ԲԱՆԱԿ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է 24 մլն դրամ մուծել պետբյուջե, 4.5-ամյսա դասընթաց անցնել բանակում ու ազատվել բանակում պարտադիր զինծառայություն անցնելուց: Շատերն այն տեսակետին են, որ բանակը աղքատների համար միայն պարտադիր կլինի:

 

-Պարո՛ն Մանուկյան, աղմկահարույց նախագծի մասին ի՞նչ տեսակետ ունեք:

-Հիշյալ աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության հետ կապված հանրային լայն արձագանքին զուգահեռ կա մի շատ նուրբ հար. այն բացահայտում է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը եւ Պաշտպանության նախարարությունը փնթի գործունեություն են ծավալում: Արդեն մի քանի օր է՝ քննարկվում է 24 միլիոն դրամով զինվորական պարտադիր ծառայությունից ազատվելու հարցը, ինչը ես կանվանեի «Փրկագնով բանակից ազատելու նախագիծ»: Սակայն հատկանշական է, որ օրենքի փոփոխության նախագծի մեջ 24 միլիոն դրամի մասին որեւէ  բառ, խոսք չկա. 24 միլիոն դրամին առնչվող կետի փոփոխության հոդվածը դրա հեղինակները մոռացել են բովանդակություն դնել: Այսինքն՝ նախագծի մեջ նշված է, որ «հոդվածը պետք է լինի հետեւյալ  խմբագրմամբ», ու չակերտներ է դրված, բայց չակերտների մեջ տեքստ, բովանդակություն չկա: 24 մլիոնի մասին խոսվում  է նախագծի հիմնավորման մեջ, որտեղ հեղինակները բացատրում, հիմնավորում են՝ քաղաքացին ինչպես կարող է վճարել 24 միլիոն դրամն ու ազատվել զինվորական ծառայությունից: Այդ դրույթն  ունի մի քանի անկյունաքարային, խնդրահարույց, ինչպես նաեւ հակասահմանադրական տարրեր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ  սեռային, դասակարգային, գույքային խտրականությունը արգելված է, իսկ այս օրենքի նախագիծը ենթադրում է, որ մեծահարուստ, փող ու հնարավորություններ ունեցող անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, հայրենիքի նկատմամբ չկատարել իր պարտականությունների մի մասը: Երկրորդ՝ Սահմանադրությունը ամրագրում է, որ պարտադիր զորակոչի ենթակա արական սեռի ՀՀ քաղաքացիները պարտավոր են ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում, ինչը նույնպես խախտվում է: Այս նախագիծը ոչ այլ ինչ է, քան հանրության մեջ ջրբաժան դնելու եւս մեկ դրսեւորում: Անցած 4 տարիներին ինչքան ու ինչպես ասես պիտակավորել են «նախկիններին», ու, սրան զուգահեռ,  պատկերացրե՛ք մի իրավիճակ, երբ բանակ են զորակոչվում 2 երիտասարդ, ու գումար վճարելուց, չորսուկես ամիս ուսումնական ծառայություն անցնելուց ու բանակից ազատվելուց հետո մի երիտասարդը մյուսին ասում է. «Ես գնացի ծառայեցի, ավարտեցի, բայց դուք դեռ մեկուկես տարի ծառայելու եք, քանի որ իմ հայրը մեծահարուստ է, կարողացել է  վճարել անհրաժեշտ գումարը, իսկ ձեր հայրերը մեծահարուստ չեն, չեն կարողացել վճարել անհրաժեշտ գումարը, ու դուք պետք է ծառայեք առաջնագծում՝ թշնամու թիրախավորման տակ»: Դե հիմա այս ամենից հետո պատկերացրե՛ք մեկուկես տարի  ծառայություն իրականացնող զինվորի հոգեվիճակը: Եվ, վերջապես, այս գաղափարը ոտնահարում է Հայոց բանակի համաժողովրդականության գաղափարը:

