ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված ապացուցողական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից (որը ներկայումս հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը) ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մի շարք հանգամանքներ:

 

Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում նշված անձը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը օտարել եղբորը, 2014թ. հոկտեմբերին հաստատել եւ եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե համապատասխան փաստաթղթերում եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս այն դեպքում, երբ եղբորը հողամաս հատկացնելու վերաբերյալ որեւէ գրառում չի կատարվել համապատասխան մատյաններում: Այնուհետեւ, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված պահանջն այն մասին, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված կարգով օտարվում են համայնքի ավագանու որոշմամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, նշված քաղվածքը համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա՝ վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով իրեն օտարելու ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի՝ Երեւան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7քմ մակերեսով հողամասը (որից 76.16քմ հանդիսացել է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ, իսկ 23 քմ-ն՝ Այնթապ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածք), ինքնակամ կառուցված 52.3քմ մակերեսով ավտոտնակը, 127.5քմ մակերեսով տնտեսական շինությունը եւ 20.1քմ մակերեսով մետաղական տնակը, ինչպես նաեւ միաժամանակ նպատակ ունենալով այլ անձանց վաճառելու Երեւան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5քմ մակերեսով հողամասը եւ ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կայանը (որի մի մասը՝ 27.5քմ, ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում եւ հանդիսանում է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ), նույն համայնքում գտնվող 16.8 եւ 12.8քմ մակերեսով հողամասերը ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները, անտեսելով եւ շրջանցելով մի շարք իրավական ակտերի նորմերը, 2020թ. փետրվար եւ հուլիսի ամսիներին անձնական այլ դրդումներով, ակնհայտ կեղծ տեղեկությունների ներառմամբ, ստորագրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքի սեփականություն եւ օրինական հողամասերն ապօրինի ներառել է համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասի սահմաններում եւ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով նշված հողամասերից մեկն օտարել է ինքն իրեն, իսկ մյուս երեք հողամասերը՝ երեք այլ անձանց: Հետագայում որոշումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա՝ հիշյալ հողամասերի եւ շինությունների նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), եւ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 315 2 -րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո արձանագրված առերեւույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսեւորումները, հակառակորդ պետության հատուկ ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացիների հավաքագրման եւ գործակալական ցանցերում ներգրավելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառումը, հատկապես տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ֆոնին, առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը:

 

Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսեւորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը, եւ պարզվել է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:

ՀՀ-ում մահապատժի դատապարտելու եւ պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն՝ այս արգելքը կարող է հաղթահարվել միայն ՀՀ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հաշվի առնելով այս իրողությունները եւ պետական դավաճանության դրսեւորումներից ածանցվող անվտանգային սպառնալիքների մակարդակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:

Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության եւ պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:

 

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը: Այս մասին հայտնել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար: Ըստ հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրավորներ։

 

 

 

 

ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Աբովյան քաղաքում ձերբակալեցին եւ ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված կապույտ մանր բյուրեղներով զանգված, օգտագործված ներարկիչ ու սրվակ: Ըստ տղամարդու՝ հայտնաբերված կանեփն ու կրիստալն իրենն էին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված հետագա միջոցառումներով ստացվեց տեղեկություն 55-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացնողի վերաբերյալ. Աբովյան քաղաքի 58-ամյա բնակիչ էր: Այդ ուղղությամբ միջոցառումերը տրամաբանական ավարտին հասան հունիսի 27-ին:  Հուլիսի 25-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվեց եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց Մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով թղթե փաթեթ: Օգոստոսի 16-ին, նույն կասկածանքով, Կապուտան-Կոտայք ճանապարհին ձերբակալվեցին եւս երկու հոգի: Երկուսի մոտ էլ հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներով փաթեթներ: Նույն օրը Կապուտան-Կոտայք-Ակունք գյուղերի խաչմերուկում ձերբակալվեցին եւս երեք հոգի եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի բաժին: Նրանք էլ նույն հատիսցուց 20 հազար դրամով ձեռք էին բերել բյուրեղանման զանգված, ըստ իրենց` կրիստալ: Ապօրինի թմրաշրջանառության շղթայի չորս մասնակից կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 




Լրահոս