Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր BA2, BA4 եւ BA5 տեսակներ են շրջանառվում, որոնք այսօր Առողջապահության Համաշխահային Կազմակերպության դասակարգմամբ համարվում են որպես անհանգստացնող տեսակներ: Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, նոր ախտանիշ է ավելացել, դա փորլուծությունն է, որը նախորդ շտամների դեպքում մենք չենք ունեցել:
Բացի փորլուծությունից, արձանագրվում է նաեւ մկանացավեր, որոնք բնորոշ են կորոնավիրուսին, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, փորլուծություն, իսկ երրորդ, չորրորդ եւ հինգերորդ օրերին ավելանում է քթահոսությունը, կատարալ երեւույթները, որոնք նախկինում ավելի շուտ էին ի հայտ գալիս:
Սակայն համաճարակաբանի խոսքով, քովիդի դեմ պատվաստված լինելը կանխում է հիվանդության ծանր ձեւը. հոսպիտալացումը եւ անբարեհաջող ելքերը:
Նշենք, որ օմիկրոն շտամն ունի ավելի արագ տարածվելու հավանականություն. մի հիվանդը կարող է 10 առողջ մարդու վարակել: Մասնագետը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ երեխաների շրջանում այս շտամն ավելի ինտենսիվ է շրջանառվում:
Ինչ անել, երբ նման ախտանիշեր կան հարցին, մասնագետը հորդորորեց ինքնամեկուսանալ եւ թեստավորվել: Չնայած հիվանդացության թվի աճին՝ համաճարակաբանն այս պահին անհրաժեշտ չի համարում լոքդաունի գնալ:
Բացի այս, ArmLur.am-ի հետ զրույցում Մերի Տեր-Ստեփանյանը հորդորեց մտածել խթանիչ դեղաչափի մասին, որովհետեւ մեր երկրում պատվաստումային ընդգրկվածությունը աշխարհի մաստշաբով ցածր է: Նրա խոսքով, մենք վերջին տեղերում ենք, իսկ մեր բնակչության ընդամենը 2.2 տոկոսն ունի խթանիչ դեղաչափով պատվաստում, եթե սա ավելացնենք, ապա մենք հաջորդիվ ալիքները ավելի թեթեւ կանցնենք:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան