
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքից հետո ելույթով հանդես է եկել պետական նախարարը: Նրա խոսքով՝ Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոխշմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիք առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները:
«Պետական միջոցներով Աստղաշեն համայնքի տարածքում կառուցվում է շուրջ 130 առանձնատուն տեղահանված ընտանիքների համար, և այսօր դրանցից 95-ը կտրվի համապատասխան ընտանիքներին: Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը: Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Այնուհետև ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով, որի մանրամասները ներկայացրել է կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև պետական և հոգևոր մի խումբ այրեր: