Փաշինյանի իշխանությունը ԶՈւ-ն կազմաքանդման է տանում. Տիգրան Աբրահամյանը` աղմկահարույց նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ պաշտպանության նախարարության շրջանառած նոր նախագիծը, որով աաջարկվում է 24 մլն դրամ փոխանցել պետբյուջե ու ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, ոչ միայն ընդհանուր անվտանգային համակարգին եւ զինված ուժերում առկա տրամաբանությանն է մեծ հարված հասցնում, այլ նաեւ չի լուծում այն խնդիրները, որոնք դրված են սույն նախագծի հիմնավորման հիմքում:

Նրա համոզմամբ` այս ծրագիրը սոցիալական անարդարության բավականին մեծ խնդիրներ է ստեղծելու, ինչն անգամ կարող է ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի հասցնել, քանի որ ստացվելու է այնպես, որ հնարավորություն ունեցող մարդիկ (երկրի բնակչության 15-20 %-ը) կարողանալու են իրենց որդիներին ազատել ծառայությունից, իսկ, մոտավորապես, 70-75%-ը այդ հնարավորությունը չեն ունենալու:

«Այսինքն, անհավասար պայմաններ են ստեղծվում ՀՀ քաղաքացիների համար, եւ սա նաեւ այն դեպքում, երբ հայրենիքի պաշտպանության հարցը նույնիսկ սահմանադրական ամրագրում ունի: Երկրորդը՝ սա գաղափարական մտածողության առումով բավականին ծանր հարված է լինելու, որովհետեւ սերունդների համար հիմնական ռազմահայրենասիրական դաստիարակչական հիմքում հայրենիքի պաշտպանության հարցն է, եւ այս պարագայում, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն գումարով ազատվելու կամ կարճեցնելու իրենց ծառայության ժամկետը, բնականաբար սա բավականին մեծ հարված է»,- հավելում է նա։

Ինչ վերաբերում է 24 միլիոնը հետագայում պայմանագրային զինծառայությանն ուղղելուն, ապա ըոտ Աբրահամյանի` նման ձեւակերպումը նույնիսկ վիրավորական է. մշտապես կարելի է աղբյուրներ գտնել, որոնցով հնարավոր կլինի որոշակի հաճախականությամբ բարելավել զինծառայողների սսոցիալ-կենցաղային պայմանները՝ այդ թվում՝ աշխատավարձերը:

«Այնպես չէ, որ Հայաստանում բոլորը ձգտում են զինվորական ծառայության, եւ ասել, որ սրանով մենք կրկնապատկելու կամ եռապատկելու ենք պայմանագրային զինծառայողների թիվը, չի կարող միանշանակ լինել: Պետք է հասկանալ՝ արդյո՞ք մարդիկ, նույնիսկ որոշակի բարձր աշխատավարձի պարագայում, պատրաստ են գնալ եւ ծառայել, քանզի բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ստեղծված են, մարդկանց դրդում են խուսափել ծառայությունից: Դրանց հիմքը վաղվա օրվա նկատմամբ անորոշությունն է, մշուշոտ իրականությունը, ապագայի բացակայությունը, որոնք էլ խնդիրներ են առաջացնում ե՛ւ պարտադիր ժամկետային զինծառայության ե՛ւ նաեւ, այս պարագայում, պայմանագրային զինվորական ծառայության համար, այդ թվում՝ նաեւ սպայական:

Այն իրավիճակում, երբ զինծառայողի թիկունքին չկա պետություն, իսկ իշխանությունը իր քաղաքականությամբ կազմաքանդման է տանում զինված ուժերը, ապա այդ պարագայում նույնիսկ նպաստավոր թվացող նախաձեռնությունները չեն կարող որեւէ խնդիր լուծել», – ամփոփում է նա։

Սևակ Վարդումյան




Լրահոս