Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է 16 օր, բայց դեռեւս աղետի գոտի համարվող «Սուրմալու»-ի տարածքից չեն մաքրվել փլատակների հետքերը, չի ապամոնտաժվել պայթունավտանգ վիճակում գտնվող շինությունը, ինչպես նաեւ միակողմիանի փակ է «Սուրմալու»-ին հարակից Սեւանի փողոցը: Իսկ ո՞վ է այս ամենի պատասխանատուն:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ պարզելու համար, թե երբ է մաքրվելու տարածքը փլատակներից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարածքի մաքրման աշխատանքներն իրենց տիրույթում չեն գտնվում:
«Մենք մեր մասով իրականացրել ենք որոնաողափրկարարական աշխատանքներ, իսկ ինչ վերաբերում է տարածքի մաքրման աշխատանքներին, ինչպես նաեւ շենքի հետագա ճակատագրին, տարածքի մաքրումը պետք է որոշի շենքի սեփականատերը. դա մեր գործառույթներից դուրս է: Իսկ քաղաքապետարանը գուցե որոշակի լծակներ ունի, որով կարող է սեփականատիրոջը հորդորել կամ օրենքով նախատեսված ժամկետ հստակացնել մաքրման համար»,-նշեց նա:
Դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչություն՝ նույն հարցի պարզաբանմամբ՝ երբ է մայրաքաղաքը մաքրվելու փլտակներից: Քաղաքապետարանից հակադարձեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փոխանցելով, որ քաղաքապետարանը որեւէ լծակ չունի մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու:
«Քաղաքապետարանը մասնավոր տարածքում, այս պարագայում՝ պահեստային, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում վթարային վերականգնողական աշխատանքերի հետ որեւէ առնչություն ունենալ չի կարող, քանի որ տարածքը նախկին տեսքի բերելու հետ կապված որեւէ լծակ, գործառույթ կամ պատասխանատվություն մենք չունենք: Դա քաղաքապետարանի գործառույթների մեջ չի մտնում, դա հանրային տարածք չէ: Կարծում եմ՝ Ձեր հարցադրումների պատասխանը կարող եք ավելի ճիշտ ստանալ պատկան կառույցներից: Նույնը վերաբերում է նա ճանապարհահատվածին, ոլորտը նույնպես մեր տիրույթում չէ»:
Դիմեցինք նաեւ ՀՀ ոստիկանություն՝ պահանջելով Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը՝ ինչու է պայթյունից 16 օր անց փակ «Սուրմալու» գնացող Սեւանի բանուկ փողոցը:
Ներկայացնում ենք նաեւ ճանապարհների մասով պատասխանատու ՀՀ ոստիկանության անպատասխանատու պատասխանը. «Բնակչությանը նախապես կտեղեկացնենք ճանապարհի բացման մասին: Այս պահին տեղեկություններ չկան»: Ասել է թե՝ ճանապարհը մաքրելու աշխատանքներ չկան, ու դեռ հայտնի չէ՝ երբ կմեկնարկեն:
Այսպիսով, ստացվում է, որ պետական եւ հանրային մարմինները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, իսկ մայրաքաղաքը շարունակում է հիշեցնել անտեր գոտի:
Իհարկե, փորձեցինք նաեւ սեփականատեր Զախարյաններին գտնել, բայց նրանցից որեւէ մեկը չի պատասխանում հեռախոսազանգերին: Ահա այսպիսի անպատասխանատվությունն էլ բերեց աղետի, եւ «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով ունեցանք 16 զոհ, 60 վիրավոր եւ 1 անհետ կորած:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐ
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւով։ Մարդկանց բռնի անհետացումները մարդու իրավունքների բազմակի եւ շարունակական խախտումներ են։ Դրանք սկսվում են պետության ներկայացուցիչների եւ պաշտոնատար անձանց թույլտվությամբ կամ համաձայնությամբ, որին հաջորդում է անհետացած անձի գտնվելու վայրի ժխտումը կամ թաքցնելը:
Մարդկանց բռնի անհետացումները ծայրահեղ ծանր ազդեցություն ունեն ինչպես զոհերի վրա, որոնք հաճախ ենթարկվում են խոշտանգումների եւ ապրում իրենց կյանքի համար մշտական վախի մեջ, այնպես էլ նրանց ընտանիքների վրա, որոնք անտեղյակ են իրենց հարազատների ճակատագրից եւ ապրում են նրանց վերադարձի չփարատվող սպասումով: Ցավալիորեն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, եւ մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում: Ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ու անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման շարունակվող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար։
Ցավալիորեն բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսեւորում են իրենց արդյունավետության պակասը, ինչն այս ուղղությամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիվ աշխատելու պատճառ է։ Սրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ միջազգային իրավունքով նախատեսված կանոնները կյանքի կոչելու համար պետությունները պետք է ամրագրեն այդ նորմերը ներպետական օրենսդրությամբ եւ ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը դրանց գործադրման համար: Ուստի այս առումով Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների ապահովման վերաբերյալ ներպետական օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման ուղղությամբ։
Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկելով բոլոր միջոցառումները անհայտ կորած անձանց գտնելու եւ նրանց աջակցություն տրամադրելու հարցում՝ խստորեն դատապարտում եմ բռնի անհետացման անխտիր բոլոր դեպքերը եւ կոչ անում միավորել ջանքերը ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու եւ վերջիններիս ու նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ երաշխավորման ուղղությամբ»։
ՉԼՈՒԾՎԱԾ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
Նոյեմբերյան խոշորացված համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի՝ Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների քանակը վերջին տարիներին տարեցտարի, անշեղորեն նվազում է։ 2022-2023 ուսումնական տարում կրթօջախն ունի 15 աշակերտ, դպրոցն այս տարի ունցել է մեկ շրջանավարտ, սեպտեմբերի 1-ին առաջին դասարան կհաճախի 3 աշակերտ: 2020 թվականի աշնանից կիսատ է մնացել դպրոցի շենքի տանիքի նորոգման գործը. կառույցի տանիքը նորոգվում էր ՌԴ Ստավրոպոլ քաղաքում ապրող բարեկամավանցիների հանգանակած գումարներով, սակայն նախահաշիվը սխալ կազմելու հետեւանքով գումարները չեն բավարարել, նորոգումը կիսատ է մնացել։ Դրա հետեւանքով անձրեւաջրերը լցվում են շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները:
Պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում պետական հիմնարկի՝ հանրակրթական դպրոցի տանիքի նորոգումն ավարտելու համար։ Շուրջ երկու տարի է, որ Բարեկամավանի բուժկետի տանիքի կեսը բացակայում է։ Բուժկետի տանիքը վնասվել էր 2020թ-ին փոթորկի հետեւանքով։ Տանիքի կեսի չլինելու հետեւանքով անձրեւաջրերը լցվում են բուժկետ, այնտեղ հակասանիտարական շատ վատ վիճակ է։ Խնդիր է նաեւ այն, որ բուժկետի շենքը փաստաթղթերով սեփականատեր չունի։ Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը հայտնեց, որ վերջերս Բարեկամավան են այցելել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ, եւ կիսով չափ հավանականություն կա, որ Կարմիր խաչի միջոցներով այդ շենքի տանիքը կնորոգվի։ Ներկայումս փաստացի 153 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղի ամենամեծ խնդիրը խմելու ջրի պակասը եւ դրա անբավարար որակն է։ Գյուղի խորքային հորերից մղվող ջուրը որակյալ չէ, այն պիտանի չէ խմելու համար։ Բացի այդ, հատկապես ամռան ամիսներին այդ ջրի քանակը չի բավարարում։ Գարիկ Աբազյանը հայտնեց, որ գյուղից վերեւ կա Թաքնագյուղ կոչվող աղբյուր, որի ջուրը բավարար է գյուղին խմելու ջրով ապահովելու համար, սակայն այդ ջրագիծը կառուցելու համար ֆինանսական միջոցներ չկան։
Բարեկամավանի համար կարեւոր խնդիր է այն, որ մինչեւ գյուղի կենտրոն գազատար է մտնում, սակայն 7-8 տարի առաջ գործարկված գազատարը գյուղի առանձնատներին միացնելու ծախսերի համար գյուղացիները գումարներ չունեն։ Բարեկամավանի վարչական ղեկավարը հայտնեց, որ գյուղը չունի հանդիսությունների սրահ, որտեղ անցկացվեն ուրախության եւ տխրության առիթներով միջոցառումներ։ Վերջերս Բարեկամավանը ժամկետային զինվորական ծառայության է ճանապարհել համագյուղացի պատանու, այդ առթիվ քեֆն անցկացվել է հարեւան Կոթի գյուղի հանդիսությունների սրահում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