Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անն Լինդեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4-րդ հանդիպումը: Եվրոպական Միության համար կարևոր է մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու գործընթացին»:

Բրյուսելում, oգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:




Լրահոս