ԱՄՆ-ն վիզաներ չի տրամադրել ՌԴ պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ԱՄՆ վիզա է խնդրել պատվիրակության այն 56 անդամների համար, որոնք երկիրը պետք է ներկայացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն դեռևս չի ստացել որևէ վիզա: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 20-ին, և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան և այլ դիվանագետներ պետք է մեկնեն Նյու Յորք։ ԱՄՆ Պետդեպարտամենտը բացատրել է, որ իրենք ժամանակ չունեն դիմումները մշակելու համար։

«Ռուսաստանի անհիմն գործողությունները Ռուսաստանի Դաշնությունում մեր դեսպանատան դեմ, ներառյալ տեղացի աշխատակիցների հարկադիր հեռացումը, լրջորեն սահմանափակել են մեր անձնակազմը և, հետևաբար, վիզաների մշակման մեր հնարավորությունները»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր բողոքն է հայտնել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նա ասել է, որ իրավիճակը «տագնապալի» է, քանի որ վերջին շրջանում Վաշինգտոնը «անընդհատ հրաժարվում է մուտքի վիզաներ տրամադրել» Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր ՄԱԿ-ի այլ միջոցառումների պատվիրակներ են։ Գուտերեշի գրասենյակը պատասխանել է, որ գլխավոր քարտուղարը սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ ռուսական պատվիրակության համար վիզաների հարցում։




Լրահոս