-Բանակից ազատվելու կաշառքի դեպքերը միշտ են եղել ու կան նաեւ այսօր: Կարո՞ղ ենք ասել, որ կաշառքով ազատվելու քրեորեն պատժելի արարքն են այժմ ցանկանում օրինականացնել իշխանությունները:

-Պաշտպանության նախարարությունը հիմնավորման մեջ կոռուպցիայի մասին չէ, որ խոսել է, ուղղակի  թվարկումների մեջ հիմնական շեշտը դրել է 24 միլիոն դրամի վրա. եթե  մեկը վճարի այդ գումարը, ապա 5 տարվա կտրվածքով կապահովվի պայմանագրային զինծառայողի ամսական 400 հազար դրամ աշխատավարձը: Այսինքն՝ Հայաստանի պետական բյուջեով  զինվորականների աշխատավարձը չեն ապահովում, ու դա ցանկանում են անել բանակից խուսափող անձանց հաշվին: Ի վրեջո, որեւէ հաշվարկ չկա, թե քանի հոգի կարող է մասնակցել  այդ ծրագրին, ու արդյոք այդ միջոցները բավարար կլինեն  պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպելու համար: Սա իշխանության հերթական պոպուլիստական քայլն է:

Կառավարությունը մեկ տարի առաջ խոստանում էր քննարկել պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելու հարցը: Խոսում էին, որ առաջնագծում չպետք է պարտադիր զինծառայություն իրականացնող անձինք լինեն: ԱԺ-ում այդ հարցի քննարկման ժամանակ էլ եմ խորհրդարանական ամբիոնից ասել, որ դա սոսկ պոպուլիզմ է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՊԱՏՇԱՃ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դադարեցրել է կարի արտադրամասերից մեկի հետ ունեցած պայմանագիրը: Պատճառը, ըստ նախարարության համապատասխան որոշման, այն է, որ ընկերությունը չի կատարել իր պարտավորությունն, ու ԱԻՆ-ը որոշել է լուծարել պայմանագիրը:

 

 

ArmLur.am-ին հասած որոշման փաստաթղթից տեղեկանում ենք, որ կարի արտադրամասը ԱԻՆ-ին է փոխանցել միայն քաղաքացիական պաշտպանության համազգեստ:

 

 

 

 

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՃ

Պաշտոնական վիճակագրական տվյալները ուսումնասիրելով՝ ArmLur.am-ը բացահայտել է, որ պետական բյուջեի ծախսերի աճը շարունակում է զգալիորեն զիջել եկամուտների աճին:

Բացատրենք. ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2022թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 4.1%-ով կամ 43.3 մլրդ դրամով, որից 18.1 մլրդ դրամը կազմում է ընթացիկ, իսկ 25.1 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերի աճը:

Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը ընդհանուր կազմել են 115.5 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի ճշտված պլանը 2022թ. առաջին 9 ամիսների համար կազմում է 293.4 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում պլանը կթերակատարվի:

 

 

 

ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները կասկածներ ունեն, որ ԱԺ-ից անհետացած հուշամեդալները եւ առյուծի արձանները ԱԺ աշխատակիցների ձեռքի գործը չէ: Ավելին, ներկա պահին քննություն են կատարում մեկ վարկածի շուրջ, որ միգուցե այն անհետացել է նոյեմբերի 9-ի գիշերը, երբ մի խումբ երիտասարդներ ներխուժեցին ԱԺ:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության եւ հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երեւանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։

Նշենք, որ Ազգային ժողովից անհետացել են առյուծի արձանիկը եւ հոբելյանական հուշամեդալներ: Այս մասին հայտնել էր SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը եւ հայտնել, որ 2021թ.՝ մեկ տարվա ընթացքում, թանգարանային նմուշները, ելնելով անհրաժեշտությունից, ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:

Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում եւ պարզել չորս նմուշների բացակայությունը՝ մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով), երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար), եւ մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից:




Լրահոս