Քննչական կոմիտեում ՀՀ ՔՕ 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 03-ին՝ ժամը 15։55-ին։ Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետեւանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է: Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է մեծածավալ քննչական եւ վարութային գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ։ Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ծավալուն հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է: