Պակիստանում հեղեղումների զոհ Է դարձել 1208 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Dawn թերթը՝ վկայակոչելով Աղետների հետեւանքների դեմ աշխատանքի ազգային վարչությանը: Տուժած Է համարվում 6082 մարդ: Զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 19-ով: Բժիշկները նախազգուշացնում են առավել տուժած շրջաններում հիվանդությունների, մասնավորապես, մաշկային եւ աղիքային ինֆեկցիաների, բռնկումների մասին:
Հեղեղումները պայմանավորված են գետերի վարարումներով, որտեղ ջրի մակարդակը բարձրացել Է ռեկորդային առատ մուսոնային անձրեւների եւ Հիմալայներում սառցադաշտերի հալչելու պատճառով: Պակիստանի իշխանություններն այդ երեւույթների պատճառը համարում են գլոբալ տաքացումը, նշում Է AP գործակալությունը: Նրանց կարծիքով, իրադրությունը 2022 թվականին ավելի վատ Է, քան 2010 թվականին, երբ հեղեղումների պատճառով զոհվել Է 1,7 հազար մարդ:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ հայտարարել Է, որ երկրում մոլեգնել են վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ հորդառատ անձրեւները, որոնք հանգեցրել են լուրջ հեղեղումների: Նրա խոսքով՝ տեղատարափների հետ կապված ներկայիս իրադրությունն «աննախադեպ Է վերջին 30 տարվա ընթացքում»: Ինքնաթիռներով երկիր են բերում հումանիտար օգնություն: Արժույթի միջազգային հիմնադրամը, նշելով, որ 1975 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ Պակիստանում գնաճն օգոստոսին կազմել Է 27,3 տոկոս, նախազգուշացրել Է, որ հեղեղումների հետեւանքների եւ տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում հնարավոր են բողոքներ ու անկարգություններ, գրում Է The News թերթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: