Դատարան է ուղարկվել գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ երկրորդ քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ն նշված պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, ի թիվս այլնի՝ նա պարտականություն է ունեցել նաև ներկայացնել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր: Մինչդեռ 2020 թ. հուլիսի 29-ին ազատվելով պաշտոնից՝ Վ. Գ.-ն սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020 թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:

Վերջինս հայտարարագիրը չի ներկայացրել նաև հետագայում Հանձնաժողովի կողմից համապատասխան ծանուցում ստանալուց հետո, ինչի արդյունքում 2021 թ. սեպտեմբերի 2-ին Հանձնաժողովը որոշել է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար Վ. Գ.-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Մինչդեռ վերջինս պատշաճ ծանուցված լինելով վարչական տույժի կիրառման մասին՝ դրանից հետո էլ սահմանված 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր:

Ելնելով քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներից՝ վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Վ. Գ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասին): Դրա հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ հոդվածով նրան առաջադրվել է մեղադրանք:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու:

Նշվում է, որ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից ի վեր սա նման հանցակազմով դատարան ուղարկված երկրորդ քրեական գործն է:




Լրահոս