ԲՈՒՀԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրակրթության բնագավառում կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նոր տեխնոլոգիաների կիրառմանը: «Այսօր լայնորեն տարածվում է հեռավար ուսուցումը ամբողջ աշխարհում, եւ մենք պետք է ապահովենք նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, որպեսզի մեր երեխաները նաեւ նմանատիպ որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան»,- ասաց Փաշինյանը:

 

«Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: «Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին, եւ միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա հետեւանքով մենք, մի կողմից, ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաեւ այն պատճառով, որ, նախադպրոցական տարիքից սկսած, երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն եւ հեռանկար չի եղել այդ գյուղերում:

Ծնողները նախընտրում են գյուղերից հեռանալ նաեւ երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու համար: Վարչապետի կարծիքով՝ այժմ գյուղական բնակավայրերում բացվող մանկապարտեզները, դպրոցները Հայաստանի մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու:

Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրության է հրավիրում միջգյուղական կրթահամալիրների ծրագրի վրա: «Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկին անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար, եւ կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում: Մենք նոր շենքեր կկառուցենք, դրանք կհագեցնենք նոր գույքով, դեպի այդ համալիրները տանող նոր ճանապարհներ կկառուցենք, երեխաներին տեղափոխելու համար նոր ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ կգնենք եւ կապահովենք պատշաճ կրթություն ստանալու նրանց իրավունքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց նաեւ, որ գյուղական եւ քաղաքային բնակավայրերում բացվող եւ բացվելիք մանկապարտեզային, նախակրթարանի դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մանուկներին՝ նրանց բարեկեցիկ կյանքի հիմքը դնելով, այլեւ նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային եւ տնտեսական գործունեություն մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու, որն իր հերթին Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ քաղաքակակրթական զարգացման էական գործոն է դառնալու, եւ բազմաթիվ ընտանիքներ կրթության ու աշխատանքով հաղթահարելու են աղքատությունը: «Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի տաղանդի խրախուսման, տաղանդների փնտրտուքի բացահայտման ու պաշտպանության մեխանիզմների ձեւավորումը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում չեն գործում բուհական պատշաճ չափորոշիչներ, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն:

«Սրա հետեւանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթությամբ, երբեմն՝ երկու դիպլոմով, ի վիճակի չեն աշխատանք գտնել եւ մատնված են աղքատության»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց՝ այս իրավիճակը այլեւս հանդուրժելի չէ, որովհետեւ գոյություն ունի ապագայի հաշվին եւ ական է Հայաստանի ապագայի տակ: «Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Մինչեւ 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է:

«Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր են մնացել, ընդ որում՝ պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը, չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորի ցուցանիշներին: Այսինքն՝ ունենք պետական բուհեր, որտեղ պետությունը հատկացրել է տեղեր, եւ 90, 92, 94, 98 տոկոսով թափուր են մնացել»,- ընդգծեց Փաշինյանը:

«Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին՝ սկսած կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչեւ միջազգային կրթական ծրագրերը եւ որակավորված եւ պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը»,- եզրափակեց Փաշինյանը: Փաշինյանը նաեւ հավելեց, որ կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: «Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, եւ  միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ օտարերկրյա ուսանողների համար: Եվ  օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

ԾԻԾԱՂԵԼԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ

Հայաստանի կառավարությունը չի կարող հանդուրժել ուսուցիչներին եւ դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը եւ դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց է սկսել. կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ այդ գործընթացը պետք է զուգակցվի ուսուցիչների կամավոր ատեստավորմամբ:

«Ընդ որում՝ դա պետք է լինի շարունակական գործընթաց, եւ ատեստավորված ուսուցիչները հինգ տարին մեկ անգամ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պետք է ստանան: Այսինքն՝ ամեն հինգ տարին մեկ անգամ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել ու կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ, որովհետեւ ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում, փոխվում են գները, եւ ուսուցիչները նույնպես այդ աշխատավարձերը որակավորման վերահաստատմամբ պետք է բարձրացնելու հնարավորություն ունենան»,- ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերվում է մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներին, վարչապետը նշեց, որ նրանք այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենալու: «Այսինքն՝ ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»,- պարզաբանեց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ նույն գործընթացում պետք է ընդգրկվեն նաեւ մանկապարտեզների դաստիարակները:

 

 

 

ԿՀԱՆՎԵՆ ԱՃՈՒՐԴԻ

Պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա առաջիկայում կհանվի աճուրդի։ Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Նախնական ենթադրվում է, որ մոտ 200 մլն դրամ կարող է դրա արդյունքում բյուջե մտնել»,- ասաց Սանոսյանը։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ավտոմեքենաներն այն վիճակում են, որ կվաճառվեն, ինչին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն արձագանքեց.

«Համոզված եմ, որ կվաճառվեն. թե ինչ գնով, դա է հարցը: Գինն աճուրդային եղանակով հնարավոր կլինի այնքան իջեցնել, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք փաստացի մետաղի ջարդոն են, հնարավոր լինի օտարել»,- ասաց նա։

 




Լրահոս