ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչները, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում:

 

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ եւ արդյունավետ տարի: Մանկավարժներին ողջունել եւ սերունդներին կրթելու պատասխանատու գործում հաջողություն է մաղթել նաեւ փոխմարզպետ Ռուբիկ Նավոյանը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները` առանձին-առանձին անդրադառնալով դրանց համապատասխան պարզաբանումներով:

«Նոր չափորոշիչը բոլոր դպրոցներում կկիրառվի 2023 թ.-ի սեպտեմբերից: Այս տարվանից 9-րդ դասարանին ուղղորդե՛ք, որ գալիք տարվանից ընտրեն այն առարկաները, որոնք ուզում են խորությամբ ուսումնասիրել»,- նշել է նա։

Ըստ նախարարի տեղակալի` ֆինանսավորման նոր կարգով մանկավարժները վարձատրվելու են նաեւ խմբակների եւ ուսումնական նախագծերի համար, որոնք առանձին տարիֆիկացվելու, հաշվարկվելու են ուսուցչի ծանրաբեռնվածության մեջ։

Ներկայացվել են ուսուցչի վարձատրության բարձրացմանը միտված պետական նոր ծրագրերը, այդ թվում՝ կամավոր ատեստավորումը, ինչի համար Կառավարությունը նոր կարգ է հաստատել, ըստ որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը դարձել է 200.000 դրամ։ Կամավոր ատեստավորման նոր փուլն արդեն մեկնարկել է. Գեղարքունիքից դիմել է շուրջ 200 ուսուցիչ։ Ըստ Ժ. Անդրեասյանի՝ հաջող արդյունք ցուցաբերած ուսուցիչները, հոկտեմբերից սկսած, կստանան նախատեսված բարձր աշխատավարձը։ Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում՝ ԳԹԿ-ի կողմից ձեւավորված քննական կենտրոններում, բացառությամբ մի քանի առարկաների՝ «Նկարչություն», «ՆԶՊ», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա»։

Ուսուցչի աշխատանքի խրախուսման նպատակով մշակվում են նոր ծրագրեր, որոնցով նախատեսվում է գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներին հատկացնել հավելավճար՝ անկախ ատեստավորումից։ Հավելավճարներ են նախատեսվում նաեւ բնագիտական եւ ՏՀՏ առարկաներ դասավանդող ոսուցիչների համար:

ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ՝ որոշվել է հրաժարվել բազմահամակազմ դասարանների ուսուցումից, ինչը նպատակային չէ եւ խոչընդոտում է ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը: Բազմահամակազմ կարող է լինել միայն «Արհեստ, արվեստ» եւ «Ֆիզիկական կենսագործունեություն եւ անվտանգություն» բնագավառների առարկաների ուսուցումը։ Այս ուսուցիչները կվարձատրվեն ավելի, քան մեկ դասաժամի արժեքն է։

Ֆինանսավորման նոր կարգ է մշակվում նաեւ վարչական աշխատողների համար՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի գործակիցներ։ Տնօրենների, տեղակալների եւ մյուս վարչաշխատողների վարձատրությունը համադրելիության մեջ կմտնի քաղծառայողների վարձատրության հետ։

«Ձեր աշխատանքի որակից ուղղակիորեն կախված կլինեն դրա շարունակությունը եւ վարձատրության բարձրացումը: Դրական գնահատված տնօրենի պայմանագիրը ավտոմատ կերկարացվի եւս 5 տարի»,- ասել է Ժ. Անդրեասյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ «Հանրակրթության մասին» օրենքում վարչական աշխատողների դասավանդման վերաբերյալ փոփոխությանը: Ըստ նրա՝ չի արգելվում դասավանդելը, այլ հստակեցվում են պայմանները. առաջին հերթին տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը պետք է ապահովվի ամբողջ դրույքով:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության, դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ապահովման, ներդպրոցական խնդիրների լուծման վերաբերյալ եւ կոչ են արել ակտիվորեն դիմել ոլորտում ներկայացված դրամաշնորհային ծրագրերին:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: Ներկաներին մասնավորապես հետաքրքրել են խմբակների ձեւավորման ու վարձատրության, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների հետագա գործունեության, դրույքաչափերի ապահովման վերաբերյալ եւ այլ հարցեր:

 

 

 

 

Ո՞ՒՄ ԲԱԺԻՆ ԿՀԱՍՆԻ

Այս տարվա հուլիսի 1-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հեռացրին ԱԺ փոխնախագահի պաշտոնից, ընդ որում՝ պաշտոններից հեռացնելու նախաձեռնությունից առաջ իշխանականները չէին բացառում անհարգելի բացակայություններ ունեցող ընդդիմադիրներին նաեւ պատգամավորական մանդատներից զրկելու հնարավորությունը, սակայն դա էլ չկատարվեց: ԱԺ փոխնախագահներից մեկին եւ մշտական երեք հանձնաժողովների նախագահներին առաջադրելու իրավունքը ընդդիմությանն է, սակայն  ընդդիմությունը նոր թեկնածուներ չի պատրաստվում առաջադրել։ Իշխանությունն էլ իր հերթին եւս չի  կարող լրացնել ԱԺ փոխնախագահի այդ թափուր պաշտոնը, եւ այն այդպես էլ կմնա: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված ու վիրավորում ստացած անձանց ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու որոշման նախագիծը։ Դրա համաձայն՝ նախատեսվում է պայթյունի հետեւանքով զոհված անձանց, ինչպես նաեւ անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն։ Պայթյունի հետեւանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած քաղաքացիները կստանան մինչեւ 300 000 դրամ աջակցություն, բայց միայն այն դեպքում, եթե հիվանդանոցային բուժում են ստացել։ Ընդ որում՝ մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք եւ ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։ Պետական աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։ Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։ Գումարների վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից հետո, երբ բոլոր շահառուները դիմած կլինեն պետական աջակցությունից օգտվելու համար։ Սոցապ նախարարությունը նաեւ նախնական հաշվարկներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ ծրագրի շահառու են հանդիսանում 24 վիրավորում ստացած անձինք, որոնցից 17-ը` 150.000 դրամ, 7-ը` 300.000 դրամ։ 16 զոհված ու 1 անհայտ կորած անձանց ընտանիքներին կտրվի ընդհանուր 51.000.000 դրամ` յուրաքանչյուրի համար 3.000.000 դրամ։ Այս հաշվարկով սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը կկազմի 55.650.000 դրամ։

 

 




Լրահոս