ԿՌԻՎ ԿԻՆՈ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՄԱՅՐԵՐ»-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության շենքի մոտ իսկական պատերազմ էր «Բանակն իրականում» նախաձեռնության անդամների եւ ոստիկանների միջեւ, որը ծագեց այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները, տեսնելով, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կառավարության շենքից դուրս է գալիս, սկսեցին վանկարկել` «ամոթ, խուլիգա՛ն Սարգսյան»: Այդ ամենի  «համահեղինակը» ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին էր, որին ոստիկանությունը ստիպողաբար բաժին «հրավիրեց»:
Հիշեցնենք, որ ամեն հիգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքվող կրպակատերերին, թոշակառու օդաչուներին այս անգամ միացել էին սեւազգեստ մայրերը, որոնք եկել էին զինվորների նկարների պաստառներով` յուրաքանչյուրը մեկ զինվորի նկար ձեռքին պահած: Հավելենք, որ «Սեւազգեստ մայրեր»-ին միացել էին ՀԱԿ-ի ակտիվիստները, ինչպես նաեւ Վարդգես Գասպարին, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եւ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նիստի ավարտից հետո կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին տեսնելուց հետո բողոքավորները սկսեցին բղավել` «ամոթ, Սարգսյա՛ն, խուլիգա՛ն, խուլիգաննե՛ր»: Պարոն Սարգսյանը մի քանի վայրկյան կանգնեց ու շրջապատող մարդկանց ասաց, որ բանակի հարցն իրեն չի վերաբերում, եւ ինքը իրավասու չէ պատասխանել նրանց հարցերին, սակայն Գասպարին անդրդվելի էր եւ առանց դադարի բղավում էր «խուլիգա՛ն Սարգսյան»:
Ապա ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց սկսվեց, քանի որ Ալիկ Սարգսյանի «մարդիկ» հրելով ճանապարհ էին բացում, որ պարոնն անցնի: Հրմշտելով Ալիկ Սարգսյանին հասցրեցին իր մեքենայի մոտ, որտեղ ՀԱԿ ակտիվիստ Աստղիկը, զինվորի նկարը ձեռքին, բղավում էր` «խուլիգա՛ն»: Սարգսյանը կանգնեց ու ասաց. «Անունդ ի՞նչ է, հլը բացի` դեմքդ տենամ, դու ինձ ճանաչո՞ւմ ես, քո ասածն իմ հետ ի՞նչ կապ ունի: Ամոթը քեզ, իմացե՛ք` ում հետ ինչ եք խոսում, ես քո զինվորի հետ ի՞նչ կապ ունեմ» եւ անմիջապես հեռացավ:
 Որոշ ժամանակ հետո,  երբ սեւազգեստ մայրերը որոշեցին երթով գնալ Բաղրամյան 26, ոստիկանները մոտեցան ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ասացին, որ հրավիրում են ոստիկանության բաժին, վերջինս էլ պնդում էր` ոչ թե հրավիրել, այլ ձեռնաշղթաներով իրեն տանել:
 Երկար զրույցից հետո կրկին հրմշտոց եւ քաշքշուկ սկսվեց «Սեւազգեստ մայրեր»-ի, ոստիկանության եւ Վարդգես Գասպարիի միջեւ: Հանուն արդարության նշենք, որ մասնակիցների մեջ կային կանայք, որոնք շատ ագրեսիվ էին եւ ոստիկանությանը վեճի էին հրահրում: Արդյունքում ոստիկաններն ու ակցիայի մասնակիցները սկսեցին  միմյանց հրել, իսկ Վարդգես Գասպարին էլ, սովորության համաձայն, պառկեց գետնին: Նրան միացավ նաեւ Զարուհի Փոստանջյանը, սակայն ոստիկանները Գասպարիին քարշ տալով նստեցրին ոստիկանական մեքենան եւ տարան բաժին: Սեւազգեստ մայրերից տիկին Հասմիկը լացելով խնդրեց մյուսներին շարունակել ակցիան: Մասնակիցները ՀՀ հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Օպերայի տարածքով հասան նախագահի նստավայր: Ճանապարհին բոլորին ցույց էին տալիս զինվորների նկարները եւ հորդորում իրենց զավակներին բանակ չուղարկել: Անցորդները երկար ժամանակ «քարացած» կանգնում եւ լսում էին: Ի դեպ, նշենք, որ ԱԺ-ի մոտ հասնելով` ակցիայի մասնակիցները մի քանի րոպե մեջքով կանգնեցին, այնուհետեւ շարունակեցին իրենց ճանապարհը:
Արդեն նախագահի նստավայրի մոտ 70-80 ոստիկան էր սպասում ակցիայի մասնակիցներին,  ժամանել էին  նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) եւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը: Վերջիններս «մարտական» էին տրամադրված, քանի որ ամեն ինչ արեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները նստավայրի մայթում չհայտնվեն:
Նշենք, որ անգամ մի երիտասարդ աղջիկ, երբ փորձեց մայթն անցնել, չհասած՝  փողոցի մեջտեղը, ամբողջ ոստիկանությունը` անգամ Բազազը, բառիս բուն իմաստով վազելով եւ գոռալով հասան նրան եւ հետ շպրտեցին: Խեղճ աղջիկը   վախից արտասվում էր: Դրանից հետո Երեւանի փոխոստիկանապետը հրամայեց բարձրախոսով հայտարարել, որ եթե որեւէ մեկը կրկին փորձի կարգ խախտել,  բերման կենթարկեն:
Ծնողները մի քանի անգամ էլ փորձեցին անցնել նստավայրի մայթ, սակայն ոստիկանները «պատ» կազմեցին ու թույլ չտվեցին որեւէ տեղ շարժվել: Մոտ մեկ ժամ այդտեղ կանգնելուց հետո ակցիայի մասնակիցները հեռացան` քննարկելով, թե ինչ կերպ կարող են օգնել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս