ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջեւ կատարել վերաբաշխում 3,366,667.8 հազար դրամ գումարի շրջանակներում, որից 1,133,879.9 հազար դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

 

Վերաբաշխումը կատարվում է կապիտալ ծրագրերի իրականացման համար: 2,232,787.9 հազար դրամ գումարի շրջանակում նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մարզական եւ մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը եւ նախագծումը, ինչպես նաեւ գույքային հագեցվածության բարելավումը: Արդյունքում կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային եւ մարզական հաստատությունների շենքային պայմանները եւ կապահովվեն գույքով: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 14,688.0 հազար դրամ գումար՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի եւ հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար: 330,901.7 հազար դրամ կհատկացվի մարզական հաստատությունները գույքով ապահովելու համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային կհատկացվի 600,540.5 հազար դրամ 2023թ.-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։

41,739.0 հազար դրամ կհատկացվի Էջմիածնի պետական քոլեջի տանիքի նորոգման համար, նախատեսվում է գումար հատկացնել նաեւ Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարանին եւ Դիլիջանի արվեստի պետական քոլեջին անհրաժեշտ գույքով ապահովման համար։ Որոշմամբ գումար է հատկացվում ՀՀ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայման եւ դրա տարածքների բարեկարգման համար կազմված գիտանախագծային փաստաթղթերի մշակման ծառայության դիմաց մնացորդային գումարի վճարման եւ ՆՆՓ-երի փորձաքննության համար։

43,600.0 հազար դրամ կհատկացվի մի շարք թանգարաններին եւ Հայաստանի ազգային պատկերասրահին համակարգչային տեխնիկայով ապահովման համար: 59,833.8 հազար դրամ կհատկացվի Հայաստանի ազգային գրադարանին վարչական մասնաշենքի ջեռուցման համակարգի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է նաեւ ձեռք բերել Հայստանի ազգային գրադարանի համար նոր սերվերային համակարգ:

Որոշմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն եւ Լենուղի բնակավայրերում «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկման համար։ ՀՀ 2022թ.-ի պետական բյուջեով հատկացվել է գումար նշյալ բնակավայրերում տիպային նախագծային փաստաթղթերի տեղակապման եւ փորձաքննության համար։ Ներկայումս փաստաթղթերի տեղակապման աշխատանքներն ավարտվել են, եւ փաստաթղթերը ստացել են պարզ քաղաքաշինական եւ պետական համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններ։ Մսուր-մանկապարտեզների կառուցման մեկնարկը նախատեսված էր 2023թ.-ին։ Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2022թ.-ին եւ այդ նպատակով յուրաքանչյուրի համար հատկացնել 80,023.2 հազար դրամ գումար։

Նախատեսվում է նաեւ գումար հատկացնել արտադպրոցական հաստատություններին համակարգչային տեխնիկայիով եւ «ՀԾ-Հաշվապահ» համակարգով ապահովման համար՝ ընդհանուր 26,940.0 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը հատկացվում է թվով 32 հաստատության համակարգիչ, տպիչ սարք եւ անխափան սնուցման սարք ձեռք բերելու համար: Գումար կհատկացվի Հայաստանի երգի պետական թատրոնին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, Հայաստանի էստրադային ջազ նվագախմբին անհրաժեշտ գույքով ապահովման համար: Գումար կհատկացվի Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի ցանկապատման, տարածքի բարեկարգման եւ գույքով ապահովման համար, Ռյա Թազայի Ա? Ավդալի անվան միջնակարգ դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրման, ինչպես նաեւ թվով 8 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների մեկնարկման համար (713,4 մլն ՀՀ դրամ)։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերակառուցվելու են Երեւանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92, թիվ 37, թիվ 136 հիմնական դպրոցների, Փշատավանի, Սարդարապատի միջնակարգ դպրոցների, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի եւ Լոռու մարզի Ալավերդու համար 12 հիմնական դպրոցի մարզադահլիճները: Անդրադառանալով դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ երկու օր առաջ այդ թեմայով աշխատանքային քննարկում է անցկացվել: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է մինչեւ 2026 թվականի համար ծրագրերով նախատեսված աշխատանքների պլանավորում ունենալը, ասենք՝ 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ քանի դպրոց եւ քանի մանկապարտեզ պետք է շահագործման հանձնված լինի 2023թ. սեպտեմբերի 1-ին եւ այդպես մինչեւ 2026թ. «Դա պետք է արվի, որպեսզի մեզ համար 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ունենալու ճանապարհային քարտեզը հստակ լինի: Մենք այսօրվանից եւ՛ բյուջետավորման, եւ՛ մնացած բաղադրիչներով համոզված պետք է լինենք, որ ճիշտ ժամանակացույցով են առաջ շարժվում»: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ ֆեդերացիաների հետ համագործակցությունը առկա խնդիրները նախօրոք լուծելու առումով:

 

 

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՐՑ

Կառավարության երեկվա նիստում վարչապետն անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին:

 

«Դուք գիտեք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում որոշում ենք կայացրել կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ: Մեր նպատակադրումն այս փուլում թոշակներն առնվազն 3 000 դրամով ավելացնելն էր, սակայն պարզվել է, որ թոշակառուների 97,5 տոկոսի թոշակն է սեպտեմբերի 1-ից բարձրանում առնվազն 3 000 դրամով, 6 400 թոշակառուի թոշակը գործող բանաձեւով բարձրանում է 2 500 դրամով, իսկ 5300-ինը՝ 1 900 դրամով: Մենք քննարկում ունեցանք եւ գտնում ենք, որ ճիշտ են այդ դիտարկումները, մանավանդ՝ մեր հայտարարությունների ֆոնին, եւ հարկ համարեցինք, որ 2500 եւ 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կայացնել, որպեսզի սեպտեմբերի 1-ից, ինչպես խոստացել էինք, բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասել է վարչապետը:

Ինչպես նշել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի, եւ օրենքով սահմանված հաշվարկման բանաձեւով նման թյուրընկալումների առիթ չհանդիսանա, քննարկումների արդյունքում որոշվել է նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու նախագիծ մշակել: Այն նախատեսվում է սահմանել 31 600 դրամ, որը կերաշխավորի բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակի առնվազն 3000 դրամով բարձրացումը:

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանն ուղղված կառավարության քայլերին, այդ թվում՝ անկանխիկ առեւտրի դեպքում կեսնաթոշակի 10 տոկոսի հետվճարի միջոցառմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2022թ. հուլիսի 19-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Վահե Հովսեփյանի դատավարությունը: Նրա դատավարության   դատական հաջորդ նիստը նշանակված է   հոկտեմբերի 5-ին։

Վ.  Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի հոկտեմբերի 17-ից մինչեւ  2020 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասում 1-ին մարտավարական խմբի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով հիշյալ զորամասի միանձնյա ղեկավարը, պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի մշտական, մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի մարտական խնդիրների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, ներքին կարգուկանոնի, սպառազինության, ֆինանսական ապահովման համար, իրականացնելով վարչատնտեսական, կազմակերպատնօրինչական լիազորություններ  եւ հանդիսանալով պետ, իր ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով բարձր պաշտոնատար անձ, Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Աշոտ Մելիքսեթյանի կողմից ՀՀ ՊՆ-ին նվիրաբերած «Ուազ» մակնիշի ավտոմեքենան 2020 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆԶ  եւ  ԶՀԾ Տավուշի թիվ 1 տարածքային ստորաբաժանումից առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման ստանալուց հետո, պարտավոր լինելով այն մուտքագրել նույն զորամասի հաշվեկշռում ու շահագործել բացառապես ՀՀ ՊՆ կարիքների համար, հիշյալ ավտոմեքենան ստանալու  օրվանից  տեւական ժամանակ չի մուտքագրել զորամասի հաշվեկշռում, այլ փոխարենը, շահադիտական եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անձնական օգտագործման «Բագի» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար որոշել է  հիշատակված նվիրաբերված ավտոմեքենան զորամասի տարածքից տեղափոխել իր ծանոթի հողատարածք, այն ապամոնտաժել, ապամոնտաժված ավտոպահեստամասերի մի մասը տեղադրել իրեն պատկանող «Բագի» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ մյուս պահեստամասերը՝ մաս-մաս վաճառել:

Վ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի  179 հոդվածի  2-րդ մասի  1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին սոտորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս