՄՏՍ Հայստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»: Իսկ թե ինչպես են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի հեռախոսահամարի քարտապաններ, շարունակում է անհասկանալի մնալ: «Վիվա ՄՏՍ»-ին ուղղված մեր հարցումներից հետո ստացել ենք նույն  պատասխանը, թե իրենք ադրբեջանցիներին չեն վաճառել հեռախոսահամարներ: Հարցը շարունակում է մնալ առավել արդիական եւ վտանգներով լի. այդ դեպքում ինչպե՞ս է Ադրբեջանի հատուկ ծառայությունը դարձել «Վիվա ՄՏՍ» քարտի տեր. ՀՀ ԱԱԾ-ն հստակ չի պարզաբանում, ինչը շատ հարցեր է առաջացնում: Շարունակելի….

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏՔԵՐԸ

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից 10 օր անց՝ օգոստոսի 23-ին, բացվել է առեւտրի կենտրոնին հարակից «Փեթակ» առեւտրի կենտրոնը։ ArmLur.am-ն երեկ եղել է «Փեթակ» առեւտրի կենտրոնում,  զրուցել  «Փեթակ» առեւտրի կետրոնի փոխտնօրեն Նորիկ Հեբոյանի հետ, որը մեզ հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ հակահրդեհային եւ ուժեղացված անվտանգային աշխատանքներ են կատարվել: Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները պահանջում էին բացել առեւտրի կենտրոնը` պնդելով, որ, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։ Ավելին՝ նրանց չէր ներկայացվում հիմնավոր պատճառ, թե ինչու է «Փեթակ» առեւտրի կենտրոնը փակ պահվում։ Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով կա 16 զոհ, որոնվում է մեկ քաղաքացի։

 

 

 




Լրահոս