Մահապատժի հետքերով. Արագածոտնի մարզի նախկին դատախազի պատասխանը Գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց նամակ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հարգելի Արթուր Սարգսի ,
սեպտեմբերի 1-ին մամուլում ընթերցեցի , որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ առաջարկելով քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը: Եթե ՀՀ գլխավոր դատախազի առաջարկը անուղակիորեն չշոշափեր արցախյան պատերազմում հերոսաբար զոված զինվորների կյանքի իրավունքը, դժվար թե հանդես գայի նման բաց նամակով , այն էլ այն դեպքում , երբ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, չնայած նրան, որ Պարոն Ա. Դավթյանի անգործությունը դատարանում վիճարկում եմ 2021թվականից : 2021 թվականի հունիսի 11-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Մինասյանը և ես Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված առերևույթ «Պետական դավաճանություն» կատարելու փաստի առթիվ ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում:

Ձեզ հասեագրված հաղորդումը ակնհայտ անօրինական կարգով ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործին կցելու: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հանցագործության մասին հաղորդումը մեկ այլ հարուցված քրեական գործին կցելու դատավարական կարգ չի նախատեսել: Ի դեպ նշեմ , որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը կիրառելի չէ հանցագործության մասին մեր հաղորդման վերաբերյալ, եթե Դուք առարկեք , ապա հանդես կգամ համապատասխան ծավալուն հերքող մեկնաբանությամբ, ուղղակի նամակիս բովանդակությունը սահմանափակում է ինձ: Եթե հանցագործության մասին հաղորդման առիթը օրինական է , հիմքերը բավարար, իսկ այդպիսիք եղել են, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն Դուք , Պարոն գլխավոր դատախազ, պարտավոր եք եղել ընդունել հետևյալ որոշումներից մեկը՝ 1)քրեական գործ հարուցելու մասին. 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին. 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին. Վերոբերյալից բացի այլ որոշում ընդունելու իրավունք Դուք չեք ունեցել: Հակառակը պնդելու դեպքում պատրաստակամ եմ գրավոր լայնածավալ մեկնաբանությամբ հանդես գալու:

ՀՀ Վճռաբեկ դատարան է բողոքարկվել Ձեր՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի,անգործության վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ոչ վաղ անցյալում ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Կ. Բիշարյանի անօրինական որոշումը: Անօրինական եմ համարում այն պատճառաբանությամբ , քանի որ հանցագործության մասին հաղորդումը մեկ այլ քրեական գործին կցելու փաստի վերաբերյալ թիվ ԵԴ0081/11/21 դատական գործով առկա է Երևան քաղաքի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ( դատավոր Հ. Մանուկյան ): Հիշյալ ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Ա. Մուրադյանը, իհարկե ոչ առանց Ձեր գիտության,իսկ ես այն հո՞, լավ գիտեմ : Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ հաստատվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափ լինելը : Նույն դատախազի կողմից դատական ակտի դեմ բերվել է Վճռաբեկ բողոք : ՀՀ Վճռաբեկ դատարանը դատախազի բողոք վարույթ չի ընդունել: Այսպիսով, հանցագործության մասին հաղորդումը մեկ այլ քրեական գործին կցելը թիվ ԵԴ0081/11/21 դատական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մեկնաբանությունները և հիմնավորումները բավարար հիմք է եզրահանգելու , որ Ձեր կողմից կատարված անգործությունը անօրինական է/ տես ՍԴՈ-844/: Իսկ հանցագործության մասին մեր բողոքով ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործը վարույթ ընդունած դատավորը և մյուս դատավորներ պետք է, որ այս ամենը նկատի ունենան:

Այլ խոսքով հաստատված է, որ հինգ հազարին հասնող հերոսաբար զոհված զինվորների մահվան գործով առերևույթ «Պետական դավաճանության մասին » հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու հարցը ՀՀ գլխավոր դատախազությունը և անձամբ Դուք ,առերևույթ փորձել եք մտցնել իրավական փակուղի : Գուցե դրան «խանգարել» է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը, թե՞ առերևույթ պետական դավաճանության մեջ կասկածվող անձի ով լինելը: Չգիտեմ : ՀՀ գլխավոր դատախազի անգործության դեմ ներկայացված մեր «Բողոքի» քննության ընթացքում կայացված որոշմամբ թիվ ԵԴ0609/11/21 դատական գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արձանագրել է(…).

« Այլ կերպ ասած, դատախազությունն ընդունել է այն փաստը, որ ներկայացված դիմումում առկա են կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տեղեկություններ և դրանում նշված հանգամանքների շուրջ բացակայում է նույնիսկ նախնական ստուգում կատարելու անհրաժեշտությունը, ինչի մասին վկայում է այն, որ դատախազը ստացված հաղորդումը ուղարկել է ՀՀ ՀՔԾ և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ դիմումում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու նպատակով:Դուք առերևույթ խոչընդոտել եք ենթադրաբար ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված « Պետական դավաճանության» հանցակազմով քրեական գործի հարուցմանը : Ի դեպ ես եղել եմ այն գործով, մեղադրյալի պաշտպանը, որին կցելու համար ուղարկել եք հանցագործության մասին մեր հաղորդումը: Ասել կուզեի, որ քաջ տեղիակ եմ թե՞ ինչ է կատարվել այդ գործով, հետևապես նաև թե ինչու ՞ է ուղարկվել այդ գործին կցելու: Նաև մեկ դիտարկում . ինչու՞ եք կարծում թե Ձեր կատարածը միայն Դուք կարող եք իմանալ… : Եվ այս ամենից հետո , հանկարծ, հանդես, եք գալիս առաջարկությամբ, որ Պետական դավաճանություն կատարելու արարքի համար պետք է սահմանել մահապատիժ:

Այդ առաջարկի հետ համաձայն եմ, պայմանով, որ նրան հետադարձ ուժ տրվի, ինչպես կոռուպցիոն հանցակազմերին, չնայած այս հանցակազմերը խիստ ստորադասվում են «Պետական Դավաճանության» հանցակազմին, այստեղ ոտնձգության օբյեկտը մեր երկրի արտաքին անվտանգության հարցն է, հետևապես պարտավորություն ունեք , այս հարցում: Համոզված կարծիք ունեմ, որ մահապատժի դեպքում էլ լինելու են պաշտոնատար անձիք որոնք խոչընդոտելու են քրեական գործի հարուծմանը , ինչպես Դուք վարվեցիք արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների գործով: Ուստի առաջարկում եմ հանդես գալ օրենսդրական փոփոխության առաջարկով, ընդունել նոր նորմ, որին կտրվի նաև հետադարձ ուժ, առ այն , որ այն պաշտոնատար անձիք, ովքեր խոչընդոտել են արցախյան պատերազմում զոհված հինգ հազարին հասնող հերոս զինվորների մահվան (Պետական դավաճանության հանցակազմով) փաստով օրինական առիթի և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցելուն նրանց նկատմամբ որպես պատիժ սահմանել միայն՝ մահապատիժը: Համանման առաջարկով հանդես գալու դեպքում Ձեր առաջարկը կհամարվի անկեղծ մտահոգություն, հակառակ պարագայում այն ուշացած,շատ ուշացած պոպուլիզմ է:

Հարգանքով՝
Արագածոտնի մարզի նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյան
01.09.2022թ




Լրահոս