ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նշվեց  Գիտելիքի միջազգային օրը: Հայաստանի Հանրապետության  դպրոցներում  հնչեց առաջին զանգը: Առաջին դասարանցիները սրտի թրթիռով առաջին անգամ դպրոց եկան՝ շփոթված, մի քիչ վախվորած, բայց մեծ ուրախությամբ: Այս հուզախառն տրամադրություններից  անմասն չեն մնացել նաեւ  հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:

 

ArmLur.am-ը առանձնացրել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք երեկ իրենց երեխաներին առաջին անգամ ճանապարհել են դպրոց:

Այս տարի առաջին քայլերն  է անում դեպի դպրոց երգչուհի Էմմի առաջին զավակը՝ Դանիելը: Այս առթիվ նա լուսանկարներ է հրապարակել եւ շնորհավորել որդուն:

Նշենք, որ երգչուհին ամուսնությունից հետո  մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Երեկ դպրոց է ճանապարհել նաեւ իր առաջնեկին հաղորդավարուհի, մոդել Լիլիթ Մուրադյանը:

«Անդրեան գնաց առաջին դասարան, արդեն մեծ աղջիկ է, ես էլ՝ մեծ կին, բոլորի ճուտիկների սեպտեմբերի 1-ը շնորհավոր. դուք միայն առո՛ղջ եղեք, մնացածը մենք կանենք»,-գրել է նա:

Օրվա առթիվ գեղեցիկ եւ խորաթափանց գրառում է կատարել նաեւ սցենարիստ Անի Մաղաքյանը. «…Արդեն հինգ տարի յուրաքանչյուր սեպտեմբերի մեկ ընտանեկան տոն է… Ինքնաճանաչման վերջին շրջանում պարզեցի ինձ համար, որ ամեն տարի անհամբեր սպասում եմ սեպտեմբերին՝ վստահ լինելով, որ հաջողություններ ու անակնկալներ են սպասվում, հետո հասկացա, որ մանկությունից եկած տպավորություններ են: Սեպտեմբերի համար նոր հագուստ էինք առնում, նոր պայուսակ ու իրեր. դա տարվա ամենասպասված ժամանակն էր… Մասնագիտական տերմիններով ասած` կյանքիս նոր եթերաշրջանն էր, որ տեւեց 16 տարի (դպրոց, համալսարան, մագիստրատուրա), եւ հիմա արդեն հինգ տարի է՝ յուրաքանչյուր սեպտեմբերի մեկին սկսում է նոր եթերաշրջան…»:

Իսկ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, շնորհավորելով եւ բարի երթ մաղթելով միջնեկ դստերը, որն առաջին դասարան է գնում, գրել է. «Աաաաա… հասանք. Սառան գնաց 1-ին դասարան: Ասե՞մ՝ ինչ եմ զգում: Չեմ կարող. սա նոր աշխարհ է, նոր փուլ է, նոր կյանք, որտեղ ամեն ինչ չափազանց ծանոթ է, բայց միշտ հուզիչ ու արտասովոր:

Շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին ու մեծիկներին: Ձագերին՝ հետաքրքիր ու բացահայտումներով լի տարի, իսկ ծնողներին՝ համբերություն»:

Առաջին քայլերն են դեպի դպրոց արել  նաեւ երգիչ Արամեի, Սիրուշոյի եւ Լիլուի երեխաները:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԹԵՄԱՆ՝ «50 ՏԱՐԻ՝ ՄԱՐՍԻ ՎՐԱ»

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր եւ Բրայան Մերի լուսանկարը՝ կից գրելով. «Անհամբեր եմ»։

 

Բրայան Մեյը եւ Սերժ Թանկյանը 2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը կներկայացնեն Queen-ի The Show Must Go On երգը Հայաստանում՝ STARMUS VI փառատոնում։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Մեյը հանդես կգա Another world համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու Sons of Apollo խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Նշենք նաեւ, որ փառատոնի երաժշտական մասում հատուկ հարգանքի տուրք է մատուցվելու դուդուկի հանգուցյալ վարպետ Ջիվան Գասպարյանին։

STARMUS VI փառատոնը ներկայացնում է լեգենդար տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, գիտության, տեխնիկայի, մշակույթի եւ արվեստի նշանավոր գործիչների շնորհանդեսները:

Փառատոնի յուրաքանչյուր թողարկում կազմակերպվում է տիեզերքի հետախուզման հետ կապված որոշակի թեմայի շուրջ, եւ այս տարվա թեման է «50 տարի՝ Մարսի վրա»:

 Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԱՍԱՍԵՆՅԱԿ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում բացվեցին  դպրոցի սիրելի շրջանավարտներ Համլետ Հովհաննիսյանի եւ Արման Խաչատրյանի անունով դասասենյակներ՝  վառ պահելով նրանց անունն ու գործը։ Նշենք, որ Համլետն ու Արմանը զոհվել են 44-օրյա պատերազմում՝  խորը վիշտ թողելով բոլորի սրտերում: Նրանց   ապրեցնելն ու նրանց անունն ու հիշատակը վառ պահելը յուրաքանչյուրիս պարտքն է։

ArmLur.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լիանա Մուրադյանն ասաց, որ այն դասասենյակները, որտեղ Համլետն ու Արմանն են սովորել, կոգեշնչեն աշակերտներին` լինելու հայրենատեր եւ ազգային արժեքներն իրենց մեջ կրող քաղաքացիներ: Զրուցեցինք  նաեւ նահատակված հերոսների ծնողների հետ, որոնք շատ հուզված, բայց հպարտ էին  իրենց զավակներով:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԻ

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Զախարյանի տեղափոխություն չի կայանա անգլիական ակումբ Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: «Ազնվականները» պատրաստ են վճարելու Մոսկվայի «Դինամո»-ի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հրաժարագինը, որը կազմում է 15 միլիոն եվրո:

 

 

 

79-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Իտալական Լիդո կղզում բացվել է ամենահին միջազգային կինոստուգատեսը՝ Վենետիկի 79-րդ կինոփառատոնը։ Այս տարի ցուցադրությունների մեկնարկը տրվել է ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Սպիտակ աղմուկ» ֆիլմով, որը նկարահանված է Դոն ԴեԼիլոյի վեպի հիման վրա։ Վերոնշյալ ֆիլմից բացի, մրցույթային ծրագրում ընդգրկված են 22 ֆիլմեր, ինչը նշանակում է, որ ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրի գլխավորած ժյուրին լուրջ անելիքներ ունի, ինչը կավարտվի սեպտեմբերի 10-ին՝ «Ոսկե առյուծի» եւ այլ մրցանակների հանձնմամբ: Փառատոնի բացման օրը արդեն իսկ մրցանակ է հանձնվել. փայլուն կարիերայի համար  պատվավոր «Ոսկե առյուծի» է արժանացել Կատրին Դենեովը:

Լավագույն ֆիլմ անվանակարգում նոմինացվել են ճապոնացի ռեժիսոր Կոջի Ֆուկադայի «Անձնական կյանք», մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բարդո», ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասի «Աթենա» եւ ռեժիսոր Ջոանա Հոգգի եւ Թիլդա Սուինթոնի համատեղ աշխատանք «Հավերժական դուստրը» ֆիլմերը: Լավագույն գլխավոր դերի անվանակարգում նոմինացվել են իրանցի ռեժիսոր Վահիդ Ջալիլվանդի «Պատից այն կողմ», Սանտիյագո Միտրեսի «Արգենտինա. 1985», իտալացի ռեժիսոր Սուսաննա Նիկիարելիի «Կիարա», Անդրեա Պալաորոյի «Մոնիկա», Լաուրա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը», Ֆրեդերիկ Ուայսմանի «Զույգ», Ռոշդի Զեմի «Կապից դուրս» եւ Ռեբեկա Զլոտովսկու «Ուրիշների երեխաները» ֆիլմերը:

 

 

 




Լրահոս